Դուք արդեն պատմությո՞ւն եք

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հուլիսի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»:

Ահա այսպես, հինգօրյա ժամկետում, Հայոց պատմության մի ինչ-որ շրջանը ներկայացնող որեւէ ցուցասրահ հապշտապ կդատարկվի եւ տեղում ցուցադրության կդրվեն երկու ամիս առաջվա հեղափոխության մասունքները: Հիմա ավելի կարեւոր է թանգարան այցելող տեղացիներին ու օտարներին ցույց տալ թավշյա հեղափոխության «տաք» վկայությունները, քան ասենք հայոց պատմության հնացած… Միայն հարգարժան նախաձեռնողներին կուզենայի հարցնել. «Դուք արդեն պատմությո՞ւն եք»:

Ինչպե՞ս հասկացաք, որ պատմություն եք ժամանա՞կը փաստեց, թե դուք որոշեցիք: Եթե ժամանակը… հավանաբար դրա համար ժամանակ էր պետք: Թե՝ դուք հին տիրակալների պես, որոնց հետեւից քայլում էին պատմիչները եւ պատմության համար տեղում արձանագրում էին պատմական դեմքերի պատմական արարքներն ու մտքերը: Այլապես, եթե թողնես ժամանակին շատ բաներ կարող են մոռացվել, բացի այդ շատ նենգ է ժամանակը. մի բան դու մի կերպ ես գնահատում, իսկ ինքը կարող է եւ ուրիշ կերպ… Մյուս կողմից, ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունը շարունակվում է, որպես նոր Հայաստանի կերտման գործընթաց, կարելի է հընթացս, պատմական նոր արժեքները, հրապարակներից ու կաբինետներից բերել թանգարան: Բնականաբար ես մարդկանց նկատի չունեմ, այլ իրեղեն պատմական արժեքները: Հուսով եմ ինձ ճիշտ հասկացաք:

Սամվել Հակոբյան

Մեկնաբանություն
X