«Սարի թաղի» գործով տղաներից մեկը կրկին անազատության մեջ է

Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումների գործով անցնող, մոտ մեկ ամիս առաջ ազատության մեջ հայտնված Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է։ Այս մասին «Հրապարակ»-ին է ահազանգել Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը։

Վերջինիս խոսքով՝ ամուսինը ընկել է պատմության մեջ եւ դարձել պատահականության զոհ․«Իր խցակից ընկերը խնդրեց՝ մի հատ գումար կա վերցնելու, իմ թավանի (խաղաթղթով տարված փող )փողն ա, իրենց ներսում՝ գողական աշխարհում, որ մարդկանց խաղացնում են, ներսում էդ գումարներով գոյատեւում են։ Նախնական պայմանավորվածություն ա եղել, որ մարդ պիտի հանդիպի, էդ գումարը վերցնի, քանի որ իմ ամուսինը ուշանում է այդ պայմանավորված ժամից, գնում, ասում է, որ ուշացել ես, քեզ չենք սպասել, էդտեղ կառոպկով գումար կա դրած, վերցրու, գումարը, վերցնում ա ու 6-րդ վարչության տղաները թափում են էդ ավտոմեքենայի վրա։ Գումարի չափի մասին ինքը տեղյակ չի եղել, հետո պարզվում ա, որ դա գումար չի լինում, լինում ա թմրանյութ։ Այսինքն՝ դա կազմակերպված է, քանի որ ինքը ակտիվ է եղել, միշտ բողոքել է, պայքարել, ես միշտ բարձրաձայնել եմ, թե ներսի անօրինությունների դեմ, դուրս ա գալիս, որ կազմակերպված, շատ սիրուն ձեւով իրեն էլի 2 ամսով կալանավորել են»։

Ըստ տիկնոջ՝ ինքը հանդիպել է վերահսկող դատախազ Արսեն Կոստանյանին, խնդրել՝ ամուսնուն կալանավորման միջնորդություն չներկայացնել, սակայն դատախազը պատասխանել է, որ չեն միջնորդին, երբ ամուսինը խոստովանական ցուցմունք կտա․ «Ես մտնում եմ վերահսկող դատախազի՝ Արսեն Կոստանյանի մոտ, ասում եմ՝ պարոն Կոստանյան, եթե իրեն կալանավորեն, ես շատ ծանր եմ տարել ու տանելու եմ էդ ամեն ինչը։ 2 տարի պայքարել եմ, ես հենց հիմա առողջական խնդիրներ ունեմ, ինքը ինձ պատասխանում է՝ երբ դու կասես քո ամուսնուն օգտակար ցուցմունք կտա, էդ ժամանակ մենք իրեն բաց կթողնենք, այսինքն՝ խոստովանական ցուցմունք, որ ինքը տեղյակ է եղել, որ ինքը նարկոտիկ է վերցնելու։ Բացատրությունը գրելուց հետո ազատ ա արձակվում, ամուսնուս հարցնում եմ՝ դու տեղյա՞կ ես եղել էդ ամեն ինչից, ասում ա ես ո՞նց կարամ տեղյակ լինեմ ու նման բան անեմ։ Անցավ․ արդեն հուլիսի 3-ին եկան խուզարկության, ոչինչ չհայտնաբերեցին, որովհետեւ մեր տունը նարկոմանի տուն չի։ Անալիզների պատասխանը եկել ա նորմալ, որ ինքը օգտագործող չի։ Հետո Կոստանյանը զանգում ա քննիչին, ասում ա հլը ոչ մի բան մի արեք, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել ա ՝ կմտածեմ՝ կկալանավորե՞մ իրեն, թե՞ ոչ։ Իմ ամուսինը մինչեւ հիմա ցուցմունք չի տվել էդ գործի վերաբերյալ, հուլիսի 5-ին ես գնում եմ ձերբակալվածների վայր իրեն տեսնելու, պաշտպանները զանգում են ինձ, ասում են՝ իրեն տանում են կալանավորման։ Հանրահայտ Մակյանն ա կալանավորել։ Իրավապահ համակարգի աշխատողները նախկին ռեժիմի ծառաներ են, դիմադրում են էս հեղափոխությանը, փորձում են վրեժ լուծել իմ ամուսնուց, քանի որ ակտվ ենք, պայքարող ենք»։

Լալա Բերնեցյանը պատրաստվում է ԱԱԾ դիմել․ «Ես դիմելու եմ ԱԱԾ, ի՞նչ գործ ունի վերջինի սերնդի հեռախոսը կալանավորի մոտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Սերոբի մոտ, ինքն ա ուղարկել իմ ամուսնուն, հետո ես իմանում եմ, որ ինքը էդ թմրանյութի համար է դատապարտված։ Ես պարոն Փաշինյանին նամակներ եմ ուղարկել, որ նայեք ինչ ա կատարվում, թողեք կալանավայրից դուրս գա, ապացուցի իր անմեղությունը, պարոն Փաշինյանի կաբինետից նամակն ուղարկում են դատախազություն, իրենք արձագանքեցին, զանգահարել են, քրեական գործի համարն են ուզել, քննիչի անունն են հարցրել, ու պատասխան չունեմ մինչեւ հիմա»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X