Մեր լեզուն մեր աննկուն պետականությունն է

Մտքով կարելի է ինչ-որ տեղ հաշտվել մեր իրականության որոշ անհարթությունների հետ՝ վերագրելով դրանք մեր քաղաքական կենցաղին, մարդկային պայմանականություններին, վատ սովորություններին ու հասարակական արատներին։ Ինձ թվում է՝ մեզնից շատերը կարող են գիշերները հանգիստ քնել, երբ առնվազն գիտեն, որ մեր պետական սահմանները պաշտպանված են, կյանքն ընթանում է սովորական հունով, եւ վաղը լավ օր է լինելու։ Բայց ինչպե՞ս քնեն այն մարդիկ, որոնց տեսողությունն ամենաթափանց է, ու նրանց մտքի կաթսայում եռում է ողջ աշխարհը, որոնք տեսնում են, որ իրենց երկրի սահմանադրությունն աղավաղված Աստվածաշունչ է, երկրի ղեկավարը՝ կուռք, քաղաքական միտքը՝ ապարդյուն ու խեղված, ազգային արժեքները թանգարանային նմուշ են դարձել, ընտանիքը կորցրել է իր ավանդական համնուհոտը, դպրոցների ուսումնական ծրագրերն անհեթեթություններով են ծանրաբեռնված, եւ լեզուն՝ մեր ազգի միակ անդավաճան ու հաստատուն հենարանը, արհամարհված է։ Ով ասես, որ դրանում իր ներդրումը չի կատարել, եւ մենք մեծ սիրով մեր այդ ամրոցի դռները բացել ենք ամբողջ աշխարհի դեմ։

Հայաստանում այն ձեռնարկությունները, որոնք օտարալեզու անվանումներ են կրում, թվով երեւի ավելի շատ են, քան հայերենի բառերը։ Ամբողջ Հայաստանում ցուցանակների վրա հայերեն բառեր հազվագյուտ դեպքերում կտեսնես։ Այսքան փոխառություն երեսուն տարո՞ւմ…։ Հայոց լեզուն դրանք ինչպե՞ս է մարսելու։

Խորհրդային տարիներից ի վեր հայերեն խոսակցական լեզվի «ամբիոնը» գտնվում է դատապարտյալների բնակավայրերում։ Մեր խոսակցական լեզվի ճարտարապետությունը «գողականների» ձեռքում է։ Հայ ժողովրդի հիասքանչ բարբառներն աղավաղվեցին։ Օտարալեզու աղավաղված բառերի օգտագործումը փողոցում պատվաբեր պահվածք է ենթադրում առայսօր այն կրողի համար։

Մեր եկեղեցական միջավայրում հոգեւորականների կողմից օգտագործվում են գրաբարից ու միջնադարյան շրջանի հայերենից եկած բազմաթիվ արտահայտություններ ու բառեր, որոնք, շատ եկեղեցականների կարծիքով, գեղեցկացնում են ու առանձնահատուկ արտահայտչականություն հաղորդում իրենց «մասնագիտական» լեզվին։ Չեմ կարծում, թե ոչ խոսակցական, արդեն հնացած լեզվով խոսելն ինչ-որ բան է ավելացնում մարդ-Աստված հարաբերություններում։ Դա, իմ կարծիքով, ավելորդ ցուցադրանք է եւ հայոց լեզվի ոչ բնականոն հարստացման ճանապարհ։

Իսկ ի՞նչ անել մեր գիտական-մասնագիտական լեզվի խոհանոցի հետ։ Ստիպված ենք որոշ եզրույթների ու քարացած արտահայտությունների հետ հաշտվել։ Օրինակ՝ «ատոմ» կամ «մոլեկուլ» հասկացությունների փոխարեն «հյուլե» բառի օգտագործումը գեղարվեստական հնչեղություն է հաղորդում։ Այս բնագավառում ողբերգություն չկա, աշխարհի բանն է այսպես։

Մեր լրատվության բնագավառի աշխատողների լեզուն ոչ միշտ է հիացմունք պատճառում նրանց լսողներին ու կարդացողներին։ Զարմանալու բան չկա։ Դպրոցներում ու բուհերում միայն տետրերի մեջ գրված աշխատանքներում է պահանջվում քչից-շատից հայերեն լեզվին առաջնություն տալ։ Բոլոր աշակերտներն ու ուսանողները, նույնիսկ ուսուցիչների ու դասախոսների հետ, խոսում են փողոցի խոսակցականով։ Մաքուր հայերեն խոսելն ինչպե՞ս դարձնել ժողովրդական մշակույթ։ Այս խնդրի գիտակցումի ու լուծման անհրաժեշտությունը ե՞րբ է դառնալու մեր պետական իշխանությունների աշխատանքն ու հոգսը։ Ի՞նչ դեղահաբեր ընդունենք, որպեսզի կարողանանք առանց սրտխառնոցի հասարակական տրանսպորտով երթեւեկել՝ կաղկանձ հիշեցնող հայկական ժամանակակից երաժշտության ներքո։ Տաքսիստներն ու ավտոբուսների վարորդները ե՞րբ են «Դուք»-ով դիմելու ուղեւորներին՝ առանց «հոպար», «ախպեր», «այ կնիկ», «այ մարդ», «քուրո», «արա», «ուստա» արտահայտությունների։

Կա մի ելք միայն։ Մեր Ազգային ժողովի որոշ պատգամավորներին խնդրենք, որ նրանք առանց շտապելու խոսեն, որ նրանց ելույթները կարողանանք գրի առնել ու դարձնել մեր սեղանի գիրքը։ Ահա թե որտեղ է գրական հայերենը լուսարձակում։

Ասում են, որ մեր իշխանություններն ուզում են օրենքներ ընդունել՝ հասարակական վայրերում ծխելն արգելելու համար։ Անշուշտ, լավ բան է։ Իսկ ինչո՞ւ օրենսդրությամբ չպահանջել, որ հասարակական վայրերում պաշտոնյաներն ու տարբեր ծառայություններ մատուցողները մարդկանց հետ խոսեն հայերենով ու հարգալից, չհնչեցնելն բանտային, կերուխումի գռեհիկ ու անճաշակ երաժշտություն, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։

Կորցնել մեր լեզուն՝ նշանակում է կորցնել մեր մշակույթը, հայկականությունն ու Հայաստանը։ Թող արտառոց չթվա՝ հայոց լեզվի մաքրությունն ու մեր երկրի սահմանների հսկողությունը նույն կարեւորությունն ունեն մեզ համար։

ՀԳ. Ով ինչ կանի-չի անի, «դուխով» բառին չկպնեք․ այն մեզ համար նվիրական արտահայտություն է դարձել։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Գրավիտոն» ՍՊԸ տնօրեն

Մեկնաբանություն
X