Հասարակություն

Հաշիվը՝ 1-1, իսկ զղջացողը դեռ հայտնի չէ

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ամենաակտիվ մասնակիցնեից մեկի՝ Կարեն Պետրոսյանի նշանակումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ-ի պաշտոնում սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց։ Կաթողիկոսին պաշտպանողները, ովքեր ի սկզբանե կարծում էին, որ շարժումը ուղղված է ոչ միայն կաթողիկոսի, այլ ամբողջ եկեղեցու դեմ, սկսեցին շատ խիստ քննադատել Պետրոսյանի նշանակումը, կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն էլ իրենց հերթին ողջունում էին, և միևնույն ժամանակ քննադատում Պետրոսյանին քննադատողներին։ Կարծիքներ եղան, որ սա նոր իշխանությունների ձեռագիրն է, նշանակման ետևում նրանք են կանգնած՝ ի դեմս վարչապետի, և այսպես ուղղակի կերպով աջակցում են կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժմանը՝ վերջինիս մեսսիջներ ուղարկելով։ Եղան նաև հակառակ կարծիքները, որ Պետրոսյանի ուզածը միայն պաշտոնն էր, և այն ստանալով՝ այլևս կդադարեցվեն կաթողիկոսի դեմ ուղղված բողոքի ակցիաները, ու հանրահավաքներ կկազմակերպվեն։ Մինչդեռ Կարեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուրջ 20 տարի բուհում է աշխատում, դա իր մասնագիտությունն է, և իրեն գնահատել են, ինչի համար շնորհակալ է ՀՊՏՀ ղեկավարությանը, սակայն կաթողիկոսին ուղղված պահանջները դեռ իրենց օրակարգում են ․

«Ես իմ աշխատանքային պարտականությունները կատարելու եմ օրենքով սահմանված ժամանակահատվածում, իսկ մնացած իմ ազատ ժամանակը ես ինքնուրույն եմ տիրապետելու, իսկ դրա մի մասն էլ կազմում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը։ Էդքան կաթողիկոսի հրաժարականը չէ մեր հարցը, ինչքան եկեղեցին բարենորոգելն է, և ունենալ իմունիտետ, իմունիտետ՝ պաշտպանելու մեր ժողովրդին, մեր ազգը աղանդներից, ապօրինություններից, անարդարություններից, որը օրվա կաթողիկոսը ունակ չէ։ Ես այս բուհում աշխատում եմ 20 տարի արդեն՝ սկզբում որպես ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ, հետո դասախոս, հետո էլ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա իմ մասնագիտությունն է, սա որևէ կապ չունի իմ քաղաքական, քաղաքացիական գործունեության հետ, սա իմ գործունեության մասնագիտական որակներն են, և ես շնորհակալ եմ ՀՊՏՀ տնօրինությանը, որ գնահատելով իմ մասնագիտական կարողությունները՝ վստահել են։ Եվ այս ամենի մեջ անիմաստ ուրիշ բաներ տեսնել․․․։ Ես էլի եմ կրկնում՝ քաղաքական, քաղաքացիական հայացքները մի բան են, մասնագիտական գործունեությունը՝ մեկ այլ բան։ Փաստը այն է, որ ինձ վստահվել է բուհի տնօրինության կողմից, և ես շնորհակալ եմ դրա համար։ Ես կփորձեմ իմ լավագույն ջանքերը ներդնել բուհում որակյալ կրթություն կազմակերպելու հարցում»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Մայր Աթոռում նույնպես Պետրոսյանի նշանակումը ծանր չեն տանում։ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանան մեզ հետ զրույցում ասաց, որ դա Պետրոսյանի առաքելությունն է, և ցանկանում են, որ հաջողի իր առաքելության մեջ, նույնիսկ օրհնում են Պետրոսյանի նշանակումը․

«Բնականաբար ինքը անհատ է, ինքն է իր կյանքի տերը, հետևաբար այն ամենը, ինչը ինքը վճռում է, դա իր իրավունքն է, դա իր առաքելությունն է։ Եթե այդ առաքելության մեջ ինքը երկրին, ժողովրդին օգտակար կլինի, մենք միայն ուրախ կլինենք, և որպես հոգևորական մեր օրհնությունը բաշխում ենք անխտիր բոլորին»,- Պետորսյանի նշանակման վերաբերյալ ասաց Տեր Ասողիկը։

Հարցրինք, թե սա չեն դիտարկու՞մ որպես նոր իշխանությունների կողմից բացահայտ աջակցություն շարժմանը, Տեր Ասողիկը հիշեց վարչապետին և որևէ այլ բան չավելացրեց․

«Հայաստանի Հանրապետության վարչապետը այդ առումով հստակ արտահայտվել է, և մենք ավելացնելու ոչինչ չունենք»։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ասել էր, որ չի խառնվելու եկեղեցու գործերին։

Երկու կողմերի մեջ հակասությունը լրիվ այլ տեղում է։ Բանն այն է, երկու կողմերն էլ միմյանց ժամանակ են տալիս ապաշխարելու և զղջալու համար՝ Գարեգին Բ վեհափառը՝ Հայր Կորյունին, ով կաթողիկոսի հրաժարականը պահանջողների առաջնորդն է, իսկ նախաձեռնությունն էլ՝ Գարեգին Բ-ին․

«Մայր Աթոռի գերագույն հոգևոր խորհրդի կողմից որոշում էր կայացվել՝ նրան անմիջապես կարգալույծ անելու, սակայն վեհափառ հայրապետը, որպես մեր՝ բոլորիս հոգևոր հայր, մեծահոգաբար և իմաստուն կերպով հնարավորություն տվեց եկեղեցականին՝ անդրադառանալու և վերադառնալու իր հարազատ ընտանիքը։ Եթե բնականաբար անձը չկարողացավ անդրադառնալ, այդ մոլորոությունից դուրս ելնել և զղջալ, ապաշխարել, անշուշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վճիռը կլինի արդար և տեղին»,- Հայր Կորյունի կարգալուծության վերաբերյալ ասաց Տեր Ասողիկը։

Կարեն Պետրոսյանն էլ իր հերթին ցանկանում է, որ Գարեգին Բ-ն հրապարակայնորեն զղջա․

«Մենք իրեն ասել ենք կա՛մ հրաժարական տա, կա՛մ դուրս գա ու հրապարակային զղջա, ինքը ոչ զղջացել է տվյալ վիճակի համար և ոչ էլ հրաժարական է տվել։ Անզղջությունը համարվում է չներվող մեղք»։

Բավականին հետաքրքիր է իշխանությունների պահվածքը հոգևոր մենամարտի մարտադաշտում։ Հիշեցնենք, որ օրերս Կարեն Պետրոսյանն իր համախոհների հետ նստացույց էր իրականացրել Մայր Աթոռի դիվանատանը, և նստացույցի 4-րդ օրը ոստիկանները նրանց ուժով դուրս էին հանել դիվանատնից՝ այդպես էլ հստակ պարզաբանում չտալով, թե կոնկրետ ինչ իրավախախտում էին արել ցուցարարները, իսկ այսօր այդ մարդը, ում հանդեպ ոստիկանները ուժ էին կիրառել, նշանակվել է բուհի ղեկավարի պաշտոնում։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X