Ռոբերտ Աբաջյանին պետք է դարձնել սիմվոլ նոր սերնդի համար․ Ռուբեն Գևորգյան

Գեներալ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո «Երկրապահ կամավորականների միության» սեպտեմբերին նախատեսված համագումարը խոստանում է անցնել թեժ մթնոլորտում։ Երկրապահ-ազատամարտիկների մի ստվար հատված ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին։ Կան սպասելիքներ, որ Արամ Սարգսյանը կհամախմբի քաղաքական հայացքների պատճառով տարբեր ճամբարներում հայտնված, տարբեր հավակնություններ ունեցող երկրապահներին մի տանիքի տակ։ «Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի պատրաստվում միանալ ԵԿՄ-ին, բայց եթե Արամ Սարգսյանն ընտրվի ԵԿՄ նախագահ, ապա սերտ համագործակցելու է այդ կառույցի հետ։ «Եթե մինչեւ հիմա մենք ԵԿՄ-ի շենքի կողքով չէինք անցնում, ապա հիմա բացեիբաց հայտարարել եմ, որ բացահայտ կհամագործակցենք»,- ասաց Ռուբեն Գեւորգյանը։

-Իսկ ինչո՞ւ չեք ուզում միանալ ԵԿՄ-ին։

-Ես արդեն հինգ-վեց տարի ունեմ իմ մշակած ռազմավարությունը, հազար ձեւի բան եմ արել, այդ կազմակերպության մեջ իմ անձնական ներդրումն եմ արել, պետությունից ոչ մի կոպեկ չեմ օգտվել։ Ամեն տարի ես երկու-երեք անգամ գտնվում եմ Լեռնային Ղարաբաղում կամ Տավուշի մարզում, դիրքերում։ Ես քառօրյա պատերազմին եմ ակտիվ մասնակցել։ Եթե ես առանձին եմ գործել, ապա ինչո՞ւ հիմա միանամ այն կառույցին, որը գործում է պետական հովանավորության ներքո։ Ես միայն գործում եմ նույն գերագույն գլխավոր հրամանատարի եւ պաշտպանության նախարարության հրամանատարության հովանու ներքո։ Այդքանով մենք տարբեր մարդիկ չենք, գործում ենք նույն հրամանատարության ներքո։ Բայց ԵԿՄ-ն ունի ուրիշ ռազմավարություն, մենք՝ ուրիշ։ Տեսեք, ԵԿՄ-ն ցնցումներ ապրեց, կան տարաձայնություններ։ Մարդիկ կան, որ ուզում են ԵԿՄ նախագահ դառնալ, մեկ ուրիշն ուզում է նախագահի տեղակալ դառնալ։ Բայց «Երդվյալ ազատամարտիկների միություն»-ում հավաքված են նույն տեսակի տղաներ, տարաձայնություն չի կարող լինել։ Երբ սեպտեմբերին լինի ԵԿՄ-ի համագումարը, մեկ շաբաթ հետո էլ մենք կհրավիրենք համագումար, եւ ես իմ հայտարարությամբ կասեմ, թե ոնց ենք համագործակցելու։

-Հեռանկարում ինչպե՞ս եք տեսնում ԵԿՄ-ի դերը, ի՞նչ առաքելություն ունի այդ կառույցը։

-ԵԿՄ-ն չի պառակտվել, այն քաղաքական կուսակցություն չէ, միավոր չէ։ ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է։ Այնտեղ տարաձայնությունները պայմանավորված են եղել նախկին նախագահի կողմից իրականացվող քաղաքականությամբ։ Ազատամարտիկները դեմ էին գեներալ Մանվելի քաղաքականությանը։ Նրա քաղաքականությունը ազատամարտիկների նկատմամբ արդարացի չէր, դրա համար էլ մարդիկ թողեցին-հեռացան։ Ամեն մեկը ստեղծեց մի կազմակերպություն։ Իսկ ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահ ընտրվելուն, ապա դա այնքանով է արդարացված, որ ինքը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, նրա երակներում պտտվում է Վազգեն Սարգսյանի արյունը, նա գոնե ինչ-ինչ առումով կարող է այսօրվա ցնցումային վիճակից հանի ԵԿՄ-ին։ Ես դա ասում եմ ափսոսանքով, որովհետեւ ԵԿՄ-ն Վազգենի ծնունդն է։ Մեր լուսահոգի եղբայրը եթե ընտանիք չկազմեց, էսօրվա դրությամբ սա իր ընտանիքն է, պետք է գուրգուրանքով պահել՝ ի հիշատակ Վազգենի։ ԵԿՄ-ի կառավարումը պահանջում է բացարձակ ազնվություն, քանի որ նրա նախկին նախագահի պատճառով հայտնվել է կեղտի մեջ։ ԵԿՄ-ն պետք է պահպանվի՝ ի հիշատակ Վազգենի։ Իսկ Արամ Սարգսյանին դեմ են այն մարդիկ, որոնք ձգտում են աթոռի, ձգտում են տիրանալ մի դաշտի։

-Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, օրինակ, այն տեսակետն է արտահայտում, որ ԵԿՄ-ն ռազմականացված կառույց է, եւ այն պետք է լուծարվի։

-ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է։ Ձեր նշած մարդու նման շատ մարդիկ կան, նրանք հայրենասիրական դաշտից դուրս գործող մարդիկ են։ Այսօր մեր երկրում եթե չլինեն կամավորականները, չլինի կամավորական շարժում, պատկերացրեք, որ մենք լրիվ թերանալու ենք ազգի անվտանգությունն ապահովելու հարցում։ Քառօրյա պատերազմի ժամանակ ինչքան կամավորներ գնացին Ղարաբաղ, սահման։ Հազար փառք Ռոբերտ Աբաջյանին, նրան պետք է այնքան բարձրացնել, որ դառնա սիմվոլ նոր սերնդի համար։ Օրինակ՝ սովետի ժամանակ կային Զոյաներ, Ալեքսանդր Մատրոսովներ, որոնք միֆ էին։ Բայց Ռոբերտ Աբաջյանը միֆ չէ։ Իսկ կամավորականների սահման մեկնելն ի ցույց դրեց աշխարհին, որ մեր ժողովուրդը ազգ-բանակ գաղափարն իր մեջ ապրեցնող ժողովուրդ է։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X