Բեկելով գաղջը․ սահմանել խաղի նոր կանոններ

Թատերագետներ Նունե Հախվերդյանը եւ Գայանե Մկրտչյանն անսովոր դերում են` համակուրսեցիները զրուցում են նոր Հայաստանի մշակութային մամուլի, Նիկոլյան հրաշքի, փոփոխության ձգտող մշակույթի բնագավառի մասին։

Վերհիշություն

Գայանե Մկրտչյան - Ավագության իրավունքով ես սկսեմ: Երբ 1990-ին ավարտում էինք Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը, դառնալու էինք պետականորեն փայփայվող թատրոնի ու կինոյի քիչ մասնագետներից: Ունեցանք լավագույն ղեկավար` Լեւոն Հախվերդյան, եւ լավ դասախոսներ` Հենրիկ Հովհաննիսյան, Անելկա Գրիգորյան, Սուրեն Հասմիկյան, Արտաշես Մարտիրոսյան: Արվեստագիտությունը խորհրդային երկրում ազատ խոսքի տարածք էր, որի կարիքն էլ, հետագայում ըմբռնեցի, ինձ բերել էր թատերական։ Ի՞նչը բերեց քեզ։

Նունե Հախվերդյան - Արվեստագիտությունը դժվար էր ազատ տարածք անվանել խորհրդային երկրում, բայց, հաստատ, հետաքրքիր էր։ Միշտ էլ հաճելի է գտնել ուղիներ (բառեր, համեմատություններ, կապեր, շերտեր), երբ կա մեկ ընդհանուր ու անբեկանելի գիծ, ու ստիպված ես առավել լարել ենթատեքստերը։ Սովետը ենթատեքստային մշակույթի երկիր էր, եւ դա շատ լավ երեւում էր թեկուզ մեր ինստիտուտի շենքից, ինտերիերից ու դասախոսներից։ Մենք սովորեցինք իրար կապել հակադիր, երբեմն էլ անտեսանելի բաները։ Օրինակ, Լենինին ու Միքելանջելոյի Դավթին, Սովետն ու Շարժումը, գիտական կոմունիզմն ու գրաբարը։ Ես վստահ եմ, որ մարդու հիմնարար իրավունքը մեկնաբանելու իրավունքն է։ Ինչ տեսնում, զգում ու հավաքագրում ենք, մեկնաբանում ենք ու հետո մեկնաբանությունը նորից մեկնաբանում։ Մի խոսքով, բոլորս էլ քննադատներ ենք, բայց շահում է նա, ով մեծ ծավալի նյութից է հյուսում իր մեկնաբանությունը։ Մեր արվեստի բուհը հնարավորություն էր՝ ծավալ հավաքելու։

Գ. Մ. - Ավարտեցինք արցախյան շարժման, փոփոխությունների ու պատերազմի ժամանակ: Եվ կատարվեց այն, ինչի մասին ասում է չինական ասացվածքը․ «Անիծեմ՝ ապրեք փոփոխությունների ժամանակում»: Հետո բոլորիս կյանքում եղավ մթի ու ցրտի տասնամյակ: Ես չափազանցնելով ասում եմ`մեզ մտցրին Սասունցի Դավթի խոր հորը, մի ծանր քար էլ դրեցին վրան:

Ն. Հ. - 1990-ականների մամուլը հզոր ալիք էր, ստեղծվում էին ոչ միայն նոր հարթակներ, այլեւ նոր լեզու ու նոր համատեքստ։ Ու այդ տարիները մութ ու ցուրտ չէին, այլ՝ ուրախ ու եռացող։ Այդ ժամանակ աշխատում էի Ռադիոյում՝ ռադիոթատրոնի բաժնում, ու դա տարօրինակ ժամանակահատված էր, երբ զգում էի, որ իմ արածը պետք է։ Այդ պետքականության զգացումը շատ թանկ մի բան է։ Ի վերջո, եթե ուզում ես մարդուն ոչնչացնել, նրան փող տուր, բայց ապացուցիր, որ նրա արածը ոչ մեկին պետք չէ։

Այս ցրվածության եւ ամայության մեջ

Գ․ Մ․ - Հին Հայաստանում քննադատները ռեժիսորների լավագույն բարեկամներն էին, եւ եթե տարիներ անց կինոյի կամ թատրոնի պատմաբանը փորձի հասկանալ, թե ինչ գնահատականներ են հնչել պրեմիերաներից հետո եւ ընդհանրապես, հանդիպելու է միայն ռեժիսորի, պրոդյուսերի, ֆինանսավորողների մտքերին առ այն, թե որքան կարեւոր է իրենց ֆիլմը կամ ներկայացումը, հոլիվուդյան է կամ «Օսկարի» արժանի: Առանց այն էլ քննադատությունը (թատրոն, կինո, գրականություն) չվճարվող ոլորտ է, միակ օգուտը վատամարդ լինելն է: Եվ կա հարցերի հարցը` որտեղ տպագրվել, որ խմբագրին խնդրել, որ անվճար հրատարակի: Սա` իմ դեպքում, դու կարծես թե այդ խնդիրը չունես:

Ն․ Հ․ - Արվեստի քննադատությունը մեր մեդիա դաշտում համարվել է կցորդ։ Ասենք, կցվել է գովազդային դաշտին՝ այս կամ այն ֆիլմն ու ներկայացումը լավ վաճառելու համար։ Կամ էլ արվեստագետների կողմից դիտարկվել է որպես սեփական գիտական աշխատանքի մի փուլ։ Բայց բոլոր դեպքերում հազվադեպ է եղել, երբ լրատվամիջոցն ինքն է նախաձեռնել ու ակտիվ հրապարակել արվեստի էջեր։ Դա դիտարկվել է որպես ռիսկային ու չարդարացված ծախս։ Արվեստի կայացման համար կարեւոր են պարբերական անդրադարձները, այսպես ասած՝ եռակողմ օգտակարությամբ՝ արվեստագետի, քննադատի ու լսարանի շահերից ելնելով։ Երեքն էլ ընթացքում կոփվում են ու ձեռք բերում արվեստի համար անհրաժեշտ «հոտառություն»։ Քո ասած հին Հայաստանում արվեստը եղել է (եւ դեռ կա) լրահոսի դեկորացիա։ Սիրուն, ընդհանուր բառերով ռեպորտաժներ էին արվում՝ փառաբանելով հեղինակներին ու հովանավորներին։ Արվեստը հումք է համարվել միջոցառման համար, որը հետո գեղեցիկ փաթեթավորվել ու մատուցվել է։ Եվ դրանով արվեստը զրկվել է իր էներգիայից։ Ոչ թե առաջացրել է դիսկուրս, այլ հրավիրել է հիանալու։ Եվ բնական է, որ եթե այդպես չես կարծում, վատամարդ ես դառնում։ Բայց դա, կարծում եմ, շատ փոքր անհարմարություն է։ Օրինակ, ինձ հետ մի երկու ռեժիսոր չեն խոսում, հետո՞ ինչ։ Հիմա մտածում եմ բլոգ բացելու մասին։ Որքան քիչ ես կախված լինում լրատվամիջոցների օրակարգից, այնքան լավ է։ Թվային աշխարհում հղումների ու խաչվող հարթակների շնորհիվ կարելի է փորձել դառնալ ինքնուրույն խաղացող։ Ասենք՝ գրել ներկայացումների մասին եւ ստեղծել քրոնոլոգիա՝ սեփական տեսանկյունից։ Պիտի անես այդ քայլը, Գայանե։

Նախարարներ` հին եւ նոր

Գ․ Մ․- Յոթ տարի աշխատել եմ մշակույթի նախարարության թերթում՝ լեզուս կտրած ծիտիկի նման մի բան, թեեւ սիրով խմբագրեցի գրքի մայրաքաղաքի կայքը։ Իմ տպավորությամբ, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իր շրջապատն ինչքան ուժ ուներ, վնասեց: Դարձյալ նախկին Արմեն Ամիրյանի աշխատաոճը լավագույնս երեւաց, երբ Սերժ Սարգսյանին զեկուցեց մշակութային բնագավառի մասին: Ներկայանալի տեսքով, լավ դրված ձայնով, համոզեց նրան, որ ամեն ինչ լավից լավագույնն է գնում աշխարհներից այս լավագույն աշխարհում, թատրոնների տոմսերը խլխլում են, արդեն մի քանի թանգարան են բացել, մի պակասություն ունենք` ջրասուզության թանգարանը, դա էլ որ ստեղծենք, պարը կբոլորի: Ու տիրեց գաղջը… Հեղափոխությունից (ես դա անվանում եմ Նիկոլյան հրաշք) հինգ րոպե էր պակաս: Սպասելի՞ էր այս ամենը, ի՞նչ տեղի ունեցավ: Եվ ի՞նչ սպասել մշակույթի նոր նախարարից:

Ն․ Հ․ - Քայլ անելու շարժումը, որը բեկեց գաղջ մթնոլորտը, զարմանալի ճիշտ կետերի վրա շեշտադրումներ արեց։ Հեղափոխություն արեցին արագ կողմնորոշվող, շարժուն ու ստեղծարար մարդիկ, որոնք (ինչն ամենակարեւորն է) սովետական չէին, այսինքն՝ ազատ էին զգուշավոր-ստվերային վարվելաձեւից։ Տեղի ունեցածը ծրագրային վերբեռնում էր, որին համապատասխանելու համար պետք է ընդամենը չփչացնել այդ ծրագիրը, ասենք՝ վիրուսներով ու մաշված սարքերով։ Ինքնագովերգումը հենց այդպիսի վիրուս է, որը բացառելու համար չէին խանգարի առավելագույն թափանցիկությունն ու պաշտոնյաների կրճատումը։ Նոր նախարարը դեռ չի արել ոչ մի քայլ, որով կարելի է որոշել նրա փոփոխությունների տրամաբանությունը։

Գ․ Մ․ - Տրվեմ գայթակղությանը եւ արտահայտեմ իմ բաժին հիացմունքը: Պատկերացրու, որ Արարատի վերադարձին հավատում էի (հիմա էլ եմ հավատում, որքան էլ պատմաբան տղաս քմծիծաղ տա), բայց Նիկոլյան հրաշքին` ոչ: Ես չգիտեմ, թե ինչ կոմպրոմիսների է գնացել խմբագիր Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, հիմա ինքն առաքելության մեջ է, ուրիշ մարդ է, այսինքն` ավելին, քան իր էությունը: Ես ուղղակի Ֆոլքների խոսքն եմ մեջբերում` քրիստոնեության մասին է ասել, թե միակ կրոնն է, որի շնորհիվ մարդն ավելի լավն է դառնում, քան անգամ իր էությունն է: Վարչապետի ասած երջանկությունը ես զգում եմ նրանով, որ այլեւս չենք ասում` էս երկիրը, ինչը նախկինում երբեմն սպրդում էր` ցավ ի սիրտ: Երջանկություն է, որ գնացողներին էլ չենք համարում փախած-փրկվածներ, այլ կարեկցում ենք, որ իրենց հպարտ, դժվար հայրենիքից դուրս են: Դուք կպատկերացնեք իմ վերաբերմունքը, եթե ասեմ, որ ծնունդով Ակնալճից եմ, եւ տասնամյակներ իմ ծննդավայրը բռնազավթած ու ճորտացված էր: Գյուղն այնքան շատ զոհ է տվել արցախյան ազատամարտում, որ դպրոցում թանգարան կա բացված: Ու զոհերի ընտանիքներն ապրում էին աղքատության մեջ, հավելյալ` ենթակա էին մանվելականների ասպատակություններին: Վերջ: Հենց որ բոլորը խոսում են, ուզում ես լռել: Փոփոխություններից ներշնչված, ուզում եմ ամեն կերպ կամավոր օժանդակել մշակույթի նոր կառավարիչներին՝ լումա ներդնելու պես:

Ն․ Հ․ - Համաձայն եմ, բոլորիս մոտ փոփոխությունների էյֆորիա է, եւ դա ավելի շատ ոչ թե անհապաղ գործի անցնելու տենչ է, որքան ներքին վիճակ: Ավելորդ փոշու շերտերից ազատվելու պահ է՝ հուշերից, մտքերից, չստացված երազանքներից: Բնական է, որ շատ բան առաջին ամիսների ընթացքում արվում է պոպուլիստական քողով՝ բոլորը պատրաստ են սարսափել ու արտասվել՝ տեսնելով զինվորներին ուղղված երեխաների նամակները, որոնք լրիվ սխալ հասցեում են հայտնվել: Եվ դա ավելի է հուզում, քան օրենքների ոտնահարումը: Բայց քանի որ կարծում եմ՝ հեղափոխության շեշտադրումները ճիշտ են արված, պոպուլիզմի որոշակի չափաբաժինը դեռ չի խանգարում: Նոր վարչապետն անգամ կրոնն է դնում իր տեղը, այսինքն՝ հանում քաղաքացու պարտադիր օրակարգից: Երեւի իմ ներշնչանքը ոչ այնքան գործելու ցանկությամբ է արտահայտվում, որքան դիտողականությամբ: Հետաքրքիր են պատկերացումների վերբեռնման սահմանները, որոնք, ճիշտն ասած, ոչ միշտ են լինում սպասվածի նման: Բայց ես էգոիստ եմ, ու այս փուլում ապրելն ինձ համար հաճելի է:

Ի՞նչ անել

Գ․ Մ․ - Պետությունը տասնյակից ավելի պետական թատրոններ է պահում, հարյուրավոր ներկայացումներ ֆինանսավորում, կինոյի գումար տրամադրում, նախարարները գնում են պրեմիերաներին, ծափահարում, շնորհավորում ու վերջ: Այս ամայի վիճակից դժգոհ են բոլորը: Պաշտոնավարման առաջին ամիսներին համամիտ լինելով, որ մի բան պիտի արվի, Արմեն Ամիրյանն իմ ներկայությամբ ասաց, որ գիտակցում է քննադատական հարթակի կարեւորությունը եւ առաջիկայում արվեստի քննադատների խումբ է ստեղծելու, ու մոռացավ: Գուցե յուրայիններին խրախուսելու ձեւ էր գտել՝ հայտնի չեղավ: Ու նոր նախարարն էլ է սկսել ներկայացումների գնալ, օրինակ` Գյումրի, Ապրիլյան պատերազմի մասին ներկայացման: Կարդում ես լրագրողների նյութերը, այն մասին է միայն, թե ովքեր հոտնկայս ծափահարեցին, ովքեր լաց եղան, ինչ ասաց ռեժիսորը կամ սցենարիստը: Դրանից զատ նրանց երեւակայությունը սպառվում է: Կամ` ինչպիսի ներկայացումներ են Սունդուկյան թատրոնի «Մեծապատիվ մուրացկանները», «Հարսնացուն հյուսիսից»-ը: Չկան գրողներ, չկա հարթակ, չեն ուզում վատամարդ լինել կամ գովերգում են, ու պարզվում է` օրվա տերմինով`փոխկապակցված անձինք են: Դառնամ գովեմ քեզ: Հրանտ Մաթեւոսյանը Մնձուրու գրականության մասին մի բնորոշում ունի, ասում է`իրեն ժանրի վարժեցրեց: Իմ դիտարկումով, հայաստանյան այս վակուումի, այս ցրվածության ու ամայության մեջ հաջողել ես համակարգ ստեղծել, քեզ ժանրի վարժեցնել: Անհնարինության աստիճան բարդ է նշաձողը պահպանելու համար, որ ինքդ ես ստեղծել՝ չգնալ զիջումների, կոմպրոմիսի, ստիպել հավատալ ու հարգել քո տեսակետը, կարծիքը, խոսքը: Նկատի ունեմ քո արած արվեստաբանությունն առհասարակ, քո լավագույն նյութերը: Մի խոսքով, ես մեր բնագավառում մի «դասական» եմ ճանաչում: Քո կարծիքով, Նունե, ի՞նչ պիտի արվի, հաստատ մտածած կլինես:

Ն․Հ․ - Ուզում եմ կտրուկ լինել․ լավագույնը մշակույթի նախարարության լուծարումն է։ Կան կառավարման մոդելներ, որոնք կարող են արդյունավետ աշխատել՝ առանց պետության դերի ուռճացման։ Կարող է գործել պետական մի բաժին, որը կզբաղվի ժառանգության պահպանմամբ եւ զուգահեռ էլ կվերաիմաստավորի, թե որն է ժառանգությունը, ժամանակը, պահպանումը եւ մոռացությունը։ Իսկ արդիական նախագծերի համար պիտի գործեն հիմնադրամներ (ոչ միայն պետական ֆինանսներով), որոնց դիմելու, աջակցություն ստանալու ու նախագծեր ստեղծելու համար պետական պաշտոնյա պետք չէ։ Արվեստը կառավարել ուզում է ավտորիտար պետությունը, ազատ եւ երջանիկ Հայաստանում ոչ միայն կառավարելու, այլեւ զարգացնելու մղումից է պետք հրաժարվել։ Արվեստը շատ լավ կարող է ինքնակառավարվել, առանց չինովնիկների միջամտության, եթե խաղի կանոններն ու օրենքները հստակ լինեն։ Եվ առավել եւս պետք չեն ոչ նյութական առավելության նշանները՝ շքանշաններն ու պատվոգրերը: Պետությունը բեռնված է պետական ՊՈԱԿ-ներով, շինություններով, թատերախմբերով, միություններով, հանձնաժողովներով։ Օրինակ, կինոյի ոլորտում․ մի քանի կառույցներ կան (Կինոմիություն, Կինոկենտրոն, Կինոհանձնակատար)՝ բոլորն իրենց անդամներով, հայեցակարգերով, լիազորություններով։ Եվ վատ չէր լինի, որ նախորդ նախարարը հրապարակային հայտարարեր, որ կինոհանձնակատարն ավելորդ հաստիք էր, իսկ ներկա նախարարը վերացնի այն։ Ես էլ հարց ունեմ քեզ․ ի՞նչ է նշանակում մշակույթ։ Եվ ինչո՞ւ է այդ բառն օգտագործվում եզակիով։ Հաստատ է, որ մեկ մշակույթը մյուսի հանդեպ դոմինանտ լինել չի կարող։ Եվ թող նոր նախարարն ինքն իր համար հստակեցնի (հետո մեզ ասի), թե հատկապես որ մշակույթի նախարարն է եւ որ մշակույթների նախարարը չէ։ Իրականում, սա պրովոկացիոն հարց չէ, այլ՝ գաղափարական: Բացի ընթացիկ, օրենսդրական, կազմակերպչական հարցերից, արժի սկսել հիմնարար գաղափարներից: Ասենք՝ մտորել, թե որն է մեր Հայաստանի Հանրապետության գոյության նպատակը, եւ ինչպես է արվեստը (որպես մտքի կիզակետային նշանների հավաքածու) ձուլվում մշակույթների մեջ ու նպաստում նպատակների իրականացմանը:

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X