Փաշազադեն հատուկ ծառայություն ունի՞

Հուլիսի 17-ին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն այցելել է Գյանջա, որտեղ Իմամզադե մզկիթում հանդիպել է քաղաքի հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա մի քանի սադրիչ հայտարարություններ է արել: Փաշազադեն, մասնավորապես, անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իր վերջին հանդիպմանը, որի ժամանակ, իբր, ինքը հարցրել է, թե ինչու՞ է Հայաստանն անընդմեջ «սադրանքներ կազմակերպում Ադրբեջանի դեմ»,- որին ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսն ասել է, թե «պատճառն Ադրբեջանի հզորությունն է»:

Այս «բացահայտումն» անելուց հետո Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն ավելացրել է, որ եթե Գարեգին Բ-ն «անձամբ խոստովանել է, որ Ադրբեջանի դեմ սադրանքների մասնակից է, ապա ոչինչ չի խանգարում, որ նա նույնն անի իր համախոհների միջոցով»: Փաշազադեն Գյանջայի դեպքերը որակել է ահաբեկչություն եւ ասել, որ այն կազմակերպվել է «հարեւան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի գործակալների եւ օգնականների կողմից»:

Ավելի վաղ Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիեւը, որը Գյանջայի մահափորձի ենթարկված քաղաքապետի հարազատ եղբայրն է, ասել էր, որ «ահաբեկիչ Յունիս Սաֆարովի մայրը հայուհի է եւ հանդիսանում է ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից՝ բնակվելով Մոսկվայում»: Այդ թեզը, սակայն, Գյանջայի դեպքերով նախաքննություն իրականացնող մարմնի կողմից չի կարեւորվել: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն, ընդհակառակը, տեղեկատվական արտահոսք է կազմակերպել, որ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի հեղինակ Սաֆարովը տեւական ժամանակ բնակվել է Իրանում, անցել մարտական պատրաստության դասընթաց: Ադրբեջանի պատկան մարմիններն, այսպիսով, սլաքն ուղղում են Իրանի դեմ: Պաշտոնական Թեհրանի արձագանքն, ինչպես առիթ ենք ունեցել անդրադառնալու, բավական ենթատեքստային եւ զգուշացնող էր: Ըստ երեւույթին, դա է պատճառը, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը Գյանջայի դեպքերի «իրանական հետքը» թողել է մի կողմ եւ առաջադրել կատարվածի սեփական մեկնաբանությունը:

Փաշազադեն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ է կարգվել դեռեւս խորհրդային տարիներին եւ ունի ԿԳԲ-ի գործակալի համարում: Բայց որ նա «ունի հատուկ ծառայություն», որը կարող է Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի սեփական հետաքննություն իրականացնել եւ հանգել եզրակացությունների, չափազանց արտառոց է: Մնում է ենթադրել, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը սեփական անկատարությունը եւ հավատացյալների շրջանում բացահայտ վարկաբեկվածությունը քողարկելու նպատակով դիմել է ավանդական քարոզչամիջոցի՝ կատաղի հայատյացության, օգնությանը: Բայց ո՞վ կհավատա, որ Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքում, ընդ որում՝ արմատական իսլամականներից, ստեղծել գործակալական ցանց եւ դրդել ահաբեկչական գործողությունների: Եթե դա այդպես է, նշանակում է Հայաստանը լիովին վերահսկում է Ադրբեջանի հանրային կյանքը: Իսկ դա իր հերթին ենթադրում է, որ Ադրբեջանում աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները լիովին կորցրել են իրավիճակի տիրապետումը:

Մեկնաբանություն
X