ՀՀԿ-ն որոշում ունի, որը կհրապարակի այսօր

Այսօր տեղի կունենա Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը՝ խորհրդարանական ձեւաչափով։ Հիշեցնենք․ խորհրդարանական չորս ուժերից բաղկացած աշխատանքային խումբ է ձեւավորվել, որը կառավարական հանձնաժողովին զուգընթաց նիստեր է անում, քննարկումներ անցկացնում, որի ընթացքում ամեն ուժ իր առաջարկներն ու պատկերացումներն է ներկայացնում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ։ Բայց կառավարությունը կարծես որոշել է հաշվի չնստել ԱԺ աշխատանքային խմբի հետ եւ իր սեփական նախագիծը բերել ԱԺ՝ ներկայացնելու այդ նույն ուժերի դատին։ Նախորդ նիստերից մեկում կառավարության հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի քամահրական պահվածքից հետո խորհրդարանականները քիչ էր մնում դադարեցնեին հետագա քննարկումները, ուստի ԱԺ եկավ կառավարական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու փորձեց Դանիելի թույլ տված կիքսերն ուղղել։ Ի վերջո, եկան այն որոշման, որ կձգտեն ներկայացնել մեկ ընդհանուր՝ կոնսենսուսային նախագիծ, այլ ոչ թե կառավարությունը հին իշխանություների «դեմոկրատական» մեթոդներով ինչ ուզի՝ բրթի ու անցկացնի ԱԺ-ում։ Բայց այս մասով դեռ հստակ ու վերջնական որոշում չկա։ Ամեն դեպքում Արարատ Միրզոյանը, որը նախորդ նիստին ավելի շատ հաշտարարի դիրքերից էր հանդես գալիս ու առաջին անգամ էր մասնակցում այդ նիստին, ասաց, որ իրենք հաշվի են առնում բոլորի կարծիքը, այդ թվում՝ ԱԺ ուժերի, բայց հաստատ չնշեց՝ պարտադի՞ր է, որ կոնսենսուսով անցնի նախագիծը, թե՞ ոչ՝ ընդամենը ձգտում կա այդ ուղղությամբ։

Ի դեպ, Դանիել Իոաննիսյանի՝ նախորդ նիստի ժամանակ ինքնավստահ եւ վերամբարձ կեցվածքը, երբ պատգամավորներին խորհուրդ էր տվել իրենց հետ «բազարի» մեջ չմտնել, իրականում իր պատճառներն ունի։ Մենք տեղեկացանք, որ նիստից առաջ Դանիելը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ վստահեցրել է, որ ինչ նախագիծ էլ լինի, ԱԺ-ն կընդունի, եւ ՀՀԿ-ն ցանկացած դեպքում կողմ կքվեարկի։ Սա «դուխավորել» է Դանիելին ու առիթ տվել նման ելույթի՝ վրդովեցնելով պատգամավորներին։

Այսօրվա նիստի օրակարգային հիմնական հարցը լինելու է ընտրական համակարգի մոդելի քննարկումը։ Նոր իշխանությունները որոշել են իսպառ հրաժարվել ՀՀԿ-ի «մոգոնած» խիստ վտանգավոր ու մերժելի ռեյտինգային համակարգից՝ նախընտրելով փակ ցուցակներով համամասնական տարբերակը, երբ ընտրողը միայն քաղաքական ուժին է ձայն տալու։ Ռեյտինգայինը, հիշեցնենք, ՀՀԿ-ի վերջին մանիպուլյացիոն «սխրանքն» էր՝ հանուն վերարտադրության, որից դժգոհ էին նաեւ ՀՀԿ-ի ներսում՝ հիմնականում «գլադիատորների» վերածված ռեյտինգային թեկնածուները, որոնց Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ի «ուղեղներն» ուղղակի քաշեցին։ Նրանք մինչեւ հիմա հոգու խորքում, երբեմն էլ՝ բացահայտ, հայհոյում են գործող Ընտրական օրենսգիրքն ու ռեյտինգային համակարգը հորինողներին։ Համակարգ, որի արդյունքում մեծ փողեր ծախսեցին, բայց շատերը չանցան խորհրդարան՝ միայն ՀՀԿ-ն շահեց դրանից։

Սակայն այնպես չէ, որ նոր կառավարության առաջարկը բոլորի սրտով է։ Օրինակ՝ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից առաջարկում են ամեն դեպքում ռեյտինգավորման որոշակի տարրեր մտցնել փակ ցուցակներում, օրինակ՝ քվոտավորման տեսքով, որ մարզերի բնակչությունը կարողանա իր ներկայացուցչին ընտրել եւ ուղարկել խորհրդարան, ամբողջը ցուցակի ու կուսակցության որոշմանը չթողնվի։ Ամենաուշագրավը ՀՀԿ-ի դիրքորոշումն է, որը դեռ պարզ չէ։

Հանրապետականի կողմից հանձնաժողովում ընդգրկված Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը որեւէ հստակ տեսակետ դեռ չեն հայտնել՝ կո՞ղմ են ռեյտինգայինի վերացմանն ու 100 տոկոս համամասնականին անցմանը, թե՞ ոչ։ Ավելի շատ բավարարվել են այլոց կարծիքները լսելով ու դրանց շուրջ հարցադրումներ անելով։ Թեպետ նաեւ հասկացրել են, որ կառավարության առաջարկած մոդելի դեպքում իսպառ վերանում է մարզերի բնակիչների՝ տարածքից պատգամավոր ունենալու իրավունքը։ Ռեյտինգայինը մինչ այս պահը համոզմունքով պաշտպանած Դավիթ Հարությունյանը երեկ մեզ առաջարկեց սպասել այսօրվա քննարկմանը՝ չհստակեցնելով իրենց դիրքորոշումը․ «Կքննարկենք՝ կերեւա»։ Հարցին, թե իրենց կուսակցությունն այս հարցում որոշում ունի՞, Հարությունյանն ասաց․ «Ունի, բայց վաղը կքննարկենք՝ կերեւա»։

Իրականում ռեյտինգայինի վերացումն ու 100 տոկոս համամասնականին անցումն այնքան էլ չեն բխում ՀՀԿ-ի շահերից, որը մշտապես ձայն է հավաքել հենց տարածքային թեկնածուների անձնական կապերի, հեղինակության ու ծախսած փողերի հաշվին։ Իսկ կուսակցական ցուցակներով ընտրությունն էապես կազդի առանց այդ էլ հեղինակազրկված ՀՀԿ-ի ձայների վրա։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ, ով ընդգրկված է կառավարական հանձնաժողովի կազմում, հրաժարվեց որեւէ դիրքորոշում հայտնել այս հարցի վերաբերյալ, միայն մի քանի անգամ կրկնեց ոչինչ չասող միտքը․ «Ես տեղյակ չեմ։ Դա որոշելու են քաղաքական ուժերը։ Ինչպիսին կլինի ընտրակարգը, որոշվում է քաղաքական ուժերի կողմից»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X