Ես փորձառու եմ, էդքան էլ վատ անձնավորություն չեմ, 25 տարի բանակում ծառայում եմ

Հունիսի 13-ին ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել են չարաշահումներ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ․ ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, գնդապետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ «Հրապարակը» գրել էր, որ դեռ Վիգեն Սարգսյանի ժամանակ Աշոտ Գրիգորյանի դեմ գործ էին հարուցել, սակայն այն կարճվել էր: Փաշինյանի իշխանության ժամանակ հանձնարարել են գործը վերաբացել, իսկ վերջինիս էլ՝ զորացրել: ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն օրերս ազատվել է աշխատանքից, նրա փոխարեն ԺՊ է նշանակվել տեղակալ Մհեր Խալաթյանը: Այս օրերին տեղի է ունենում հանձնում-ընդունում: Ինքը՝ Գրիգորյանը, ասում է, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ Վիգեն Սարգսյանի օրոք էլ իր դեմ որեւէ գործ չեն հարուցել․

«Դատախազությունն իմ գործունեությունը ժամանակավոր կասեցրել էր, 10 օր հետո դատախազությունն իմ գործունեությունը վերականգնեց, ես սկսեցի աշխատել, բայց քանի որ աշխատանքը համատեղելի չէր քրեական գործի հետ, ես դիմում գրեցի, խնդրեցի, որ նախարարն ինձ ազատի, ես զբաղվեմ էդ քրեական գործերով։ Վիգեն Սարգսյանի ժամանակ քրեական գործ չի հարուցվել»։

-Ներկայումս Ձեր դեմ գործ կա հարուցված, ընդ որում՝ բավականին ծանր մեղադրանքներով։

-Այդ գործը, որ հարուցվել է, դա ընդամենը 1 շաբաթվա մեջ է հարուցվել, հեռուստատեսությունով 2 օր վրա-վրա հաղորդեցին, ես բան չասեցի, քանի որ նախաքննական փուլում է գտնվում, ես չեմ էլ ուզում էդ քննության մասին ինչ-որ տեղեկություն, ինֆորմացիա՝ դրական-բացասական, ասեմ։ Բայց որ միանգամից այսպիսի կոշտ հայտարարությունում գրվում է, որ պաշտոնից ազատել են, քրեական գործը նորից հարուցել են… Ախր փաստերն այսպես ծանրացնելով չի լինում, էլի։ Ես, բնականաբար, որեւէ բան չեմ ասի, քանի որ գործը նախաքննական փուլում է, ՊԵԿ-ը չեմ կամ դատախազությունը չեմ, որ վերցնեմ գնամ հրապարակայնորեն՝ անունով-բանով հայտարարեմ։ Գործը հարուցված է, համապատասխան հոդված կա, անկախ ամեն ինչից՝ հետաքննությունը գնում է, աշխատանքները տարվում են։ Խնդիրն իմ ազատելու հետ կապված է, որ ինձ պաշտոնից զրկել են եւ այլն։ Նման բան չկա։

-Իսկ աշխատանքային մթնոլորտն ինչպիսի՞ն է եղել Ձեր դեմ քրգործ հարուցելուց հետո։

-Մթնոլորտի հետ կապված որեւէ խնդիր չկա։ Ես էն ոլորտն եմ ղեկավարում, որ էդ ոլորտը բավականին ծանր, պատասխանատու ոլորտ է։ Ու ես արդեն 8 տարի այս ոլորտը ղեկավարում եմ, 15 տարի էլ՝ զորքերի բնակավորման ոլորտը։ Էսօր, գլուխ չեմ գովում, դժվար կարողանաք մասնագետ ճարել, որ էդ ոլորտը կարողանա պատկերացնել։ Մարդիկ որ լսում են՝ կապիտալ շինարարություն, իրենց թվում է, որ մենք զբաղված ենք կապիտալ շինարարությունով։ Դա մեր գործունեության միայն 25 տոկոսն է, մեր ամբողջ գործունեությունը զորքերի ապահովումն է՝ կոմունալ-կենցաղային պայմանները։ Դա ահռելի մեծ ծավալ է, որ մենք իրականացնում ենք, ջեռուցման համակարգերն են, միլիոն կիլոմետրեր մենք միայն ինժեներական գծեր ունենք, դրանց սպասարկման խնդիրներն են, 150-ից ավել կաթսայատնտեսություններ ունենք։ Այսինքն՝ բավականին մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացնում, որը որ անտեսանելի է, ու բնական է՝ շատ մարդ չի էլ կարող իմանալ։

-Ձեզ մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու մեջ։ Դուք հերքո՞ւմ եք Ձեր մասնակցությունն այս արարքներին։

-Ես ոչ թե հերքում եմ, ես չեմ կարող հերքել, եթե գործը հասավ դատարան, դատարանը կհերքի, նախաքննության ընթացքում պարզ կլինի, թե որքանով եմ ես ճիշտ կամ սխալ։ Խնդիրն այն է, որ եթե դատախազությունն իմ գործառույթները կասեցնում է, հեռուստատեսությամբ տալիս է, որ կապիտալ շինարարության վարչության պետը… եւ այլն, որ ընդհանրապես նման բան չի արվում, անուն-ազգանունով, պաշտոնով չեն տալիս, տալիս են ինչ-որ N վարչություն կամ անվան առաջին տառերը։ Չի կարելի բաց տեքստով, անուն-ազգանունով տալ․ ախր ընտանիքի անդամներ են տեսնում, հիվանդ ծնողներ են տեսնում, հարազատներ, բարեկամներ։ Լավ, տվել են, բայց եթե նախաքննությունը գնում է, իմ գործառույթները կասեցրել են, եթե ՊՆ-ն նպատակահարմար է գտել, որ պետք է արագ վերականգնի իմ գործառույթները, ուրեմն ես պետք եմ իրենց, որ վերականգնում են։

-Եթե դատարանը Ձեզ անմեղ ճանաչի, էլի՞ կաշխատեք ՊՆ-ի Ձեր գլխավորած վարչությունում։

-Քանի որ ես գրել եմ ու խնդրել եմ, որ ինձ ազատեն, հիմա կարող է այնպես լինել, որ նախարարը հետ կանչի ասի՝ խնդրում եմ եկեք, էս ոլորտը ղեկավարող մարդ չկա։ Ես փորձառու եմ, էդքան էլ վատ անձնավորություն չեմ, 25 տարի է՝ բանակում ծառայում եմ, մինչեւ վերջ տիրապետում եմ իմ ֆունկցիոնալ պարտականություններին, եթե գտնեն, որ ես պիտի օգնեմ, միանշանակ կօգնեմ։

-Ձեր փոխարեն ԺՊ է նշանակվել տեղակալ Մհեր Խալաթյանը, նա չի՞ կարող Ձեզ փոխարինել։

-Երբ դու նայում ես կապիտալ շինարարություն… կապիտալ շինարարությունն ուրիշ ոլորտ է, զորքերի բնակավորումը՝ լրիվ ուրիշ։ Ինքն էս ոլորտներից մեկի մասնագետն է, որ կարող է ղեկավարել, էդտեղ որեւէ խնդիր չկա, բայց ամբողջ վարչությունն իր համար բավականին բարդ ու ծանր է լինելու, դրա համար ինքը ԺՊ է։

-Մամուլը բազմիցս գրել է, եւ վերջին շրջանում էլ տեսնում ենք, որ ամենախոշոր չարաշահումներն ու կոռուպցիոն դրսեւորումները հենց պաշտպանության ոլորտի հետ են կապված։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ՊՆ-ում այդքան չարաշահումներ լինում։

-Գիտեք ինչ, մի հատ ոլորտ չկա, որ որեւէ խախտում չլինի, դա բացառված է։ Եթե Դուք լրագրող եք, ապա Դուք էլ Ձեր աշխատանքի մեջ կարող է պատահի վրիպումներ թույլ տաք, բայց այդ թերությունը երբեք չի կարելի տանել կոռուպցիոնի՝ դու գող ես, ավազակ ես, թալանչի ես, տարել ես։ Նման ձեւով չի կարելի մտածել։

-Պարոն Գրիգորյան, Ձեր դեմ քրեական գործ է հարուցվել, Ձեզ մեղադրում են բավականին ծանր հանցանք կատարելու մեջ, հիմա Դուք կարո՞ղ եք ասել, որ որեւէ առնչություն չունեք։

-Դուք լրագրողական շատ խիտրի հարց եք տալիս ինձ, կներեք, իհարկե, բայց, բնականաբար, ես այդ հարցին չեմ պատասխանի, ես իմ անձնական կարծիքն ունեմ, քննությունը թող ընթանա, բայց քննության վրա բենզին լցնելը, ես կարծում եմ, որ ճիշտ չէ, որովհետեւ ես վարչություն եմ ղեկավարում, ամենամեծ վարչությունն է, ու ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում։ Պետք չէ բանակին անընդհատ կպնել, պետք չէ թացն ու չորը խառնել։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X