Դա՞ էլ է ներեկեղեցական

Հուլիսի 14-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Գնդեվանք կատարած այցի ժամանակ նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակեցին կաթողիկոսին տեղափոխող մեքենան, բավականին երկար ժամանակ կաթողիկոսը դուրս չեկավ մեքենայից, այնուհետև երբ նա ի վերջո իջավ և սկսեց քայլել, նախաձեռնության անդամները սկսեցին վանկարկել «Գարեգին հեռացիր, Սերժիկին միացիր», նույնիսկ սկսեցին հարցեր ուղղել Վեհափառ հայրապետին ՝ «Ո՞վ է Շուշանիկը», «մենք աղանդավորենե՞ր ենք, թե՞ հավատացյալ զավակներ» և այլն, սակայն Վեհափառը լուռ էր։

Իր ուղիղ միացման ժամանակ թեմային անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ խնդիրը ներեկեղեցական է, այն դեռ չի դարձել հանրային, ուստի կառավարությունը դեռ միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում․

«Վեհափառ հայրապետին ի պաշտպան հանդես եկող մի շարք հոգևորականների որոշ հայտարարություններ լսելիս ես ուղղակի ապշում եմ, որովհետև նրանք իբր հանդես գալով վեհափառ հայրապետին ի պաշտպանություն, անում են հայտարարություներ, որոնք խելացի մարդը կհասկանա, որ էդ հայտարարությունները անում են կրակի վրա յուղ լցնելու համար։ Մենք գործ ունենք ներեկեղեցական խնդրի հետ, առայժմ դա դուրս չի եկել եկեղեցու շրջանակներից և դարձել հանրային հարց, որպեսզի կառավարությունը որևէ դիրքորոշում արտահատելու անհրաժեշտություն ունենա»:

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանից փորձեցինք պարզել, թե ինչ դիրքորոշում ունի եկեղեցին վարչապետի հայտարարության վերաբերյալ, ի՞նչ հայտարարություններ են, որ, վարչապետի կարծիքով միտված են կրակի վրա յուղ լցնելուն և արդյոք խնդիրը միայն ներեկեցական է։

Արշակ սրբազանը ասաց, որ դեռևս ոչ մի մեկնաբանություն անել չեն կարող, դեռ պետք է տեղի ունեցածը քննարկեն, ապա նոր սկսեն մեկնաբանություններ անել։

Մինչդեռ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը այնքան էլ համակարծիք չէ վարչապետի հետ․հարցը վաղուց դուրս է եկել ներեկեղեցական տիրույթից, դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ այդ խնդիրը քաղաքացիների կողմից իրեն հղված հարցերի թոփ տասնայակում էր, նշանակում է, որ հանրային որոշակի հնչեղություն ունի։ Բացի այդ՝ նախաձեռնության անդամները այլ բաներում են մեղադրել կաթողիկոսին, Պետրոսյանը տարակուսում է՝ դա՞ էլ է ներեկեղեցական․

«Ես կարծում եմ, որ խնդիրը ներեկեղեցական չէ, միա՛յն ներեկեղեցական չէ։ Ունենալով ներեկեղեցական խնդրակազմ՝ կաթողիկոսին մեր կողմից ներկայացվել է ոչ միայն հոգևոր խնդիրներ՝ օրինակ ուխտերի խախտելը՝ ժուժկալության ուխտը, կուսության ուխտը և այլ ուխտեր, նաև իրեն մեղադրել ենք, օրինակ, ազգային հարստություն վաճառելու մեջ՝ օրինակ Գեղարդը։ Դա ներեկեղեցակա՞ն է։ Մենք իրեն մեղադրել ենք տարբեր ներկրումների, խարդախությունների, չարաշահումների և այլնի մեջ, սա ներեկեղեցակա՞ն է, չգիտեմ։ Օրինակ՝ ինձ վրա հարձակվեցին, սա ներեկեղեցակա՞ն է, թե՞ չէ։ Նույն պարոն Փաշինյանը ասաց, որ ոստիկանները ստիպված են եղել մեզ հանել, և հորդորեց, որ ստիպված չլինեն պետական պատկան մարմինները նման ոչ պատեհ իրավիճակում հայտնվեն։ Ասաց՝ մեզ վատ դրության մեջ մի դրեք, քանի որ մինչ օրս չի մեկնաբանվել, թե ինչի համար են մեզ էդ տարածքից դուրս հանել։Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ունենալով ներեկեղեցական օրակարգ՝ էդ օրակարգը արդեն վաղուց դուրս է եկել, և այն հանգամանքը, որ արդեն 2-րդ անգամ ինքը վարչապետի օրակարգի թոփ հարցերից է, ուրեմն սա աննախադեպ կարևորություն ունի ժողովրդի կյանքում։ Ավելին ասեմ՝ այս նագամ թոփ հարցերի մեջ 2 հարց էր՝ նույն թեմայով։ Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ հարցը հասարակական մեծ հնչեղություն ունի, և հասարակությունը տեսնում է վարչապետին նաև այդ դերակատարության մեջ , և ինքը կարող է որոշակի հանգամանքում դրա լուծողը և կրողը լինել։ Փառք ու պատիվ մեր վարչապետին, որ նա շատ հստակ հարցը ներկայացրեց որպես հոգևորականության լուծելիք հարց։ Նա ոչ միայն ասաց, որ դա իր հորդորն ու կոչն է, այլև եթե, այսպես ասաց, բանը բանից անցնի, ստիպված պիտի լինի միջամտելու։ եվ մենք էլ ենք ասում, որ օրվա կաթողիկոսը թող լուռ հեռանա, ոչ թե իր հանցախմբին տրամադրի մեր դեմ, ոչ թե բռնություն կիրառի, ինչպես կիրառեց։ Սա այլևս որևէ մեկը չի հանդուրժելու»։

Նշենք նաև, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը հանցագործության հաղորդագրություն է տվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նրանք մեղադրում են Արմավիրի մարզի դատախազության դատախազ՝ Կորյուն Ներսիսյանին, ով կաթողիկոսի Գարեգին Բ-ի եղբորորդին է․

«Սույն թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ ցուցարարների շրջանում հայտնվել է կաթողիկոսի եղբոր որդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ՝ Կորյուն Ներսիսյանը, ով ցուցաբերել է դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի վարք՝ հանդիմանել է հավաքված ցուցարարներին, հրահանգներ է տվել ոստիկաններին, ինչի իրավունքը չունի։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Կաթողիկոսի եղբոր որդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ՝ Կորյուն Ներսիսյանը, չունենալով օրենսդրությամբ նախատեսված լիազորություն հասարակական վայրում գործողություններ անելու, կարծես թե թույլ է տվել քրեական օրենսգրքով նախատեսված 308, 309 հոդվածներով նախատեսված արարք, այն՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 308) և/կամ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 309)»,- ասվում է գլխավոր դատախազին ուղղված նամակում։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X