Միջադեպ Դիլիջանի անտառում. անտառապահները ծեծի են ենթարկվել, տուժել է 90-ամյա տատիկ

Բնապահպան Հայկ Բարսեղյանը ահազանգում է, որ երեկ երեկոյան Դիլիջանի ազգային պարկի 3 անտառապահներ մոտ 40-50 գյուղացիների կողմից ծեծի են ենթարկվել: Նա տեղադրել է համացանցում նաև ծեծված անտառապահների լուսանկարները: Ըստ Բարսեղյանի, գյուղացիները շարունակում են անտառը ապօրինաբար հատել, իսկ տղաները, որոնք նոր են անտառապահ նշանակվել, փորձում են այդ ամենի դեմն առնել:

«Որքան ես տեղյակ եմ, Դիլիջան ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանին աշխատանքից ազատել են եւ պարկի տնօրեն է նշանակվել Գոռ Հովհաննիսյանը՝ Բնապահպանի տուն / Eco House and Camp նախաձեռնության/ ղեկավարը, Գոռը փորձում է դեմերն առնել, օդերը փակել, որոշ մարդկանց,ովքեր ապօրինի հարստացել են անտառի հաշվին, դա դուր չի գալիս»,-ասում է Հայկ Բարսեղյանը՝ միաժամանակ նշելով, որ դեպքի հետ կապված իրենք ոստիկանություն հաղորդում են ներկայացրել: Փորձեցինք պարզել, թե իրականում ինչ է կատարվել Դիլիջանի անտառում:

Հաղարծինի բնակիչներից մեկը պատմեց. «Էդ տղաներն ինչ էստեղ են, գյուղացիները մի ճյուղ տուն տանելու իրավունք չունեն, առանց էդ էլ մարդկանց պայմաններն էն չեն, բայց դե որպես անտառապահ իրենց էլ եմ հասկանում: Ծեծկռտուք է եղել, մի 90 տարեկան տատի գնացել է փայտ բերելու, տեսել է, որ էնտեղ իրար են քաշքշում, մեջ է ընկել, հրել են նրան, ընկել է, ոտքը կոտրել է»,-պատմեց մեր զրուցակիցը՝ այդպես էլ չհստակեցնելով ծեր կնոջ ինքնությունը, միայն ասաց այն, ինչ իրեն հայտնի էր: Փորձեցինք կապվել «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն Արմեն Աբրահամյանի հետ՝ պարզելու, թե տեղյակ է կատարվածից եւ որքանով է իրական տեղեկությունը, որ իրեն աշխատանքից հեռացրել են: Մեր հեռախոսազանգին պատասխանեց աշխատակցուհին՝ ասելով, որ տնօրեն Արմեն Աբրահամյանը խորհրդակցության է, ավելի ուշ մեզ հետ կապ կհաստատեն:

Պարզեցինք նաև, որ Բնապահպանի տուն / Eco House and Camp նախաձեռնության/ ղեկավար Գոռ Հովհաննիսյանը այս պահին արտերկրում է, սակայն նա իր ֆեյսբուքյան էջում հասցրել է անդրադառնալ երեկվա միջադեպին՝ նշելով, որ բնապահպանը, որ ծառ չի կտրում, ինչպես կարող է տատի ծեծել: « Մարդիկ բառացի ասում են, որ թողնենք անտառ փրթեն: Հենց էդ նույն գյուղերում կան մարդիկ, որոնք կողքից գլուխները կախ ու տխուր նայում են, թե իրանց հարևանները ինչ են անում և չգիտեն թե ինչպես փոխեն գյուղի մտածելակերպը: Մարդիկ ցավում են իրավիճակի համար, բայց վախենում են արտահայտվել, որ չծեծվեն գյուղի մեջտեղում: Իրանք դեռ էնտեղ պիտի ապրեն:Թող ասեն՝ մենք իրենց խանգարում ենք, բայց ոչ թե տատի ենք ծեծել, խնդրում եմ այդ փաստը մի շահարկեք»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Գոռ Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով, որ անտառապահներն իր կողմից նշանակված են եղել:

Միայն թե անհասկանալի է, թե ինպես է պարկի տնօրենը դեռևս Արմեն Աբրահամյանը, եթե անտառապահներ է նշանակում Գոռ Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով՝ մի խումբ տավուշցիներ, երեկվա միջադեպից դժգոհ, այսօր պատրաստվում են Դիլիջանի քաղաքապետարանի առաջ ցույց կազմակերպել: Զանգահարեցինք Դիլիջանի քաղաքապետարան՝ կապ հաստատելու քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Քաղաքապետարանի աշխատակցուհին ասաց. «Քաղաքապետը տեղում չէ, այսօր չի գալու, նրա հանգստյան օրն է»:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X