«Ծիրանի» անսամբլ. Դուդուկը ճշգրիտ արտացոլանքն է մեր պատմության․ լուսանկարներ

>

«Նարեկացի» արվեստի միությունում «Ծիրանի» անսամբլի համերգային երեկոն էր՝ հայ միջնադարյան, հոգևոր, ժողովրդական, գուսանական և կոմիտասյան երաժշտության անզուգական հնչյուններով: Բեմում էին «Ծիրանի» անսամբլի երաժիշտներ` Գեորգի Մինասյանը (դուդուկ, շվի), Դավիթ Ավագյանը (թառ), Մարիամ Միրզոյանը (ուդ), Գրիգոր Դավթյանը, Գոռ Ղալմուխյանը (հարվածային գործիքներ), Էկա Հորստկան (սոպրանո), Արտակ Ասատրյանը (սոլո դուդուկ, գեղարվեստական ղեկավար):

Ներկայացվեց հայ ավանդական երաժշտության բացառիկ ծրագիր՝ ընդգրկմամբ Կոմիտասի «Քելեր-Ցոլեր», «Չեմ կրնա խաղալ», «Կալի երգ», հաց թխելու երգերի, պարերգերի, Ակնա երգարվեստի գոհարների, որոնք բացահայտում են հայ գեղջուկ ու հոգևոր երգերի կատարողական առանձնահատկությունների ազգային խորքերը՝ յուրաքանչյուրն արտացոլելով յուրովի պատմությունը հայ մարդու կենսակերպի, տառապանքի և սիրո:

Հնչեցին նաև հայկական միջնադարյան երգարվեստի ամենազարգացած ժանրերից մեկի՝ տաղերգության անզուգական կատարումները: Սայաթ-Նովայի և Նաղաշ Հովնաթանի սիրո երգերը, կրելով համամշակութային բնույթ, արտացոլելով ժամանակի գաղափարատեսական, գեղագիտական ամենավառ դրսևորումները, նոր շունչ են ստացել Գրիգոր Առաքելյանի մշակումների շնորհիվ՝ «Ծիրանի» անսամբլի մեկնաբանությամբ:

«Ծիրանի» անսամբլը ստեղծվել է 2012 թվականին հայ երգարվեստի նվիրյալ, դուդուկահար Արտակ Ասատրյանի և մի շարք համախոհների ջանքերով՝ մաքրամաքուր հայ երգն ու երաժշտությունը հնչեցնելու ցանկությամբ: Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ էր՝ դուդուկ, շվի , թառ, ուդ, դհոլ գործիքների կազմով, որտեղ դուդուկը հանդես էր գալիս որպես մենակատար: 2014թ. խումբը համալրվել է երգիչներով:

Արտակ Ասատրյանն ասաց, որ «Ծիրանի» անվանումը սիմվոլիկ է, արտահայտում է ցանկությունը շեշտելու անսամբլի հայեցիությունը, երգացանկում ընգրկված երաժշտության` հայ ակունքներից բխելը: Չէ՞ որ ծիրանի ծառն իրենց երգերում գովերգել են Կոմիտասը, Ջիվանին, նրանք ծիրանի ծառը համեմատել են հայրենիքի հետ: «Եվս մեկ կարևոր հանգամանք կա, քանի որ անսամբլն ի սկզբանե գործիքային հնգյակ էր, որտեղ դուդուկը հանդես էր գալիս որպես մենակատար-գերիշխող գործիք, իսկ դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից, ցանկացանք նշել նրա արմատները ևս: Դուդուկը ճշգրիտ արտացոլանքն է մեր հույզերի: Այն շատ նման է մեր երգաձայնին, մանավանդ տղամարդու: Տխրության, թախիծի գործիք է՝ մեր պատմության արտացոլանքը: Մեծ են եղել մեր կորուստները, այդպիսին են նաև մեր երգն ու երաժշտությունը»:

«Ծիրանի» անսամբլի կազմում կա երկրորդ դուդուկ, շվի, թառ, ուդ և հարվածային գործիքներ: Էպիզոդիկ հնչում է զուռնան, իսկ նվագացանկում ներառված են բացառապես հայկական ժողովրդական, կոմիտասյան, հոգևոր, աշուղական, գուսանական երաժշտություն: «Ծիրանի» անսամբլն ունի ձայնասկավառակ «Ծիրանի անսամբլ. գործ 1» անվանմամբ, որտեղ ընդգրկված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Գրիգոր Նարեկացու, Գուսան Աշոտի ստեղծագործությունները:

Հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթը, հայ միջնադարյան աշխարհիկ տաղերը մեր օրերում նույնքան անաղարտ ներկայացնող այս անսամբլի համերգներին և հյուրախաղերին մեծ սիրով են սպասում ինչպես մայրաքաղաքում, Արցախում, այնպես էլ աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում:

Վարդինե Իսահակյան

Մեկնաբանություն
X