Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյաներն էլ աշխատանքից հեռացան նույն պատրվակով

Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ուշագրավ է, որ, ըստ վարչության պետի, իր աշխատանքից հեռանալու գլխավոր պատճառը Երևանում նոր աշխատանք ունենալն է, եւ որ ընտանիքը նույնպես այնտեղ է տեղափոխվում:

Մեսրոպ Բզնունուն այս պաշտոնին նշանակեց նախկին մարզպետ, այժմ՝ գյուղնախարար Արթուր Խաչատրյանը՝ Հովհաննես Հովհաննիսյանի փոխարեն: Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելը փոքր-ինչ սկանդալային եղավ: Վարչության պետի պաշտոնից հրաժարվելու պատճառը նրա տված հարցազրույցն էր aravot.am-ին:

«300 գրամ ծնվածին ո՞վ էր մարդ համարում, հիմա է, որ ՀՀ քաղաքացի են անվանում» հոդվածում Շիրակի առողջապահության վարչության պետը անդրադարձել էր Արթիկի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» 800 գրամ քաշով նորածնի մահվան հանգամանքներին, կարծիք հայտնել, որի պատճառով մարզպետարանում աղմուկ էր բարձրացրել։ Թեև Հովհաննես Հովհաննիսյանի հաջորդ քայլը մահացած նորածնի ծնողներից ներողություն խնդրելը եղավ, այնուամենայնիվ նրան չներեց երևանցի մարզպետը: Արթուր Խաչատրյանը մամուլում նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ վարչության պետն իր պաշտոնին ոչ հարիր արտահայտություն է արել, նկատողություն է ստացել, սակայն աշխատանքից ազատվելու հրահանգ չի ստացել: Միայն թե արդեն իսկ լարված մթնոլորտում վարչության պետն աշխատելու ցանկություն չի ունեցել եւ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Չնայած նրան, որ Մեսրոպ Բզնունին 5 տարուց ավելի է՝ աշխատում էր մարզպետարանում, այնուամենայնիվ առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնն ստանձնելիս քննադատվեց, քանի որ մասնագիտությամբ բժիշկ չէր եւ ոլորտի հետ չէր առնչվում: Թե ո՞վ է փոխարինելու նրան, առայժմ հայտնի չէ: Նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը չի շտապում հայտնել թեկնածուի անունը: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը։ Նա այդ պաշտոնին էր 2002թ-ից: Մեզ հետ զրույցում Խաչատուր Պողոսյանը նույնպես ընդգծեց, թե դիմումը պարտադրված չի գրել, հեռանում է Գյումրիից՝ Երևանում նոր աշխատանք գտնելու մտադրությամբ, ընտանիքը նույնպես մայրաքաղաքում է:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X