Մշակույթի հանդեպ պետության վերաբերմունքն առևտրային է

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի խոսքը․

Նիցշեն ասում էր. «Խնձորի բարակ կճեպն է մշակույթը, որը հսկում է աշխարհի քաոսը»: Այստեղ կա մեծ ճշմարտություն: Չի կարող լինել քաղաքակիրթ գիտություն, կրթություն, քաղաքակիրթ առողջապահություն՝ առանց մշակույթի: Չի կարող: Այսօր, սակայն, մեր պետության՝ մշակույթի հանդեպ վերաբերմունքն առեւտրային է՝ սահմանափակվում է վաճառք ձեւակերպելով: Հեռախոսի երաժշտության եւ Վահան Արծրունու երաժշտության միջեւ տարբերություն չի դնում: Ես կարծում եմ, որ այս վերաբերմունքը պիտի փոխվի: Պատկերացրեք, եթե Մեդիչին հայտարարեր տենդեր, կշահե՞ր արդյոք Միքելանջելոն. հաստատ կգտնվեր մի ավելի էժան քանդակագործ կամ նկարիչ:

Երկրում կարող է չլինի մշակույթի նախարարություն, բայց լինի մշակույթ. բացարձակ կարեւոր չէ, որ լինի մշակույթի նախարարություն: Վերջին երեսուն տարում որեւէ բարեփոխում այս ոլորտում չի եղել: Շատ դժվար է պատկերացնել, որ որեւէ ոլորտ կարող է զարգանալ, եթե վերջին երեսուն տարում որեւէ բարեփոխում չի արվել: Սակայն իրականում մշակույթ կա, եւ տաղանդավոր մարդիկ կան, եւ մշակույթի նախարարությունը նրանց հետ հարաբերվելու երեք ձեւ ունի՝ խանգարել, չխանգարել, օժանդակել: Ինձ համար լավագույնը չխանգարելն է:

Եթե մեր քննարկումների ժամանակ դուրս գանք դեմագոգիկ սահմաններից եւ սկսենք խոսել գործնական, շատ ավելի լավ կլինի: Օրինակ, երբ մենք ասում ենք «արժեհամակարգ», մշակույթը պիտի սպասարկի այդ արժեքային համակարգը: Այդ ժամանակ դուրս կմղվեն այն պետական պատվերները, որ շատ վտանգավոր են: Եվ նշենք, որ եթե արժեքային համակարգի կենտրոնում մարդը չէ, այնտեղ շատ մանիպուլյացիաներ են հնարավոր: «Գիտեք ինչ, ձեր ստեղծագործությունները վնասում են մեզ». կարո՞ղ է ասվել՝ իհարկե, եւ հաճախ ասվել է: «Հանուն ժողովրդի կարելի է կործանել ժողովրդին», չէ՞. մենք այդ պատմությունը գիտենք, մենք այդ պատմությունն անցել ենք: Իսկ հանուն մարդու ոչ մեկին չի կարելի ոչնչացնել:

Մշակույթը մարդուն դարձնում է մարդ. ընդհանրապես, այն համակարգերը, այն հասարակություններն են զարգանում, որտեղ կա երկխոսություն, որովհետեւ երկխոսության հիմնական գործոնը ոչ թե այն է, որ երկու հոգի կարողանում են խոսել, այլ երբ երկու հոգի կարողանում են իրար լսել: Դրա մի ճանապարհ կա՝ դա մշակույթն է: Երբ մենք կարդում ենք գիրք, սկսում ենք հասկանալ ուրիշի ներքին աշխարհը, մենք լսում ենք մեղեդի, գալիս են որոշակի պատկերներ, էլի մտնում ենք երկխոսության մեջ: Այս ամենը շատ անհրաժեշտ է մարդու համար, հասարակության համար:

Ես չգիտեմ՝ հարցերն ինչպես է պետք լուծել: Դեղատոմս եթե ունենայի, կգնայի այդ շենքում կաշխատեի: Բայց մարդիկ, ովքեր ստանձնում են այդ պատասխանատվությունը, պարտադիր պիտի ներկայացնեն իրենց տեսլականը: Կարող է չհամաձայնենք, համաձայնենք, վիճենք: Դա պետք է: Բայց մենք հաճախակի սահմանափակվում ենք քննարկելով այս կամ այն նախարարի դեմքը… մտքերը չեն հետաքրքրում: Դեմքը լավն է, մինչեւ իր տեղը հասնի նստի, բա հետո՞…

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

Մեկնաբանություն
X