Հեռանկարի ընտրության առաջ

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները պնդեն, որ Հայաստանում իշխանափոխության հարցում արտաքին միջամտություն չի եղել, միեւնույն է, տպավորություն կա, որ Հայաստանը մնացել է «արաբական գարունների» մամլիչի տակ: Ժողովրդավարանում ենք, հասկանում ես, սովորում ենք ապրել ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ մյուս առաջավոր երկրներում:

Արաբական երկրներում դա տեղի ունեցավ ծեծով-ջարդով, մեզ մոտ` իշխանությունն անմիջապես հրաժարական տվեց՝ խուսափելով կոպիտ միջամտությունից: Հայաստանը, լինելով միատարր երկիր, խուսափեց շատ ավելի մեծ դժբախտություններից, որոնցով անցան Եգիպտոսը, Լիբիան, Ալժիրը, Թունիսը, Իրաքը, Սիրիան եւ, վերջապես՝ Ուկրաինան: Մեզ մոտ հնարավոր չէր խաղարկել կրոնական եւ ազգային հակասությունների թեման, հրահրել միջկուսակցական ընդհարումներ, իրար դեմ հանել հասարակության տարբեր շերտերի: Այդ իսկ պատճառով մեր հեղափոխությունն ավելի շուտ հակակոռուպցիոն պայքարի դրսեւորում է, քան հեղափոխություն այդ բառի իսկական իմաստով: Մեծ հաշվով Հայաստանում շատ բան չի փոխվել` տնտեսակարգը մնացել է նույնը, արտաքին քաղաքականությունը՝ նույնը, ներքին քաղաքականությունը, առանձին դրվագներ չհաշված, մնացել է նույնը: Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո Հայաստանում ծավալված որոշ «անցանկալի» ժողովրդավարական գործընթացներին, ապա դրանք, մեր կարծիքով, արեւմտյան չիրականացված երազանքներ են, որոնք միառժամանակ իրենց մասին զգացնել տալուց հետո կփարատվեն եւ կմոռացվեն, որքան էլ արեւմտյան էմիսարներ Արսինե Խանջյանն ու Սերժ Թանկյանը փորձեն Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում բանեցնել եւ առաջ տանել սեռական փոքրամասնությունների «իրավունքների» օրինականացման գործը:

Որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ Հայ առաքելական եկեղեցին մի գեղեցիկ օր նույնասեռական պսակադրություն կկատարի Էջմիածնի Մայր տաճարում: Սա աբսուրդ է, եւ եթե նույնիսկ մի կաթողիկոս գնա նման քայլի, նրան ողջ ազգը կնզովի եւ ցած կնետի ամենաբարձր ժայռից: Պատկերացրեք` մի գեղեցիկ օր իմանում եք, որ ձեր երեխայի նկարչության դասատուն գեյ է: Ի՞նչ կկատարվի այդ դպրոցի տնօրենի եւ ԿԳ նախարարի հետ:

Նորմալ հեղափոխություններից հետո, սովորաբար, առաջին պլան են գալիս կուտակված սոցիալական խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում: Մեզ մոտ դա չկա: Համատարած էյֆորիան թույլ չի տալիս տեսնել այդ խնդիրները: Փոխարենը պայքար է սկսվել հայրապետի դեմ: Սա, անշուշտ, կասկածի տակ է դնում «հեղափոխության անարատության» մասին տեսակետը: Ի վերջո հասկանալի է, որ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման թիրախն ամենեւին էլ Գարեգին Բ-ն չէ, այլ Հայ առաքելական եկեղեցին, որի հիմքերին այսօր հասցվող հարվածները, միով բանիվ, նպաստում են արեւմտյան տարատեսակ կրոնական հոսանքների ներթափանցմանն ու տարածմանը: Կարող եք հաջորդաբար լսել շարժման օրերի «Հայեր ջան, դուխով» երգն ու «Կյանքի խոսք» եկեղեցու հավաքներին հնչող որեւէ երգեցողություն: Դրանք գրեթե նույնն են, նույն գործիքավորմամբ, երաժշտական շատ նման ելեւէջումներով ու տակտով: Չենք կարող բացառել, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խորամուխ չի եղել այս նրբությունների մեջ, իր հետ քայլողների մեջ չի կարողացել ճանաչել «պայքարող աղանդավորներին ու այլասերվածներին», որոնցից ոմանք նույնիսկ քաջություն ունեցան բացահայտվել պաշտոններ ստանձնելուց հետո:

Փաշինյանը, բոլորս դա տեսանք, Բրյուսելում հասցրեց հիասթափվել ԵՄ ժլատությունից: Փող չեն տալիս կամ տալիս են այնքան, որ կարողանան իրենց ֆինանսական կենտրոններին համոզել, թե շարունակում են Հայաստանի հետ աշխատանքը: Սվիտալսկին ուրիշ ի՞նչ է ուզում, որ մենք անենք, որպեսզի հավատա բարեփոխումների մեր կուրսին: Արեւելյան գործընկերության ո՞ր երկրներում են ավելի շատ խորքային բարեփոխումներ արել, քան Հայաստանում: Եթե փող չտալու պատճառը միայն այն է, որ չենք օրինականացրել միասեռական ամուսնությունները, ապա թող այդ մասին բարձրաձայն ասեն, որ մենք էլ բարձրաձայն պատասխանենք, այլապես եկեղեցու եւ ազգային ու ընտանեկան արժեքների դեմ այս շարժումներն Արեւմուտքի հետ համագործակցության դուռ բացելու փոխարեն պառակտումների եւ անվստահության դռներ են միայն բացում:

Տեղի ունեցած իշխանափոխությունը ծառայեցնենք Հայաստանին ու հայ ժողովրդին: Շարժման պտուղները չընծայենք օտարին, մեծ ձեռքբերումը, որ մեզ մոտ էլ վերջապես իշխանափոխությունը հնարավոր է դարձել, չփոխանակենք արեւմտյան արտադրության գույնզգույն ֆանտիկների հետ: Սա է մեր խնդիրն այսօր: Կկարողանա՞նք լուծել, լավ, չե՞նք կարողանա, ուրեմն մի գեղեցիկ օր սիրո եւ համերաշխության հեղափոխությունը կավարտվի, եւ կսկսվի բռնությունների ու ռեւանշի հեղափոխությունը: Այլ հեռանկար պարզապես չկա:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X