Անանյանը խոստովանում է, որ սխալվել է

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն օրեր առաջ իր հրավիրած ասուլիսում բացառիկ քայլ կատարեց՝ հրապարակեց անուններ, որոնց պատկանող օբյեկտներում իրենք ստուգումներ են իրականացրել եւ խախտումներ հայտնաբերել։ Այս դեպքում խոսքը գազալցակայանների մասին է։ Անանյանն այդ օրը հիշելով (ցանկն ուներ, բայց մոռացել էր հետը բերել)՝ տվեց մի քանի հայտնի անձանց անուններ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյան, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյան, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան։ Նկատենք, որ նախկինում ՊԵԿ նախագահները, այդ թվում՝ Անանյանից առաջ պաշտոնավարած Վարդան Հարությունյանը, մշտապես հրաժարվել են անուններ հրապարակելուց՝ բավարարվելով միայն տնտեսվարող սուբյեկտի՝ ընկերության անունը նշելով: Դրանից հետո մամուլն արդեն ինքն էր պարզել, թե որ ընկերությունն ում է պատկանում։ Սա գուցե մամուլի ու հասարակության համար առաջին հայացքից այդքան էլ լավ չէր՝ դե, անուններ հնչեցնելը շատ ավելի հնչեղ ու համարձակ քայլ է դիտվում, բայց, մյուս կողմից՝ անուն տալը նաեւ իր մեջ որոշակի իրավական եւ բարոյական, էթիկական ռիսկեր է պարունակում։

Նախ բոլորս գիտենք, որ այսօր շատ քիչ ընկերություններ են, որ «թղթով» պատկանում են կամ գրանցված են հենց այն անձանց անուններով, ում դե ֆակտո պատկանում են։ Եվ անուն տալու դեպքում տվյալ անձինք կարող են էլի «թղթերով» հակառակն ապացուցել, եւ դու հայտնվես անհարմար վիճակում։ Մյուս կողմից՝ անուն տա, էն էլ ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակում, կնշանակի անձնավորված պայքար եւ միտում այս կամ այն գործարար պաշտոնյայի, պատգամավորի, քաղաքական գործչի դեմ։ Անանյանն այդ օրը խոստացել էր, որ իրենց լրատվականն ավելի ուշ կհրապարակի անունների ամբողջական ցանկը։ Բայց, թերեւս հենց վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, գուցե՝ կողքից խելացի մարդկանց դիտողությունները, ՊԵԿ լրատվականը հաջորդ օրը հանդես եկավ ոչ թե անունների ամբողջական ցանկի հրապարակմամբ, այլ դրա վերաբերյալ պարզաբանմամբ, որտեղ ասվում էր, որ «տվյալ ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա, հետեւաբար, նման տեղեկատվությունը, առկայության պարագայում, կտրամադրվի քրեական գործի քննության համապատասխան փուլում»։ Փաստորեն ուշացումով, բայց ՊԵԿ-ում էլ են գլխի ընկել այն, ինչի մասին մենք վերեւում նշել ենք։

Հետեւաբար, մեզ մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շտապեց նման հայտարարություն անել, որը կարելի է գնահատել որպես պոպուլիստական՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը նման «հերոսությունները» ծափերով է ընդունում։

«Ազնվաբար ասում եմ՝ սխալվեցի, որովհետեւ քննչական գործողությունների արդյունքում պետք է պարզվեն: Քննչական գործողությունների նպատակն այն է, թե տվյալ բաժնետերն իր գործողություններով կամ անգործությամբ նպաստե՞լ է այդ իրավիճակին, թե՞ ոչ»,- երեկ մեզ հետ զրույցում անկեղծորեն խոստովանեց Անանյանը։

Հարցրինք նրան՝ ո՞ւմ նախաձեռնությունն էր, ամեն դեպքում, նման հայտարարությամբ հանդես գալը։ Պարզվեց՝ իր։

- Մի տեսակ պոպուլիստական քայլ կարելի է դիտարկել սա, քանզի նախկինում ՊԵԿ նախագահները մշտապես խուսափել են անուններ տալուց…

-Համարեք, որ իրենք ավելի ճիշտ են եղել, ես՝ ավելի սխալ։

- Ամեն դեպքում, Ձեր հրապարակած անունները ստո՞ւյգ էին։

-Իմ հրապարակած անուններն իմ տեղեկանքի մեջ կային, բայց դրանք ինչքանով են իրականությանը համապատասխանում, դա քննչական գործողությունների շրջանակներում պարզման պրոցեսում է։

- Իսկ Դուք որտեղի՞ց գիտեիք՝ դրանք իրականությանը համապատասխանո՞ւմ էին, թե՞ ոչ, որ հնչեցրիք այդ անունները։

-Ինձ ներկայացրած տեղեկանքում հավանական բաժնետերերի սյունակում էդ անձանց անուններն էին գրված, ես դրանք ուղղակի հիշողությամբ ասացի։ Եվ, այո, ազնվաբար ասում եմ՝ երեւի թե սխալվեցի, որովհետեւ քննչական գործողությունների շրջանակներում դրանք դեռ պետք է պարզվեն։

- Իսկ վերջում որ պարզվեն, կհրապարակե՞ք էլի այդ անունները։

-Բնականաբար, եթե դա լինի քննչական գործողությունների հիմնական նշանակետը։ Չէ՞ որ դրա նպատակն այդ անունները պարզելը չէ, քննչական գործողությունների նպատակն այն է, թե տվյալ բաժնետերն իր գործողություններով կամ անգործությամբ նպաստե՞լ է էդ իրավիճակին, թե՞ չէ։ Եթե նպաստած չլինի, մենք ինչի՞ պիտի երկրորդ պոպուլիստականն անենք։

- Հիմա Վարդան Հարությունյանի մասով ճշտվա՞ծ էր՝ տվյալ գազալցակայանն իրե՞ն էր պատկանում, թե՞ ոչ։

-Ճշտվում է։ Եթե իրավական առումով ասեմ, ինքը՝ իրավական առումով որպես բաժնետեր, նշված չէ։ Այսինքն՝ բաժնետերերի ռեեստրում Վարդան Հարությունյանի անունը նշված չէ։ Բայց մենք կարծում ենք, որ կապ կա։

- Իսկ իր հետ կապի դուրս եկե՞լ եք որեւէ հարցով, խորհրդակցություն, քննարկում այս հարցով։

-Էս հարցով՝ չէ։ Էն հարցերով, որը որ հարմար եմ գտնում, այո, զանգում եմ ես, որովհետեւ նախկինում էլ ենք մենք ճանաչել իրար։

- Չի՞ նեղանա Ձեզնից՝ զուտ էթիկայից ելնելով, որ ՊԵԿ ներկա նախագահը նախկինի անունն է տալիս նման կոնտեքստում։

-Դե, կարող է նեղանա, եւ կարող է․․․ ասենք, ես էդքան էլ լավ բան չեմ արել իր տեսանկյունից, բայց դա չէ կարեւորը։ Կարեւորն էս մանր հարցերը չեն, էլի։

- Իսկ ինքն այստե՞ղ է, երկրո՞ւմ է։

-Կարծում եմ, որ այո, որովհետեւ ես զանգահարում եմ, ինքը վերցնում է հեռախոսը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X