Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների․ Փաշինյան

Այսօր կառավարության նիստից առաջ, ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ միջադեպին անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Րոպեներ անց՝ արդեն նիստի ժամանակ, նույն թեմային անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, ի տարբերություն ԱԱԾ տնօրենի, արդեն շատ ավելի կոշտ ու քաղաքական գնահատական տվեց տեղի ունեցածին։ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Փանիկ գյուղում, անթույլատրելի է։ «Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Եվ կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը․ «Որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության և հարաբերությունների հարցը պարզաբանել, ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, և հույս ունեմ՝ հետագա ընթացքը արդյունավետ կլինի»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X