Գիշերը «Նուբարաշեն» հոգեբուժարանում քաշքշուկ է եղել. տեսանյութ

Երեկ գիշեր Նուբարաշենում գտնվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում քաշքշուկ է տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով, միջադեպի կողմերից մեկը եղել է կենտրոնի նորանշանակ տնօրեն Նարեկ Վանեսյանը։ Միջադեպին խառնվել է անգամ ոստիկանությունը։

Ըստ տնօրենի պարզաբանման, երեկ երեկոյան իր աշխատասենյակ է ներխուժել հիվանդապահներից մեկի որդին, իրեն քաշքշել, քանի որ մորը գիշերվա ուշ ժամի դուրս է հրավիրել կենտրոնից․ «Իմ նշանակումից հետո ես պարբերաբար ստուգայցեր եմ կատարում՝ հիվանդանոցի գիշերային գործունեությանը ծանոթանալու, խնդիրները վերհանելու եւ հետագայում լուծելու առումով։ Գիշերը հայտնաբերել եմ մարդիկ, որոնք իրավունք չունեին այդ ժամին գտնվելու հիվանդանոցում եւ սկզբից փորձում էր թաքցնել, թե ինչի են իրենք էստեղ, հետո, երբ հասկացանք, որ ինչ-որ մեկի հարազատների պահանջով են, հետագայում վճարումներ անելու պայմանով են էստեղ գտնվում, ես նախ տեղյակ չէի, որովհետեւ ցանկացած հիվանդի խնամողի լինելու դեպքում բնականաբար բաժնի վարիչի թույլտվությունն է անհրաժեշտ եւ տնօրենի համաձայնությունը։ Ես խնդրել եմ այդ տիկինը դուրս գա հիվանդանոցից, տիկինը նշել է, որ ինքը Նուբարաշեն համայնքից է եւ կկարողանա տղային զանգել, որ իրեն տանի։ Ինքը խոսել է տղայի հետ, տղան գիշերը եկել է, իրեն տարել է։ Հաջորդ օրը տղան բավականին բորբոքված ներխուժել է իմ սենյակ, եւ պացիենտների որոշ հարազատներ ներխուժում են իմ սենյակ, հետո հասկանում են, որ տնօրենը գործառույթների հետ կապ չունի։ Էդ տղան ոչ ճիշտ է իրեն պահել, իր կողմից եղել է որոշակի քաշքշուկ։ Ես չհասցրի որեւէ բան անել մեր աշխատակիցները ներս մտան, ես կարողացել եմ ինձ բավականին հավասարակշիռ պահել»։

Նարեկ Վանեսյանը հունիսի 26-ից է նշանակվել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչ այդ Միքայել Գեւորգյանն է եղել, որը չի հարմարվել պայմաններին եւ երկու շաբաթ աշխատելուց հետո հրաժարվել է։ Նոր տնօրենն ընդամենը 20 օր է աշխատում եւ այդ ընթացքում հասցրել է պատմությունների մեջ ընկնել եւ կոլեկտիվի կողմից էլ միանշանակ չի ընդունվել։ Տնօրենը պատմում է, որ գիշերվա դեպքն իր աշխատասենյակ ներխուժման չորրորդ թե հինգերորդ դեպքն է․ «Պացիենտի հարազատը ներխուժում է իմ սենյակ, փորձում է իրեն ոչ ճիշտ պահել, հետո հասկանում է, որ որեւէ առնչություն չկա։ Անվտանգության առումով էլ ունենք մի իրավիճակ․ ես դիմել եմ ոստիկանության ՊՊԳՎ վարչությանը, որը ապահովում է մեր անվտանգությունը, որ ձեր աշխատակիցները չեն կատարում իրենց պահանջը։ Այդ աշխատակիցների մեջ կան 1-2-ը, որ իրենք էլ են դժգոհ, որ մենք դժգոհում ենք իրենց աշխատակիցներից եւ քաղաքացիներին իրենք են ուղղորդում իմ սենյակ։ Մենք, հավանաբար, ավելի պատրաստված անձանց կներառենք աշխատանքի, որովհետեւ տնօրենի անձը, ադմինիստրացիան մի կողմ դրած, մենք ունենք պացիենտեր, որոնց անվտանգության համար ենք մեր պատասխանատու»։

Բացի վերը նշված կոնֆլիկտից, Նարեկ Վանեսյանը դժգոհում է բուժհաստատությունում ստեղծված իրավիճակից։ Նա ասում է, որ կարգապահություն չկա, հիվանդների նկատմամբ ոչ համապատասխան վերաբերմունք է առկա։ Նրա խոսքով՝ կան սանիտարներ, որոնք հայհոյանքով են խոսում հիվանդների հետ, լավ չեն վերաբերվում․ «Մենք ամեն օր էստեղ առնչվում ենք էնպիսի դեպքերի հետ, որոնք 20-30 տարվա պատմություն ունեն, մարդիկ կան, որոնք սովոր են աշխատել նույնպիսի ձեւով, որը նոր Հայաստանի պահանջների հետ չի համապատասխանում։ Էստեղ կա Մարդու իրավունքների պաշտպանի զեկույց, որի գրեթե մեծ մասի հետ ես համաձայն եմ եւ փորձում եմ այս խնդիրը լուծել՝ սկսած պացիենտների իրավունքներից, վերաբերմունքից։ Էստեղ կա անառողջ վերաբերմունք որոշ պացիենտների նկատմամբ որոշ սանիտարների կողմից, սրանք ընթացիկ խնդիրներ են, որոնք ես պետք է լուծեմ։ Այս պարագայում, եթե կան մարդիկ, որոնք ունեն որոշակի ընդվզում, ուրեմն ընդվզում ունեն արդարացիության, ճիշտ աշխատանքի եւ իրավունքները պաշտպանված հոգեկան խնդիր ունեցող անձի նկատմամբ։ Այսինքն՝ որեւէ մեկի նկատմամբ որեւէ բան չի կատարվում ինքնահոսի, խնդիրներ կան, որ տեսել ենք սանիտարը պացիենտին հայհոյանքներ է տալիս, բնականաբար այդ խնդիրները չեն կարող անդրադարձ չունենան, եւ համապատասխան կարգապահական ինչ-ինչ գործառույթներ չկիրառվեն իմ կողմից»։

Կենտրոնի երկրորդ բաժամունքի վարիչ Սեդրակ Թադեւոսյանը նշում է, որ արդեն 35 տարի աշխատում է կենտրոնում, սակայն երբեւէ չի տեսել, որ հիվանդի հարազատները հատուկ խնամակալ վարձեն, որովհետեւ հիվանդի համար պատասխանատու է կենտրոնը․ «Առիթ եմ ունեցել հանդիպելու տարատեսակ միջադեպերի, այս միջադեպը եւս բավականին տհաճ էր ինձ համար։ Տեղեկացել եմ դրա մասին առավոտյան՝ հիվանդանոց մտնելուց, տեղեկացել եմ աշխատակիցներից։ Իմացա, որ հիվանդին դրսից խնամողի որդին վրդովված ներխուժել է տնօրենի մոտ եւ այնտեղ տեղի ունեցել է այդ տհաճ միջադեպը։ Մեզ մոտ նման նախադեպ չի եղել, որովհետեւ հիվանդի համար պատասխանատվություն կրում է տվյալ հիվանդանոցը՝ ամենացածր օղակներից սկսած մինչեւ տնօրեն»։

Անդրադառնալով բուժաշխատողների վերաբերմունքին հիվանդների նկատմամբ՝ բաժանմունքի վարիչը նշեց․ «Ինչպես ցանկացած կոլեկտիվում կարող են լինել տհաճ դեպքեր, կոպիտ, անտակտ աշխատակիցներ, այնպես էլ այստեղ բացառված չեն եղել նման դեպքերը, որոնք հայտնաբերվել են, համապատասխան միջոցներ են կիրառվել։ Մենք ունեցել ենք նույնիսկ ընկերական դատարան, անկարգության համար մեղադրանք ենք ներկայացրել։ Ցանկացած ղեկավար կարող է ունենալ իր պահանջները, եւ մեր նոր նշանակված ղեկավարին դուր չի եկել այդ պահին այդ բաժանմունքում տվյալ սանիտարի կողմից դրսեւորած անտակտ վարքագիծը։ Դրանց կողքին աշխատում են բարեխիղճ, հոգատար աշխատակիցներ»։

Հիվանդը, որի շուրջ եղել է այս ամբողջ պատմությունը եղել է առաջին բաժանմունքում, այդ բաժանմունքի ավագ բուժքույր Արուսյակ Բարբարյանը նշում է, որ նա կենտրոնում երկար է պառկել, սակայն իրենց բաժանմունք է տեղափոխվել մոտ մեկ տարի առաջ. «Նախկին տնօրենի ժամանակ պայմանագիր է կապել, որ իզալյատոր լինի, դա վճարովի ծառայություն է, ծնողները դեմ են եղել, որ իրենց աղջիկը գտնվի ընդհանուր բաժանմունքում, դրա հետ կապված առանձին սենյակ են հատկացրել, որի համար վճարել են։ Եվ քանի որ աղջկա վիճակը թույլ չէր տալիս ինքը մենակ թեկուզ 5 րոպե մնար, հետեւաբար մեկը կողքը պետք է լիներ խնամող, ծնողներն ասել են, որ մենք կբերենք խնամող, մայրն ասել է, որ, եթե ես կարողանամ, օրեր կլինեն, ես կմնամ աղջկա մոտ, եթե չէ՝ ես խնամող կվարձեմ։ Եվ, այդ կինը, նախկինում մեր աշխատակիցն է եղել, թոշակի անցնելուց հետո ազատվել է աշխատանքից, քանի որ վաղուցվա հիվանդատերեր էին, ճանաչելով, իրենք այդ կնոջ հետ պայմանավորվել են, որ մնա այդ աղջկան խնամի։ Ներկայիս տնօրենն ասաց, որ պետք է իզալյատոր վճարովի ծառայությունը վերանա, մենք անմիջապես տեղյակ ենք պահել տվյալ հիվանդի ծնողներին, իրենք առավոտյան եկել են, մենք ասել են՝ եկեք, նրան պետք է իզալյատորից հանենք, նրանք անմիջապես եկել են, մոտեցել են տնօրենին, բացատրել են, որ վատ է, նեգատիվ է տրամադրված մոր նկատմամբ։ Եկան բաժանմունք, մեզ ասեցին, որ տնօրենն ասել է՝ առայժմ թող մնա, մինչեւ ես կորոշեմ ոնց կլինի։ Դրանից հետո, գիշերը 4 անց համայց է կատարել տնօրենը, բացել է այդ սենյակը, տեսել է, որ աղջիկը քնած է, հիվանդապահը էդտեղ է եղել, ասել է՝ լքի տարածքը։ Ճիշտն ասած, ես առավոտյան եկա, տեսա բոլորը վատ վիճակի մեջ են, հետո իր մայրն է զանգ տալիս, թե ինչի եք իմ աղջկան էսքան ժամանակ մենակ թողել, ես չէի հասկացել ինչումն է բանը, հետո մանրամասն ներկայացրին, որ տնօրենը ստիպել է, որ այդ կինը դուրս գա վառոտներից դուրս, գնա, էնտեղ շներ են եղել։ Հետո հայրն ու մայրը եկան, հայրը դժգոհ ձեւով ասեց, որ մենք պայմանագիր ենք կապել։ Տնօրենը հերթապահ բուժքրոջն էլ է ասել, որ բացատրություն գրեք, թե ինչի է էս մարդը էստեղ։ Մենք ուղղակի գիտենք, որ պայմանագիրը կա։ Բայց հայրն ու մայրը շատ դժգոհ էին, ասում էին, որ 14-րդ հարկում են ապրում, եթե հանկարծ մի բան պատահի, դուք եք մեղավոր։ Իրենք ստիպված տարել են աղջկան»։

Ավագ բուժքրոջ խոսքով՝ տնօրենի վերաբերյալ թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ կան Կենտրոնում, անձամբ ինքը 3 անգամ հանդիպել է եւ վատ տպավորություն չի ստացել․ «Եթե տնօրենը հատուկ դեպքեր նկատել է, ուրեմն ինքը նկատողություն արած կլինի, մեծ հիմնարկ է եւ, կարող եմ ասել, առողջապահության ոլորտում ամենաբարդ բնագավառը հոգեբուժությունն է եւ հոգեբուժարանն է... Այնքան տնօրեն փոխվեց վերջին ժամանակներում, նախկին տնօրենը, որ եկել էր իր խմբով, բնականաբար դա ընդունվում էր ոչ ջերմ, բայց որոշ ժամանակ աշխատելուց հետո հասկացանք, որ այդ մարդիկ չեն եկել վատ վերաբերմունք ցույց տալու, իսկ մեր ներկայիս տնօրենին ես անձամբ հանդիպել եմ 3 անգամ, տպավորությունը վատ չի, բայց տարաբնույթ բաներ եմ լսում։ Ե՛վ լավն են ասում, ե՛ւ վատը»։

Նշենք, որ Նարեկ Վանեսյանին նշանակել է առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանը, նա աշխատել է Գյումրիի Բժշկական կենտրոնում՝ զարգացման գծով տնօրենի տեղակալն է եղել։ Մենք նաեւ ճշտեցինք, որ Նարեկ Վանեսյանը ժամանակին Իջեւան ԲԿ-ի տնօրեն, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետն է եղել։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X