Գազալցակայանների՝ այս կամ այն հայտնի անձի հետ կապի մասին տեղեկատվությունը կտրամադրվի քրգործի քննության համապատասխան փուլում

ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն , 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերին՝ հայտնել է, որ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջիններիս պատկանելության խնդրին:

«Կցանկանայինք նշել, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզիկական անձանց, ինչի վերաբերյալ պետական հաշվառումն ու գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

Վերոնշյալ ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա, հետևաբար, նման տեղեկատվությունը, առկայության պարագայում, կտրամադրվի քրեական գործի քննության համապատասխան փուլում»,-ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:

Մեկնաբանություն
X