98-ամյա բժշկի ցանկությունը կատարվեց. տարեդարձը տոնեց ու վախճանվեց Գյումրիում

Երեկ Գյումրու բժշկական կենտրոնում մահացավ հայազգի նյուրորքաբնակ բժիշկ, բարերար, Հովհաննես Օյունջանյանը: Նա Գյումրի էր եկել հատուկ նպատակով՝ ցանկանում էր մեծ համերգասրահ կառուցել եւ նվիրել հայրաքաղաքին: Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ Գյումրու ավագանին արտահերթ նիստ հրավիրեց եւ երկար քննարկումներից հետո միայն որոշում կայացրեց քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի №47/6 հասցեում գտնվող հողամասը հատկացնել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ համերգասրահի շենք կառուցելու նպատակով:

Հուլիսի 13-ին՝ Հովհաննես Օյունջյանի ծննդյանը օրը, Գյումրու Օյունջյան վարժարանի հարևանությամբ տեղի ունեցավ «Հովհաննես Օյունջյան» անունը կրող համերգային դահլիճի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր անձամբ բժիշկը եւ տոնում էր 98-ամյակը: Մեր տեղեկություններով՝ հենց հաջորդ առավոտյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ ստիպված են եղել հոսպիտալացնել: Ասում են՝ բժիշկներն արգելել էին նրան տեղաշարժվել, սակայն հայրենիքում գտնվելու ցանկությունը չափազանց մեծ է եղել: Մեր տեղեկություններով, նրան, հավանաբար, հայրենիքում էլ կհուղարկավորեն:

Նշենք, որ Օյունջյանի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Գյումրու թիվ 21 միջնակարգ դպրոցը՝ վերածվելով «Օյունջյան» ուսումնական համալիրի: Գյումրիում հիմնել է նաև «Վարդուհի» արվեստի դպրոցը, որի եռահարկ շինությունն ունի բոլոր հարմարությունները գյումրեցի փոքրիկների անվճար կրթությունը և գեղագիտական դաստիարակությունը բարձր մակարդակով իրականացնելու համար: Նա Գյումրու պատվավոր քաղաքացի է:

Ավելացնենք, որ բարերար-բժշկի նոր նախաձեռնությամբ մեկ ու կես տարվա ընթացքում նախատեսվում է նոր համերգային դահլիճի կառուցում, որը կունենա ժամանակակից բոլոր հարմարություններն ու հնարավորությունները, ակուստիկա և կահավորում, 300 նստատեղ։ Շինաշխատանքներն իրականացնելու է «Կանակա» շինարարական ընկերությունը։

Մեկնաբանություն
X