Կորչի ստրկությունը

Հասարակության քաղաքակիրթ հատվածը դժգոհում է՝ ե՞րբ են դադարեցնելու այս բռնել-բռնելոցիները, բա ասում էիք՝ վենդետաներ չե՞ն լինելու, սա հոկտեմբերյան հեղափոխությո՞ւնն է, որ ունեւորներին ունեզրկեք, նախկին իշխանավորներին դատեք ու վտարեք երկրից եւ իշխանության բերեք պրոլետարներին։ Բայց հասարակության մի մեծ խավ ոչ միայն հրճվում է այս դատ ու դատաստաններից, պահանջում բռնել ու դատել բոլորին, խլել ու ունեզրկել, այլեւ հենց ինքն է հաճույքով մասնակցում եւ աջակցում դրան։

Մենք տեղեկացանք, որ գերատեսչությունների թեժ գծերը հեղափոխությունից հետո ոչ մի վայրկյան չեն լռում, մարդիկ նաեւ հազարավոր դիմում-մատնագրեր են հղում իրավապահներին՝ պահանջելով բացել հին՝ «քնած» գործերը, պատժել հին ու նոր հանցագործներին, ստուգել բոլորի ունեցվածքի ծագումը, խլել անաշխատ հիմունքներով կուտակված եկամուտները, ազատել պրոտեկցիայով աշխատանքի ընդունվածներին, զրկել լիցենզիաներից եւ այլն։ Մեզ պատմեցին նաեւ, որ բոլոր օղակներում, ծառայություններում այս օրերին վախենում են անգամ մի տուփ շոկոլադ վերցնել, որ կոռուպցիայի մեջ չմեղադրվեն։

Իսկ տարբեր ծառայություններից օգտվող քաղաքացիներն այնքան են ինքնավստահ դարձել, որ պահանջում են իրենց սպասարկել կայծակի արագությամբ՝ չէ՞ որ երկրում հեղափոխություն է եղել, եւ իրենք իշխանություն են ձեւավորել։ Երբեմն այդ պահանջները, իհարկե, օրենքի շրջանակներում չեն, եւ ոմանք շահարկում են իշխանափոխության հանգամանքը, բայց, մեծ հաշվով, սա դրական փոփոխություն է։ Իշխանության լծի տակ կքած մարդիկ շտկել են մեջքը, հաղթահարել են վախը, տեր են կանգնել իրենց իրավունքներին եւ այլեւս թույլ չեն տալու շահագործել իրենց ու ստրկացնել։ Սա քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին խոշոր եւ ողջունելի քայլ է։

Մեկնաբանություն
X