Սա ի՞նչ անեծք է

Վերջին օրերի թոփ-թեման Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են: Ով չի ծուլանում, ենթադրություններ, կանխատեսումներ եւ եզրահանգումներ է անում: Ընդ որում՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարության կտրվածքով եւ մի այնպիսի տոնայնությամբ, որ կարծես մենք ճակատագրով դատապարտված ենք: Lragir.am-ի գլխավոր խմբագիրն, օրինակ, վստահաբար պնդում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունը, այն է՝ թուրքական էքսպանսիայի զսպումը, խոշոր հաշվով չի ենթադրում արտաքին կողմնորոշման փոփոխություն, եւ այս դերակատարության հարցում կա միջազգային «լայն կոնսենսուս»:

Նախ, ի՞նչ ասել է թուրքական էքսպանսիա, որտե՞ղ եւ ինչպե՞ս է այն դրսեւորվում: Եթե Թուրքիան ձգտում է հաստատվել Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում, ապա դա շատ բնական գործընթաց է, այն էլ՝ երկկողմանի: Շատ դժվար է էքսպանսիա համարել նաեւ թուրք-վրաց-ադրբեջանական համագործակցությունը: Թուրքիան, թերեւս, էքսպանսիվ է Մերձավոր Արեւելքում եւ Բալկաններում, որտեղ փորձում է վերականգնել օսմանյան ժամանակաշրջանի ազդեցությունը, բայց այն զսպելու հարցում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը: Ոչ մի:

Հետեւաբար, Հայաստանի կողմից թուրքական էքսպանսիայի զսպում ասելով հեղինակը նկատի է ունենում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը կամ կոնկրետ՝ Լեռնային Ղարաբաղում փաստացի իրավիճակը: Բայց դա իռացիոնալ մոտեցում է, որովհետեւ ղարաբաղյան չկարգավորվածությունը որեւէ ձեւով չի խոչընդոտում թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությանը: Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն: Եւ այստեղից էլ ծնվում է երկրորդ հարցադրումը. իսկ ո՞վ է սահմանել, որ Հայաստանը պետք է զսպի թուրքական էքսպանսիան եւ ո՞րն է դրանից նրա պետական, ազգային, ինչ-որ տեղ նաեւ՝ քաղաքակրթական շահը:

Սա ի՞նչ անեծք է՝ ընդմիշտ սեպ լինել թուրքական աշխարհի երկու հատվածների միջեւ՝ դրանով բարդացնելով անվտանգային միջավայրն, իսկ փոխարենը չստանալ ոչինչ կամ գրեթե ոչինչ: Եթե այդ հարցում կա միջազգային լայն կոնսենսուս, այսինքն ուժային բոլոր կենտրոնները Հայաստանը դիտարկում են որպես թուրքական աշխարհը բաժանող սեպ, բայց միաժամանակ էլ գործնականում չեն աջակցում, որպեսզի նրա ազգային շահերն իրացվեն ԼՂ-ում եւ Նախիջեւանում, ապա ի՞նչ իմաստ կա հավատարիմ մնալ ոչ հրապարակային համաձայնություններին: Ժամանակը չէ՞ դուրս գալ աշխարհաքաղաքական անեծքի կամ թուղթուգրի կախարդանքից եւ փորձել այլ ընտրություն: Հայաստանի անկախությունը 100 տարի առաջ հռչակվել է, երբ ժամանակի այրերը քաղաքական հեռատեսություն են ունեցել հրաժարվելու «սեպի» դերակատարությունից եւ թուրքական աշխարհի երկու հատվածների միջեւ կամուրջ լինելու առաքելություն են ստանձել:

Ո՞վ է ասել, որ Թուրքիան ծարավի է Հայաստանի ոչնչացմանը, հայ ժողովրդի նոր ցեղասպանությանը: Հարցի շուրջ աղմկելու պատրաստ ցանկացած ոք թող հիշի հայտնի խոսքը՝ սեպը սեպով են հանում: Թե դա ցեղասպանություն չի լինի՞…

Մեկնաբանություն
X