Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորների կրակոցներից Փանիկի բնակիչները սարսափահար են եղել/ տեսանյութ/

Այսօր Շիրակի մարզի Փանիկ համայնքի բնակիչները ողջ օրը տագնապի մեջ են եղել: Բանն այն է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները գյուղի սկզբնամասում զորավարժանք են անցկացրել, որի հետևանքով ողջ համայնքը սարսափահար է եղել։ Բնակիչների պատմելով կրակոցները, դղրդյունները երկար ժամանակ չեն դադարել, եւ այնպիսի զգացողություն են ունեցել, թե պատերազմական վիճակ է:

Փանիկի բնակիչ Արմեն Գևորգյանը նույնիսկ նկարահանել է տեսարաններ զորավարժանքից, որն իսկապես հիշեցնում է պատերազմական իրավիճակի: «Իրենց հրամանատարի խոսքով, ով նույնիսկ չէր ուզում ներկայանալ, դա եղել է հրաման։ Հուսամ, որ պատկան մարմինները այս հարցի շուրջ լուծումներ կգտնեն»,- ընդգծում է նա՝ միաժամանակ նշելով, թե որքան են վախեցել երեխաները: «Էնպիսի տպավորություն էր, թե սահմանամերձ գոտիում ենք գտնվում, եւ թշնամին անցել է հարձակման, պատկերացնում եք՝ ինչ վիճակում էինք հայտնվել»,-մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Ի դեպ տեղեկացանք, որ համայնքապետ Վարդան Մակեյանը այսօր կեսօրին դիմել է ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն, քանի որ որևէ մեկի կողմից նախազգուշացում չի եղել համայնքի տարածքում զորավարժություններ անցկացնելու մասին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողների իրականացրած գործողություններից բնակիչները խուճապահար են լինում:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X