Իրավունք

Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն, ազատության մեջ է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ Խանդոյանը ազատ է արձակվել պայմանական-վաղաժամկետով․ դատարանը բավարարել է նրա միջնորդությունը։

«Մենք սպասում էինք, որ կբավարարի միջնորդությունը, քանի որ իշխանություն է փոխվել։ Դատախազը չառարկեց։ Մենք դիմելու ենք, որպեսզի իր գործը վերաբացվի, քանի որ Արարատ Խանդոյանը դատապարտվել է մի շարք դատավարական խախատումներով։ Նա ունի նաեւ մի շարք առողջական խնդիրներ։ Երեք գործը Եվրոպական դատարանում է»,-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռել էր Խանդոյանին ազատազրկել 3,6 տարով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը: Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X