Ինչո՞վ է զբաղված Դավիթ Սանասարյանը, և ինչո՞ւ է նրա գործը Վանեցյանն անում

Հայաստանի վարչապետները տարբեր մոտեցումներ են ունեցել իրենց վերահսկողության ծառայությանը, աշխատել են հնարավորինս լայն լիազորություններով օժտել, դրա միջոցով իրենց թիկունքն են ապահովել։ Իհարկե, միշտ չի հաջողվել դա։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, փորձում էր ֆիննախի եւ Վերահսկիչ պալատի ստուգումների դաշտ մտնել՝ նրանց «հայտնաբերած թերացումների վերացմանը հետեւելու» անվան տակ, ուսումնասիրություններ էր կատարում տարբեր պետական ձեռնարկություններում, նկատողություններ էր տալիս դրանց ղեկավարներին։

Վարչապետի աշխատանքային ընթացակարգեր էր մշակում, կանոնադրություն ուներ, աշխատանքային ընթացակարգեր։ Վարչապետի վերահսկողության ծառայության պետի պաշտոնն անհիշելի ժամանակներից՝ դեռ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք, զբաղեցնում էր հարկայինի նախկին աշխատող Սարգիս Գրիգորյանը, որը ձգեց մինչեւ Կարեն Կարապետյանի ժամանակները։ Սակայն վարչապետի վերահսկողության ծառայությունը Հովիկ Աբրահամյանի օրոք եւ հետագայում զուտ ձեւական էր աշխատում, իսկ կառավարության տոտալ հսկողության գործառույթը փաստացի ստանձնել էին նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա վերահսկողության ծառայության պետ, ՀՀԿ-ական Հովիկ Հովսեփյանը, ով անմիջականորեն աշխատեց նոր մարմնի օրենսդրության վրա, եւ արդյունքում պետք է սուպերկառույց ստեղծվեր՝ պետական վերահսկողության ծառայություն, նոր ճյուղավորված կառուցվածքով, ընդգրկուն հաստիքացուցակով, սակայն Սերժ Սարգսյանը հեռացավ՝ իր հետ տանելով նաեւ ողջ թիմին, այդ թվում՝ շատ երիտասարդների, որոնք դեռ կարող էին աշխատել։

Սուպերծառայությունը բաժին հասավ նախկին ակտիվիստ, Նիկոլի հետ քայլած Դավիթ Սանասարյանին, որը հայտնի էր հանրությանը դեռ տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներից։ Վարչապետի վերահսկողության ծառայությունը փոխեց անունը, դարձավ պետական վերահսկողության ծառայություն։ Այժմ այստեղ կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների շրջան է, որը, սակայն, մեր տեղեկություններով, շատ դանդաղ է ընթանում։ Մինչդեռ նոր ժամանակներում այս կառույցը պետք է որ առանցքային դերակատարում ունենար, ստուգեր բյուջեի գումարների վատնումները, պետական ապարատի տարբեր ստորաբաժանումներում ուսումնասիրություններ կատարեր, գնար քաղաքացիների բողոքների հետքերով, անգամ մասնավոր ձեռնարկություններում կարող էր ստուգումներ իրականացնել, եթե թերացումներ կային բյուջեի հետ կապված հարաբերություններում։

Այլ կերպ ասած՝ Սանասարյանն ու նրա աշխատակիցները քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենային։ Սրա փոխարեն նրանք անգործության են մատնված։ Ծառայության աշխատակիցներից մեկը մեզ հայտնեց, որ Դավիթ Սանասարյանը նրանցից ոչ մեկին տեսնել չի ուզում, բացառությամբ իր տեղակալ Ալբերտ Աբգարյանի՝ կույր իրավաբան-կոմպոզիտորի, որն աշխատում էր դեռեւս Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայությունում։ Կառուցվածքային փոփոխությունները, որոնք սկսվել էին դեռեւս 2 տարի առաջ, չեն ավարտվել։ Ծառայության աշխատակիցների մի մասը չունի հրաման, օդում կախված վիճակում է։ Մեզ ահազանգում են նաեւ քաղաքացիները՝ հայտնելով, որ Դավիթ Սանասարյանը բացարձակ անհասանելի է իրենց համար։ Նրա ընդունելությանն արժանանալու ցանկացած փորձ ձախողվում է։

10 օր առաջ Սանասարյանը ԶԼՄ-ներին հայտարարեց, որ առաջիկայում ստուգումներ է անցկացնելու նախարարություններում, քաղաքապետարաններում, էներգետիկայի եւ սփյուռքի նախարարություններում, պետգնումների վերաբերյալ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության ծախսերն է ուսումնասիրելու։ Եվ գանգատվելով իրեն բաժին ընկած բարդություններից, արդարացավ, թե միանգամից հնարավոր չէ բացահայտումներ անել․ «Մենք նոր ենք սկսել, մի շաբաթ է, ինչ սկսել ենք մեր գործունեությունը…Բավականին տաժանակիր աշխատանք է, որովհետեւ գործ ունենք թվերի, խառը իրավիճակների հետ»։ Բայց խառը թվերը չեն խանգարում ՖԲ օգտատեր Սանասարյանին ինքնադրսեւորվել վիրտուալ տարածքում։ Նախկին ակտիվիստը հիմա էլ է ՖԲ-ում ակտիվ։ Օրինակ, հուլիսի 14-ին նա 4 «ստատուս» է գրել՝ ակտիվորեն մասնակցելով նաեւ դրանց շուրջ քննարկումներին։ Ընդ որում՝ պետական վերահսկողության ծառայության պետի գրառումներն ամենեւին կապ չունեն նրա բուն աշխատանքային գործունեության հետ։ Մեկում նա պաշտպանում է վարչապետին եւ նրա շրջապատին հակահեղափոխական հարձակումներից, մյուսում սգում է Բերդ քաղաքի բնակիչ, ակտիվիստ Կարենի մահվան կապակցությամբ, մեկ այլում մտորում է էմոցիաները քաղաքականությունից հեռու պահելու մասին՝ ի դեպ, առավոտյան ժամը 10-ին։ Երեկ էլ նոր հայկական սկանդալի հերոս Կարպիս Փաշոյանի պաշտպանությամբ էր զբաղված։ Բայց ՖԲ-ում ակտիվ լինելով՝ լրագրողների հարցերն անտեսում է։

Ի՞նչ կարեւոր գործերով եք զբաղված, կարո՞ղ եք ներկայացնել՝ վերահսկողության ծառայությունում քանի՞ աշխատող կա, ի՞նչ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչո՞ւ եք անհասանելի ՀՀ քաղաքացիների համար, եւ, վերջապես, ինչո՞ւ է ԱԱԾ-ն Ձեր գործն անում՝ ուզում էինք հարցնել Սանասարյանին, բայց, ինչպեսեւ սպասում էինք, «բաժանորդն անհասանելի» էր։ Ստիպված եղանք կապվել նրա տեղակալ, չինովնիկ զույգերից մեկի հետ՝ Հայկ Սարգսյանի, որը թավշյա հեղափոխության օրերին ուղեկցում էր Նիկոլին՝ նրա թիկնապահի դերը ստանձնած։ Բայց նա եւս խիստ զբաղված էր «պետական» գործերով՝ կա՛մ անջատում էր հեռախոսը, կա՛մ չէր պատասխանում զանգերին։ Գուցե դիմել վարչապետին, որ արգելի՞ ՖԲ մտնել աշխատանքային ժամերին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X