«Շիրակ»-ը կվերադառնա. ակումբը համոզված է՝ ՀՖՖ նախագահ է ընտրվելու Վանեցյանը

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ իրենց պահանջը կատարվեց: ««Շիրակը» ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով, այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին ապօրինություն է։ ՀՖՖ հեռացրեց «Շիրակին» անդամությունից, իսկ որպես ՀՖՖ անդամ քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարհում ոչ ոք տեղյակ չէ։ Լիովին կիսում ենք «Փյունիկի» և «Արարատի» տեսանկյունները, որ առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ»,- օրեր առաջ հայտարարել էր ակումբի մամուլի ծառայությունը ։

Այսօր արդեն մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսից կմասնակցեն բարձրագույն խմբի առաջնությանը, քանի որ ՀՖՖ –ում մոտ ապագայում տեղի է ունենալու ամբողջ աշխատակազմի փոփոխություն։ «Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին՝ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն»,-նշում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պատկանում է պատգամավոր Արման Սահակյանին: Ակումբի շուրջ սկանդալ ստեղծվեց դեռ ամիսներ առաջ: ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել «Շիրակ» ՖԱ-ն տուգանել և զրկել 12 միավորից, իսկ թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ զրկել ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելուց: Ըստ ՀՖՖ կարգապահական կոմիտեի արձանագրության՝ Արարատ Հարությունյանը պայմանավորված խաղի կազմակերպման առաջարկ է արել «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյին։ Համաձայն Էդվարդ Կպոդոյի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները:

Նշենք, որ «Շիրակը» բողոքարկել էր որոշումը: Երևան քաղաքի ընդհանուր Իրավասության դատարանը որոշում էր կայացրել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք չունի նվազեցնելու «Շիրակ» ակումբի միավորները եւ ի կատար ածելու Կարգապահական կոմիտեի որոշումը: Ավելին՝ «Շիրակ» -ի երկրպագուները փակեցին Գյումրի -Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։ Այսօր արդեն լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուն՝ ասելով, որ կարճ հանդիպում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Վանեցյանը չի թաքցրել, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը, ինչպես նաև կոչ է արել բոլոր ակումբներին, որոնք մտածում են Հայաստանի գալիք առաջնությանը չմնասնակցելու մասին, փոխել իրենց դիրքորոշումը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X