Ես միգուցե նախկին, միգուցե չհաջողված, բայց գիտնական եմ․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր կայացավ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստում խորհրդարանական ուժերը ներկայացրին իրենց պատկերացումները ընտրական մոդելի վերաբերյալ։ Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է փակ ցուցակներով համամասնական տարբերակը՝ առանց ռեյտինգային տարրերի։

Սա բոլոր ուժերը չէ, որ միանշանակ են ընդունում։ ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանն, օրինակ, առաջարկեց չորս մոդել, որոնց դեռ կանդրադառնանք։ Երկար-բարակ քննարկման արդյունքում, սակայն, չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ընդ որում՝ ոչ թե ընտրակարգի մոդելի շուրջ, այլ այն հարցի շուրջ, թե ինչպես ներկայացնեն իրենց առաջարկները կառավարությանը իրենց պատկերացրած մոդելի շուրջ։

ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց վերցնել մի միջանկյալ տարբերակ և սկսեն քննարկել այդ տարբերակը, որը կմիավորի բոլորի առաջարկածների լավագույն տարբերակները, այլապես աշխատանքը անարդյունավետ կստացվի։ Նիստը վարող Նաիրա Զոհրաբյանն էլ հարց ուղղեց կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին՝ պատրա՞ստ են հիմա այստեղ փորձել իրենք կոնսենսուսի գալ մի ինչ-որ միջանկյալ մոդելի վրա, որը կլնի այստեղ հնչած առաջարկների միքսը և քննարկեն հենց այդ տարբերակը։

Ի վերջո, որոշվեց, որ խորհրդարանական ուժերը պետք է ամեն մեկն իր առաջարկը էլեկտրոնային տարբերակով ուղարկել միմյանց, քննարկել դա իրենց ներսում, գան ընդհանուր հայտարարի և ներկայացնեն կառավարությանը։ Ի վերջո, հերթը հասավ Դանիել Իոաննիսյանին, ով պետք է պատասխաներ՝ ընդունելի՞ է խորհրդարանականների առաջարկը, որ մի միջանկյալ տարբերակ որոշեն և ուղարկեն կառավարություն, թե՞ ոչ։

Դանիելը, բուն հարցին պատասխանելու փոխարեն երկար-բարակ սկսեց մեկնաբանել, թե ինչ առավելություն ունի փակ համամասնական տարբերակը և այլն։ Կեսից տեղի տվեցին Արփինե Հովհաննիսյանի նյարդերը, ով ընդհատեց Դանիելին՝ փորձելով նրան վերադարձնել կառուցողական դաշտ։ Նա հարցրեց՝ ի վերջո համաձա՞յն է այն առաջարկին, որ հնչեցվեց, որ գրավոր ուղարկեն իրենց միասնական առաջարկը կառավարությանը։ Դանիելն էլ այստեղ, որպես հարցի պատասխան, հիշեց իր գիտական անցյալը․ «Ես միգուցե նախկին, միգուցե չհաջողված, բայց գիտնական եմ, և ես սովոր եմ, երբ որ հնարավոր է ինչ-որ թվեր, փաստեր ուսումնասիրել, դրանք ուսումնասիրել և դրանց որոշման հիմքում դնել»։

Արփինե Հովհանիսյանն էլ հարցրեց՝ ո՞ր որոշման, պատրաստակամությա՞ն որոշման։ «Պատրաստակամության հետ կապված՝ ես ասացի, որ այո, պատրաստակամ ենք քննարկել»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ դրանք չպետք է դուրս գան Սահմանադրության շրջանակներից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X