Քոչարյանը սկսել է պաշտպանվել

Ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին սպասվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով վերսկսված քննության շրջանակներում։ Ռոբերտ Քոչարյանը վկայի կարգավիճակ ունի։ Մինչ հանրությունը սպասում է պատմական այս իրադարձությանը, երիտասարդ իրավաբաններից բաղկացած Gpartners կազմակերպությունը, որը Ռոբերտ Քոչարյանի թեւի տակ աճեցված եւ նրան սպասարկող ընկերություններից է, հարցաքննությանն ընդառաջ երկրորդ նախագահին աջակցելու տարբերակ է գտել։ Կազմակերպությունն օրերս տեղեկացրեց, որ արտակարգ դրություն հայտարարելու եւ բանակն արտակարգ դրության պայմաններում օգտագործելու` ՀՀ նախագահի լիազորությունների հետ կապված հարցերի շուրջ հետազոտություն է կատարել։ Դրա արդյունքները, անունը դնելով «իրավաբանական դիրքորոշում», գրասենյակն օրերս հրապարակել է։

Դրանք, ինչպեսեւ սպասվում է, լիովին հօգուտ իրենց վստահորդի են։ Քոչարյանական իրավաբանները պնդում են այն, ինչ Մարտի 1-ից հետո ամեն կերպ հանրության գլուխն էր մտցնում Ռոբերտ Քոչարյանը, որը մեկ օրում ամենաատելի անձը դարձավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասի համար՝ որ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ Քոչարյանի որոշումը համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրությանը, որ «արտակարգ դրությունը՝ թե՛ ընթացակարգային, թե՛ իրավական հետեւանքների առումով, համապատասխանել է ներպետական գործող օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին», որ «ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը», եւ քանի որ «անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային եւ ներառում է պետության անվտանգության ապահովումն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը», ապա բանակի ներգրավումը նույնպես օրինաչափ է եղել։

Այս հարցերի շուրջ բավականաչափ հակառակ դիրքորոշումներ են հնչել Մարտի 1-ի դեպքերով ստեղծված փաստահավաք խմբի անդամների կողմից։ Թողնելով դրանք ՀՔԾ-ին՝ մենք երիտասարդ անգլախոս իրավաբաններից հետաքրքրվեցինք, թե արդյոք «իրավական դիրքորոշման» արտահայտումը նշանակո՞ւմ է, որ իրենք են պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին։ Ընկերության ղեկավար Սարգիս Գրիգորյանը պատասխանեց, որ ներգրավված չէ Քոչարյանի պաշտպանությանը։ «Դեռ ոչ մեկին չենք պաշտպանում։ Մենք այդ իրավական դիրքորոշումը տվել ենք որպես անկախ փորձաքննական եզրակացություն՝ որոշ իրավական խնդիրների, մասնավորապես՝ հրամանագրի դիրքորոշումների հետ կապված»։ Ի՞նչ առնչություն ունեք դուք այս գործին։ Դո՞ւք եք պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին։ «Չեմ կարող դեռ ասել։ Որքան գիտեմ, դեռ պաշտպանելու-չպաշտպանելու խնդիր չկա։ Նրան կանչում են որպես վկա, իսկ վկան չի նշանակում կասկածյալ կամ մեղադրյալ»։ Բայց վկան կարող է փաստաբան ունենալ։ «Հա, կարող է, բայց ես չեմ կարծում, որ նա պաշտպանության կարիք ունենա՝ որպես վկա», - ասաց երիտասարդ իրավաբանը, ինչն ավելի շուտ նշանակում էր, որ Քոչարյանը սկսել է պաշտպանվել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X