Բախվեցին Դանիելի «գիտական» անցյալն ու ՀՀԿ-ի «ռեյտինգային» ապագան

Կառավարությունը կրակն է գցել օրենսդիրներին՝ Դանիել Իոաննիսյանին նշանակելով ԸՕ բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար։ Ամեն անգամ Դանիելին ուղարկում են խորհրդարան ու գցում ԱԺ «գելուգազանների» ձեռքը։ Դանիելն էլ ինչ-որ բան է ասում ու կրակն ընկնում, չի իմանում՝ դա իր անունի՞ց հայտարարի, թե՞ կառավարության։ Եթե իր անունից ասի, ԱԺ-ն կասի՝ դու ո՞վ ես, որ քո կարծիքն ես ներկայացնում, կառավարության անունից ասի՝ կարող է պարզվել, որ կառավարությունն այլ կերպ է մտածում։ Չի էլ կարող ամեն հարցից հետո ասել՝ սպասեք գնամ կառավարությունից ճշտեմ դրա պատասխանը, գամ ասեմ։ Դրա համար էլ երեկ մի քանի ժամ չէին կարողանում կոնսենսուսի գալ մի պարզ հարցի շուրջ՝ կոնսենսուսի գալո՞ւ են ԸՕ նոր նախագծի շուրջ, թե՞ ոչ։ Իսկ առանցքում նախեւառաջ ընտրական մոդելի ընտրության հարցն է։ Կառավարությունն առաջարկում է հրաժարվել ռեյտինգայինից ու անցում կատարել փակ ցուցակներով համամասնական տարբերակին։ Դրան դեմ չեն քաղաքական ուժերը, բայց ունեն վերապահումներ՝ ուզում են, որ, այսպես կոչված՝ ռեյտինգայինի որոշակի տարրեր պահպանվեն, այսինքն՝ ընտրողը որեւէ կերպ իր տարածքից պատգամավոր ընտրելու հնարավորություն ունենա։

ՀՀԿ-ն, օրինակ, այս թեմայով «տնային աշխատանք էր» կատարել՝ մշակելով ընտրական մոդելի չորս տարբերակ, որոնք էլ ներկայացրեց Դավիթ Հարությունյանը։ Դրանք, ըստ նրա, իդեալական չեն, բայց Հարությունյանն ինքը նախընտրում է չորրորդ տարբերակը։ «Այդ չորրորդ մոդելը հետեւյալն է․ մենք ունենում ենք երկու քվեաթերթիկ, մի քվեաթերթիկը զուտ կուսակցական քվեաթերթիկ է, երկրորդ քվեաթերթիկը շատ նման է այն քվեաթերթիկին, որը մենք ունեցել ենք նախորդ ընտրությունների ժամանակ։ Մի պահ մի կողմ դնենք երկրորդ քվեաթերթիկը, իրականում մարդիկ ձայնը տալիս են այս կամ այն կուսակցությանը, եւ մանդատները բաշխվում են ըստ կուսակցության ստացած մանդատների։ Երբ մենք որոշեցինք, որ իքս կուսակցությունն ստացել է, օրինակ, 27 մանդատ, դրանից հետո պետք է հասկանանք՝ ում է գնում այդ 27 մանդատը։ Այդ դեպքում մենք կարող ենք բաժանել երկու մասի՝ մի մասը գնում է համապետական ցուցակից, մյուս մասը գնում է տարածքային ցուցակներից։ Ընդ որում՝ մանդատները բաշխվում են՝ կախված, թե այս կամ այն ցուցակում քանի տոկոս ձայն ես ստացել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Սրանով ՀՀԿ-ն, փաստորեն, ցանկանում է նրբորեն իր ռեյտինգային համակարգն այլ փաթեթավորմամբ առաջ բրթել։

Հետո հնչեցին ՀՅԴ-ի ու «Ելքի»-ի մոտեցումները։ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը երկար-բարակ խոսեց, որից պարզ դարձավ, որ իդեալական մոդել չկա, եւ ամեն մոդել իր խոցելի կողմերն ունի, այդ թվում՝ իրենց առաջարկած մոդելը՝ համամասնական ընտրակարգ, բայց բաց ցուցակներով եւ երկրի ամբողջ տարածքով։ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանն էլ դեմ չէ Դաշնակցության տարբերակին՝ համարելով, որ դա քննարկելի տարբերակ է։ Հետո անկեղծացավ․ «Չնայած քաղաքական իրավիճակն էնպիսին է, որ էս օրենսգիրքն էլ մնա, ես էլի խնդիր չեմ տեսնում»։

Մինչ խորհրդարանականները որոշում էին իրենց անելիքը, ու ամեն ինչ խաղաղ էր ընթանում, ուշացումով դահլիճ մտավ Դանիել Իոաննիսյանը, ու էլի սկսեցին իրար չհասկանալ։ Որպեսզի գան հանգուցալուծման, որոշեցին, որ պետք է խորհրդարանական ուժերը գրավոր իրենց առաջարկներն ուղարկեն միմյանց, հետո ընտրեն մի միջանկյալ տարբերակ, որը կմիավորի բոլոր մոդելների լավագույն կողմերը, ու ներկայացնեն կառավարության դատին։ Բայց նախ Արմեն Ռուստամյանը ճշտեց՝ իրենք կարո՞ղ են քննարկել մի ընտրական մոդել, որով ընտրողին հնարավորություն է տրվելու միջամտել մանդատների բաշխմանը։ Այսինքն՝ այնպիսի ընտրակարգ, որը կունենա ռեյտինգային ընտրակարգի տարրեր։ Այստեղ Դանիել Իոաննիսյանը բուն հարցին պատասխանելու փոխարեն երկար-բարակ սկսեց մեկնաբանել, թե ինչ առավելություն ունի փակ համամասնական տարբերակը եւ այլն։ Կեսից տեղի տվեցին Արփինե Հովհաննիսյանի նյարդերը, նա ընդհատեց Դանիելին՝ փորձելով նրան վերադարձնել կառուցողական դաշտ։ Հարցրեց՝ ի վերջո համաձա՞յն է այն առաջարկին, որ հնչեց։ Դանիելն էլ այստեղ, որպես հարցի պատասխան, հիշեց իր գիտական անցյալը․ «Ես միգուցե նախկին, միգուցե չհաջողված, բայց գիտնական եմ եւ ես սովոր եմ, երբ որ հնարավոր է ինչ-որ թվեր, փաստեր ուսումնասիրել, դրանք ուսումնասիրել եւ դրանց որոշման հիմքում դնել»։ Դարձյալ միջամտեց Արմեն Ռուստամյանը՝ հիշեցնելով բուն հարցը։ Դանիելը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում ամրագրված է, որ իրենք հրաժարվում են ռեյտինգային համակարգից, իսկ ՀՅԴ-ի առաջարկը, ըստ էության, ռեյտինգայինի տարատեսակ է։

Այստեղ կրկին միջամտեց Արփինե Հովհաննիսյանը․ «Որ Դուք ասում եք ռեյտինգային, նկատի ունեք տեսական գրականության մեջ առկա բանաձեւված ռեյտինգայի՞նը, թե՞ նկատի ունեք այն, ինչ Դուք եք հասկանում ռեյտինգային ասելով»։ Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ հարցն այն չէ, թե ինչպես է ինքը հասկանում ռեյտինգայինը։ «Որովհետեւ դա գրված է կառավարության ծրագրում եւ դա քվեարկվել է խորհրդարանի կողմից։ Եվ եթե խորհրդարանին հասկանալի չէր, թե ծրագրի այս կամ այն եզրույթն ինչ էր նշանակում, ես կարծում եմ, որ դա կարելի էր այն ժամանակ հարցնել»,- տակից դուրս եկավ նա։ Արփինեն հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին։

Նաիրա Զոհրաբյանն էլ հարցրեց Դանիելին՝ ինքը լիազորվա՞ծ է ներկայացնելու կառավարության աշխատանքային տեսակետը։ «Այո, եւ ես ասում եմ, որ կառավարության աշխատանքային խումբը թեեւ քննարկել է այս տարբերակը եւ մերժել է՝ գալով մյուս եզրահանգման, այդուհանդերձ, կառավարության հանձնաժողովը չունի դիրքորոշում այն մասին, թե որքանով է այս տեսակետը հակասում կամ չի հակասում կառավարության ծրագրին։ Եվ եթե Դուք այստեղ՝ այս հանձնաժողովում գտնում եք, որ չի հակասում, խնդրեմ, քննարկենք, հասկանանք։ Հո մենակ Դանիել Իոաննիսյանի անձնական պատկերացումներո՞վ չէ»,- ասաց նա։ «Էդ մեկը՝ հաստատ»,- նետեց Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանն էլ ավելացրեց․ «Արդեն տեղ բացվեց, որ մենակ Դանիել Իոաննիսյանի անձնական պատկերացումներով չէ»։

Ի վերջո, որոշվեց մի քանի օր էլ աշխատել, ի մի բերել իրենց առաջարկները, ուրբաթ օրը նորից հավաքվել, քննարկել ու ԱԺ-ի կողմից մեկ միասնական փաստաթուղթ ներկայացնել կառավարությանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X