Քաղաքական քննություն, որ միայն Զարուհին բռնեց

Զարուհի Փոստանջյանի գործողություններով երբեք հիացած չեմ եղել, իսկ նրա գլխավորած «Երկիր ծիրանի»-ի հոտավետ ակցիայից ուղղակի զզվել եմ: Բայց դա չէ հիմա էականը: Էականն այն է, որ այսօր միայն նա բռնեց թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած միակ քաղաքական քննությունը: Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները երեկ սաբոտաժ արեցին` տապալելով ավագանու նիստը:

Փոստանջյանը լրագրողներին ասել է` նրանցից ճշտեք, թե ինչու են այդքան համերաշխ։ Բայց էլ ի՞նչը ճշտենք կամ ինչո՞ւ ճշտենք, եթե արդեն իսկ պարզ է, որ գործ ունենք քաղաքական հացկատակների հետ, որոնք վախեցան իրենց հարաբերությունները պարզել ավագանու հատուկ նիստում:

«Ելքը», բնականաբար, վախենում էր, որ ՀՀԿ-ական ավագանին իր հանդեպ նույնքան հարգալից չի գտնվի, որքան ՀՀԿ ԱԺ պատգամավորական խմբակցությունը, եւ չեն գտնվի ՀՀԿ-ականներ, որոնք կքվեարկեն քաղաքապետի իրենց թեկնածուի օգտին: «Ելք»-ի այդ վախը պետք է բացատրել հասարակության շրջանում «հու-բու»-ի տրամադրությունների անկմամբ, ինչն իր հերթին ավելի համարձակ է դարձրել ՀՀԿ-ին եւ մասնավորապես ՀՀԿ-ական ավագանու անդամներին, որոնք շատ ավելի լավ են պատկերացնում տեղական ինքնակառավարման մարմնի տրամաբանությունը, քան իրենց ընդդիմախոս «Ելք»-ը: Չի բացառվում նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում բոլորովին այլ մարդու է պատկերացնում եւ այսկերպ «Ելքի» ավագանուն հուշում է, որ այնտեղ հարմար մարդ չկա այդ պաշտոնի համար:

Ինչեւէ, այժմ ընթացքը տանում է այնտեղ, որ ավագանին ցրվի, եւ նշանակվեն Երեւանի արտահերթ ընտրություններ` իրենց բոլոր ծափուծնծղաներով, Մուկուչյանն էլ` դատավոր: Իհարկե, սա այդ երկու ուժերին` «Ելք»-ին եւ ՀՀԿ-ին, առավելություն է տալիս Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, բայց դեռ հարց է, թե ինչ նոր քաղաքական ուժեր կփորձեն միջամտել Երեւանի նոր ընտրություններին: Խոսվում է ՀԱԿ-ի մասին, կարծում ենք` քայլ կանի նաեւ ԲՀԿ-ն, չի բացառվում ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի մասնակցությունը եւս: Նման մրցակցության պայմաններում հայտնի չէ, թե ինչ արդյունքներ կգրանցվեն։ Պետք է նկատի ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնի բերումով այլեւս չի կարողանալու բացահայտ աջակցել «Ելք»-ին եւ նրա հետ կտուրները բարձրանալ: Բացի այդ, «Ելքը», որպես իշխանական դաշինք, չի խուսափելու քննադատությունից, որը նրա համար կարող է շատ անսպասելի լինել:

ՀՀԿ-ականների հետ նիստից թռնելը, անշուշտ, պատիվ չբերեց «Ելք»-ին: Հիմա բոլորը խոսում են ՀՀԿ-«Ելք» պայմանավորվածությունների մասին, թեեւ կարելի էր «Ելք»-ից սպասել բոլորովին այլ` առավել ճկուն կեցվածք, օրինակ` Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանելը: Մի՞թե հենց իշխանափոխություն իրականացրած ուժն այնքան իշխանական դարձավ, որ նախկին իշխանությունների հետ խուսափում է օրենքով կարգավորվող քաղաքական գործընթացից:

Ինձ թվում է, որ այսօր ես կատարեցի նաեւ Երեւանի ապագա քաղաքապետի իմ ընտրությունը: Սիրելի Զարուհի Փոստանջյան, իմացեք, որ, եթե իմ նախընտրած քաղաքական ուժը որոշում կայացնի չմասնակցել Երեւանի ապագա ընտրություններին, ես սիրով իմ ձայնը տալու եմ Ձեզ` հուսալով, որ կգնահատեք այդ ձայնը եւ զերծ կմնաք հետագա բոլոր տեսակի հոտավետ գործողություններից:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X