Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակին հայհոյել ու սպառնացել են

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում, ի դեպ, որին հրավիրված է եղել որպես պատմաբան, այլ ոչ կառավարության անդամ, անդրադառնալով Ռոբերտ Աբաջյանի՝ ԵՊՀ պատին պատկերված նկարին, ասել է հետևյալ միտքը․

«Ինձ թվում է, որ այդ երեխաներին պետք է հանգիստ թողնեն, Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում, իմ պատասխանը սա է՝ տղաների անունները թողնենք մի փոքր հանգիստ, անընդհատ շահարկե՜լ, շահարկե՜լ։ Մանկահասակ դեմքով տղա, երևի էդ պահին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում, և մենք հիմա անընդհատ շահարկում ենք այդ անունը, ինձ թվում է՝ չարժի, թողնենք մի փոքր հանգիստ»։

Փաշոյանի կողմից արտահայտված այս միտքը ֆեյսբուքյան մի քանի օգտատերերի կողմից նախ խմբագրվել է, ապա նաև բուռն քննադատությունների արժանացել, թե իբր Փաշոյանը ասել է, որ պետք է մոռանալ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին, և այլևս նրանց պետք չէ հարգանքի տուրք մատուցել։ Այս ամենի արդյունքում Փաշոյանը հայտնվել է ֆեյբուքյան մի շարք օգտատերերի լուրջ ճնշման ներքո, նրան սպառնացել ու հայհոյել են մեկնաբանություններով ու նույնիսկ անձնական նամակներով։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Փաշոյանը։ Տեղի ունեցածի վերաբերյալ փոխվարչապետի մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տեղադրել, որում բացատրում է իր կողմից հնչեցված մտքերը և անդրադառնում դրանց խեղաթյուրումներին․

«Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են: Այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Նրանք հերոսներ են, քանզի պաշպանել են հանրության անվտանգությունը, ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Նրանք դարձել են ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորներն ու պահապանները:

Մի քանի շաբաթ առաջ «Civilnet»-ի տաղավարում իմ կողմից հնչեցված մտքերը շահարկման առարկա են դարձել, ավելին՝ ինչ-որ մարդիկ միտքը կոնտեքստից կտրել ու սխալ են մեկնաբանում: Չգիտեմ, թե ինչու են այդպես անում, միգուցե սա մանիպուլյացիա է:

Ես բառացիորեն ասել եմ. «չեն հասկանում, թե ինչ է կատարվում», իսկ մարդիկ խոսքը մեջբերելիս այն էական փոփոխությունների են ենթարկել, նշելով՝ «Չեն հասկանում, թե ինչ են անում» տարբերակը: Կարծում եմ բովանդակային տարբերությունը ակնբախ է: Վստահաբար զինվորները հասկացել են, թե ինչ են անում, ինչպես վերևում նշեցի պաշտպանել են ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ուղղակիորեն փրկել են ֆիզիկական բնաջնջումից:

«Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս ես նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամաշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի: Արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է:

Հարցազրույցի մեջ ես նշում եմ, որ արժի նրանց մի փոքր հանգիստ թողնել և չշահարկել նրանց անունները: Այս միտքը նույնպես սխալ է մեկնաբանվում, իբրև թե՝ պնդում եմ մոռանալ նրանց ու այլևս հարագանքի չարժանացնել: Երիցս ո՛չ: Այդ տղաներին մենք երբեք չենք կարող մոռանալ, նրանք միշտ կապրեն մեր մեջ ու մեր հիշողություններում:

Պարզապես ես մատնանշում եմ այն փաստը, որ նահատակված զինվորների անունները պարբերաբար քաղաքական շահարկման առարկաներ են դառնում: Ինչ-որ մարդիկ իրենց ստոր նպատակներից ելնելով պատեհ-անպատեհ օգտագործում եմ Ապրիլյան պատերազմի զգացմունքային ֆոնը: Սա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որ զոհված մեր եղբայրների անունները օգտագործվեն ու շահարկվեն: Նրանք պետք է միշտ ուշադրության կենտոնում լինեն, բայց հոգևոր ու բարձր ինչ-որ տիրույթում՝ առօրեականից անդին:

Շահարկվում է նաև «մանկահասակ տղա» եզրույթը: Մեջբերելիս արհեստական կերպով այս արտահայտությանը հեգնական ու քամահրական տոնայնություն են հաղորդում: Եթե հարցազրույցը նայեք, ապա կհասկանաք, որ խոսքերն այդ արդյունք են հուզմունքի, նեղվածության՝ նկատի ունենալով այն փաստը, որ զոհվածներն այդքան երիտասարդ էին, ընդամենը 18 տարեկան երեխաներ՝ իմ աշակերտների տարիքին: Մի՞թե բանական մարդը չի հուզվի այդ փաստով: Այո՛ նրանք մեր բոլորիս երեխաներն են, որոնց եղերական կորուստը սրտերը մեր լցրեց ցասումով ու ունայնությամբ:

Ես երբեք այսպիսի մեկնաբանությամբ հանդես չէի գա, բայց նկատի ունենալով այն փաստը, որ ինչ-որ մարդկանց շահարկումներից ելնելով զինվորների ընտանիքի անդամները կարող են սխալ ընկալել արտաբերված մտքերը, ստիպված հանդես եմ գալիս այս հայտարարությամբ:

Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը, իսկ նրանք, ովքեր իսկապես մտահոգված էին հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերով, խնդրում եմ դադարեցնել այս անիմաստ քննարկումը: Ես երբեք չեմ կարող կասկածի տակ դնել այդ տղաների հերոսությունն ու հանրությանը մատուցած ծառայությունը: Դրանք անուրանալի արժեքներ են: Հարգանոք՝ Կարպիս Փաշոյան»։

Մեկնաբանություն
X