Ռազմաբազայից ԱԱԾ տնօրենին վստահեցրել են, որ այլևս նման բան չի կրկնվի

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված 102-րդ ռազմաբազայի ռուս զինվորականների գործողությունների հետ, որոնք անհանգստացրել էին տեղի բնակչությանը։

«Փանիկ գյուղում տեղի ունեցածը կգնահատեմ որպես, անփութություն չասեմ՝ կոպիտ կհնչի, պլանային զորավարժություն է եղել, որի ընթացքում ուղղակի շատ են մի քիչ․․․»,-ասաց Վանեցյանը։

Հարցին՝ ինչ պետք է անի իշխանությունը, որ հետագայում բացառվեն նմանատիպ դեպքերը, Վանեցյանն ասաց․ «Իշխանությունն ինչ որ պետք է աներ, արել ա, այսինքն՝ մենք արձագանքել ենք, տվել ենք մեր գնահատականը, պաշտոնապես դիմել ենք ռազմաբազայի ղեկավարությանը, և նրանք մեզ հավաստիացրել են, որ այլևս նման բան չի կրկնվի»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե քաղաքական ենթատեքստ է տրվում այս ամենին, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, ԱԱԾ տնօրենն ասաց, որ քաղաքական ենթատեքստ չկա․ «Չկա էդտեղ քաղաքական ենթատեքստ։ Ես կարծում եմ՝ այլևս չէի լինի»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X