Պայքարում է Սերժ Սարգսյանի խնամու և ծխելու դեմ

Այսօր «ԼուսԷ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկումից հետո փորձեցինք հարցեր ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նախարարը նախ նշեց, որ պատասխանելու է ընդամենը 1 հարցի։ Նրանից փորձեցինք հետաքրքրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հայտնաբերված չարաշահումների, տնօրենի ճակատագրի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ ըստ մամուլում շրջանառվող տեղեկութունների ՝ նախարար Արսեն Թորոսյանն ամեն գնով ցանկանում է պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանի խնամի, ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին։ Տնօրենի նոր թեկնածուն, ըստ շրջանառվող լուրերի, Արտակ Զեյնալյանի եղբայրն է՝ Նարեկ Զեյնալյանը։ Թորոսյանի հանձնարարականով բժշկական կենտրոնում տեւական ժամանակ է ստուգումներ են ընթանում։ Տնօրենին առաջարկվել է նաեւ դիմում գրել՝ ազատվել աշխատանքից, սակայն նա չի համաձայնել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Թորոսյանը նշեց․ «Նոր տնօրենի մասին շրջանառվող լուրերը կեղծ են, չեն համապատասխանում, դրա մասին հրապարակավ ասվել է»։

-Արա Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, իր հետ այդ թեմայով քննարկում ունեցե՞լ եք։

-Իր հետ քննարկում ունեցել ենք, քանի որ նա մեր ենթակայության հիմնարկի տնօրենն է, մշտապես ունենում ենք։ Կոնկրետ այդ թեմայով քննարկում չենք ունեցել։

-Նա չի՞ պատրաստվում հրաժարական տալ։

-Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, բոլոր փոփոխությունները հիվանդանոցների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից են արվելու ու կարող են հակասել տնօրենների դիրքորոշմանը։

-Նա Սերժ Սարգսյանի խնամին է, դրա համա՞ր է այսքան կենտրոնացումն իր վրա։

-Ոչ, Հայաստանում ամենամեծ պետպատվեր ստացող հիմնարկն է, դրա համար է կենտրոնացված։

-Առաջիկայում ո՞ր ԲԿ-ների չարաշահումների վերաբերյալ հրապարակումներ կլինեն։

-Որ ԲԿ-ներում հայտնաբերվեն։ Դե կան ու բազմիցս հայտարարվել է։

-Սամվել Ալեքսանյանին պատկանող Բկ-ում ստուգումներ եղե՞լ են։

-Ստուգումներ եղել են բոլոր մեծ բժշկական կենտրոններում։

-Ծխելու դեմ պայքարը մեծ աղմուկ բարձրացրեց, նախորդ նախարարը եւս դրա դեմ պայքար էր սկսել․․․․

-Դուք կո՞ղմ եք ծխախոտին։

-Ես ինքս չեմ ծխում, բայց ծխողների իրավունքներն էլ չեմ փորձում ոտնահարել։

-Ծխողների իրավունքներն ոչ մեկ չի ոտնահարում, ծխելու իրավունք որպես էդպիսին չկա ու չի կարող լինել։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X