«Սասնա ծռեր»-ը ցույց տվեցին, որ ժողովուրդն իր միջից կարող է ունենալ անձնազոհ հերոսներ

Երկու տարի առաջ, 2016թ․ հուլիսի 17-31-ը, Հայաստանի համար չափազանց լարված, պայթյունավտանգ օրեր էին։ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գունդը վերահսկողության տակ վերցնելը անսպասելի քայլ էր, չէր եղել նման նախադեպ։ Համակարգիչների առջեւ գամված, Երեւանի Խորենացու փողոցում (ուր ընթանում էին հիմնական գործողությունները) հավաքված բազմությունն ակնդետ հետեւում էր, թե դեպքերի զարգացման ինչ սցենարներ են գործելու, ինչպես է հանգուցալուծվելու զինված ապստամբությունը։ Իրավիճակը դրամատիկ էր նաեւ նրանով, որ ընդամենն ամիսներ առաջ էր եղել ապրիլյան քառօրյա պատերազմը, եւ երկիրը փորձում էր հաղթահարել հետպատերազմյան փխրուն իրավիճակը։

ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանը՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի համակարգող Գարեգին Չուգասզյանի եղբայրը, հետահայաց գնահատելով «Սասնա ծռեր»-ի՝ երկու տարի առաջվա գործողությունները, նշում է․ «Երկու տարի առաջվա ապստամբությունը ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն չի կարող հանձնել հողերը, այլեւ ժողովուրդը միշտ կարող է իր միջից ունենալ անձնազոհ հերոսներ, որոնք կարող են իրենց կյանքը վտանգելով՝ պաշտպանել հայրենիքը ծայրահեղ վիճակում։ Թեկուզ դա լինի փոքրաթիվ ուժերով։

Երկրորդ՝ դա ցույց տվեց, որ ոչ միայն իշխանությունը չէր կարող սահմաններին իրականացնել դավադրություն, որովհետեւ գտնվեց հակակշիռ, այլեւ երկրի ներսում ի վիճակի չէ հարց լուծել, որովհետեւ 15 օր շարունակ նա, դիմելով բռնությունների, չկարողացավ կոտրել ժողովրդին։ Երրորդ՝ «Սասնա ծռեր»-ի ապստամբության միջոցով ժողովուրդը ցնցվեց, ոտքի կանգնեց եւ հասկացավ, որ վիճակը ծայրահեղ է, հնարավոր է փոքր ուժերով դիմել զենքի, եւ դա պետք է իրականացվի՝ հանուն երկրի ապագայի։ «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը ժողովրդին հասկացրեց, որ ինքն ուժ է եւ իր ապագան կռելու համար պետք է պայքարի դրա համար։ «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը նախապատրաստեց այն թավշյա հեղափոխությունը, որը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ։ Եռաց-եռաց ժողովուրդը, եւ եկավ երիտասարդների մի խումբ, որն իր հետեւից ժողովրդին տարավ խաղաղ գրոհի, ռեժիմը նահանջեց։ Դրանում է «Սասնա ծռեր»-ի պատմական առաքելությունը եւ նրա նշանակությունը մեր կյանքում»։

Դիտարկմանը, թե նախկին ռեժիմը տապալվեց ոչ թե «Սասնա ծռեր»-ի գործողությունների, այլ «բաց ձեռքերի», թավշյա հեղափոխության արդյունքում, Լեւոն Չուգասզյանն արձագանքեց․ «Այո՛, այդպես էր։ Բայց երբ ճաշը դնում եք եռալու, ժամանակ է պետք եռալու համար, եւ գալիս է մի խումբ, կարող եք պատկերացնել, որ ժողովուրդը պատրաստ էր հետեւելու Նիկոլ Փաշինյանի խմբին։ Ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ էր այդ հեղափոխությանը, քանի որ նրա մտածելակերպում կա առաջընթաց։ Տասը տարվա, հինգ տարվա, երեք տարվա ընթացքում ժողովուրդն աճեց հոգեբանորեն, քաղաքացիական շարժումները, պայքարը նրան պատրաստեցին այդ հեղափոխությանը։

Հիշեք Մաշտոցի պուրակի պայքարը, Մատենադարանի հեղինակային իրավունքների համար պայքարը, օտարալեզու դպրոցների դեմ պայքարը, եւ քայլ առ քայլ ուժեղացավ ընդվզումը։ Իր ավանդը բերեց նաեւ «Էլեկտրիկ Երեւանը»։ Այս բոլոր փուլերը մենք պետք է հիշենք։ Ժողովուրդը կարողացավ հաղթահարել վախը, ավելի ինքնավստահ դարձավ։ Ժողովուրդը հոգեբանորեն պետք է հասունանա, չէ՞, որ քայլ կատարի»։

Մեկնաբանություն
X