Քանի դեռ իրավապահ համակարգում նույն մարդիկ են՝ նույն մտածելակերպով, ոչինչ չի փոխվի

Հարցազրույց իրավաբանական գիտությունների դոկտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Փաստաբանների պալատի առաջին ու կարճաժամկետ նախագահ Ենոք Ազարյանի հետ։

- Պարոն Ազարյան, Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը հետեւանք էր նաեւ դատական իշխանության հանդեպ անվստահության, արդարադատության պակասի։ Դատական համակարգում Դուք որեւէ փոփոխություն նկատո՞ւմ եք։

-Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում մարդ, ով գործ է ունեցել դատական համակարգի հետ, չի զգացել էդ վստահության դեֆիցիտը։ Հետեւապես, էսօր, իհարկե, իշխանությունների համար էլ դա խնդիր է, որովհետեւ մի կողմից դատական իշխանությունը տարանջատված է, եւ իշխանություններն են տարանջատված իրարից, բայց, ամեն դեպքում, ինչ-որ լուծում պիտի գտնվի, որ անդրադառնա էդ համակարգի վրա։ Մեր տնտեսական զարգացումը, բարօրությունը կախված է հենց դատական համակարգից։ Յուրաքանչյուր ներդրող, յուրաքանչյուր մարդ, ով ապրում է մեր երկրում եւ որոշակի պլաններ ունի բիզնեսի հետ կապված, ինքը պիտի երաշխիքներ ունենա, որ դատական իշխանությունն անկախ է։

- Հիմա Դուք այդ երաշխիքներն զգո՞ւմ եք, որ դատական իշխանությունն անկախ է։ «Հին Հայաստանում» ասում էին, որ դատական իշխանությունը կախում ունի մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի նկարից, այսօր էլ ասում են՝ կախում ունի Նիկոլ Փաշինյանի ելույթներից։

-Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ինչքան էլ ասենք՝ դատական համակարգն անկախ է կամ կանկախանա, ամեն դեպքում, մարդիկ, որոնք երկար տարիներ աշխատել են, մենք չմոռանանք սուբյեկտիվ գործոնը, հասուն մարդիկ են, շատ դժվար է հասուն, կայացած մարդուն, եթե որոշակի կարծրացած մոտեցումներ ունի, միանգամից վերափոխել։ Հիմա տեսեք․ մի դեպքում տարբեր ժամանակահատվածում նույն դատավորներից շատերը տարբեր իշխանության ներկայացուցիչների են դատապարտել…

Օրինակ՝ նույն դատավորը, ով երկու-երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու որոշում էր կայացրել, իշխանափոխությունից հետո նրան ազատ է արձակում եւ սկսում է կալանավորման որոշումներ կայացնել արդեն հին իշխանության դեմքերի նկատմամբ։ Սա դատական իշխանության անկախությա՞ն մասին է վկայում, թե՞ ճիշտ հակառակը։

Ճիշտ հակառակը, քանի որ մարդը, որն ունի իր դիրքորոշումը, այսինքն՝ սկզբունքորեն ինքն անկախ չէ, չի զգացել էդ խորհրդակցական սենյակի անկախությունը եւ բավարար գիտելիքների հետ կապված խնդիրներ է ունեցել ու միշտ մտածել է, թե քամին որտեղից կփչի, որ կողմնորոշվի, հիմա շատ դժվար է էդ մարդուն միանգամից վերափոխել։

- Այսինքն՝ մեր դատավորները հակո՞ւմ ունեն իշխանություններից կախում ունենալու։

-Այո։ Տեսեք, խնդիրը ոչ միայն դատական համակարգին է վերաբերում, մենք որպեսզի դուրս գանք էս իրավիճակից, պիտի մեր մտածելակերպը փոխենք։ Մարդիկ են, որոնք ունեն նաեւ սուբյեկտիվ պատկերացումներ եւ ձեւավորվել են մի իրականության մեջ 20-25 տարի, միանգամից էս մարդու մտածելակերպը փոխել՝ սա շատ լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում։

- Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սկսվեցին իրավապահ մարմինների կողմից հին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գործողությունները։ Դա ոմանք համարում են քաղաքական վենդետա, որոշ իրավաբաններ էլ իրավաչափության խնդիր են տեսնում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, ՊԵԿ-ի գործողություններում։ Սա ինչպե՞ս կգնահատեք։

-Եթե մենք դիտարկում ենք, օրինակ, նույն գրավ կիրառելու պրակտիկան, մենք տեսնում ենք, որ մի դեպքում նույն կարգի հանցագործության դեպքում մեկի նկատմամբ գրավ կիրառվում է, մեկ ուրիշի դեպքում չի կիրառվում։ Մենք տեսնում ենք, որ այստեղ օբյեկտիվության պակաս կա։ Իմ գիտական ղեկավարը՝ հանրահայտ Վլադիմիր Նիկոլաեւիչ Կուդրյավցեւը, երբ 2003 թվականին ինձ գիրք էր նվիրում՝ «Քաղաքական արդարադատությունը՝ խորհրդային պետությունում», մակագրեց․ «Ցանկանում եմ քեզ զերծ մնալ այստեղ նկարագրվածից»։ Ասաց, որ ինքը գիտի, թե ես ինչ երկրում եմ ապրում, եւ տենդենցը տեսնում է ավելի շատ բռնատիրական ժամանակների, ու մեզ որոշակի ժամանակ է պետք էդ ամեն ինչը վերափոխելու համար։ Այո, կա անվստահություն դատական համակարգի հանդեպ, դա շատ առարկայական է, եւ կարող է միշտ տպավորություն ստեղծվել քաղաքական արդարադատության, որովհետեւ էդ վստահությունը չկա։ Կարծում եմ՝ պիտի նաեւ կադրային փոփոխություններ լինեն, այս համակարգ պետք է գան մարդիկ, որոնք ունեն նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ։

- Կադրային փոփոխություններ եղան որոշ կառույցներում՝ ԱԱԾ, Քննչական կոմիտե, ՀՔԾ, թեեւ դատախազը մնաց նույնը, ԲԴԽ նախագահն էլ հին իշխանություններին երկար տարիներ ծառայած Գագիկ Հարությունյանն է, ՍԴ նախագահը՝ այս սահմանադրական խառնաշփոթի «կնքահայր» Հրայր Թովմասյանը։

-Ինձ համար ամենակարեւորը դատական իշխանությունն է, ի վերջո, բոլոր հարցերը կոնկրետանում են դատական համակարգում։ Եթե անգամ նախաքննության, հետաքննության ընթացքում սխալներ են թույլ տալիս, դա դեռ արդարադատություն չէ։ Եվ արդարադատությունը, որ մենք վերջնական գնահատական տանք եւ խուսափենք քաղաքական արդարադատությունից, պիտի ունենանք նոր դատական համակարգ՝ նոր մտածելակերպով, նոր մոտեցումներով, չեմ կարծում, որ հիմա կարող ենք խոսել արդարադատությունից։

- Իսկ կարո՞ղ ենք ասել, որ առաջինը պետք է սկսեին Գագիկ Հարությունյանից եւ Հրայր Թովմասյանից։

-Ես անձերի հետ չեմ ուզում կապել, ես ասում եմ՝ ամբողջությամբ վերափոխենք, քանի որ անձերը կարեւոր են իրենց մտածելակերպով։

- Ինչպե՞ս փոխենք, օրինակ, 70 տարեկան մարդու մտածելակերպը, ով տարիներ շարունակ մեկ մարդու է ծառայել։

-Մենք խոսում ենք կադրային փոփոխությունների մասին, ես չեմ կարծում, որ Հայաստանում պակաս զարգացած եւ փորձառու իրավաբաններ կան։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X