Պարոն Օսիպյան, Երևանի ՃՈ պետի թափուր տեղ չունե՞ք

Այսօր երեկոյան Երևանի Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը դարձյալ կաթվածահար էր եղել: Շղթայական բախվել էին 5 թե 6 մեքենա: Վարորդները նստել էին հանդիպակաց հոսքերը բաժանող բետոնե պատնեշին և քննարկում էին իրավիճակը: Ոչ ԱՊՊԱ կար, ոչ ոստիկան: Ինչպես ասում են՝ մենք մերոնցով էինք, անտեր՝ վթարված մեքենաների վարորդներն իրենց «փոյ», մենք, որ չէինք վթարվել, բայց երթևեկում էինք ժամում 1 կմ արագությամբ՝ մեր «փայ»: Եվ սա ամռանը՝ արտագնա տուրիզմի եռուն շրջանում, երբ Երևանը բավականին բեռնաթափվել է մեքենաներից:

Ինչո՞ւ չեք աշխատում՝ հարգելի ԱՊՊԱ և հարգելի Ոստիկանություն, սա ի՞նչ թափթփվածություն է, ինչո՞ւ պետք է ես Հերացու փողոցից Աճառյան փողոց հասնեմ մեկ ժամում՝ եռակի, քառակի անգամ շատ բենզին ծախսեմ, նյարդայնանամ, թքեմ, մրեմ, հիշեմ անհնարինը: Ո՞վ է վճարելու այս ամենի համար: Նիկոլ Փաշինյանի արագաչափը նույն Մյասնիկյան պողոտայում ինձ տուգանք է դուրս գրել 9 հազար դրամի չափով: Եթե չվճարեմ, Օսիպյանը դատի կտա ինձ: Իսկ ի՞նձ ով է վճարելու: Լավ, մի՞թե հնարավոր չէր վթարից հետո ավտոմեքենաների հոսքը Հերացու փողոցից սկսած ուղղել դեպի Ազատության պողոտա կամ Նորք՝ Ավան, Աբովյան, Սևան և Նոր Նորք հասնելու համար: Փոխարենը՝ այդ ընթացքում Մյասնիկան պողոտայով դեպի կենտրոն ոստիկանության 5-6 մեքենա սլացավ՝ յուրաքանչյուրի մեջ հավանաբար շղթայական այդ հիմար վթարը քննարկող և մեզ վրա ծիծաղող 2-ական ոստիկանով:

Որ ԱՊՊԱ-ն անուղղելի ուշացող է, երկու կարծիք լինել չի կարող: Իսկ ինչո՞ւ վթարի վայրում չեն ոստիկանները: Կա՞ արդյոք հաշվարկ ոստիկանությունում, թե քանի ավտովթարից քանիսին են մեկնել ոստիկանները: Սա շատ հետաքրքիր ցուցանիշ է, որը մեզ կօգնի հասկանալ, թե ինչի վրա են ծախսում բյուջեի, այսինքն՝ մեր փողերը:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X