Գլխավոր դատախազին առաջարկում է վերանայել քրգործ չհարուցելու մասին ոստիկանության որոշումը

«Իրավաբան» փաստաբանական գրասենյակի տնօրեն Ներսես Խաչատրյանը դիմում-նամակով դիեմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով վերանայել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչի կողմից կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Սյունիքի մարզի դատախազության թիվ 65/22-220-16 գրությամբ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժին էր ուղարկվել «Shame.am» լրատվական կայքի` «Արցախի օգնության փողերը լափում են յուրահատուկ ախորժակով» վերնագիրը կրող հրապարակումը, որում ասվում էր, թե «Սիսիանի քաղաքապետը 02.04.2016թ թիվ 31-Ա կարգադրությամբ ձեռնամուխ է եղել զինծառայողներին և կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման աշխատանքների համակարգմանը և ապրիլի 4-ի դրությամբ հանգանակվել է 7 մլն. 105 հազար ՀՀ դրամ, որը ծախսվել է ոչ թե բանակի կարիքները հոգալու, այլ ... հաց ուտելու, ինչ որ մեքենայի վերանորոգման, ինչ որ վառելիքի ծախսեր անելու վրա....»:

Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր կայացվել: Քրեական գործի հարուցումը մերժելու մաին որոշման մեջ նշված է եղել հետևյալը․ «Առաջնագծում շահագործելու համար կամավորականների առաջարկով շտաբը հապճեպ նախաձեռնել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա գնել: 2016թ-ի ապրիլի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Արտաշ Պողոսյանը համաձայնվել է վաճառել իր ավտոմեքենան` պայմանով, որ գումարը նրան տրվելու է հանգանակվող գումարներից: Մեքենան տրամադրվել է կամավորականներին` համայնքապետարանի կողմից Մատաղիսի սահմանային զորամասին նվիրաբերելու պայմանով: Ավտոմեքենան շահագործման համար ոչ նպատակահարմար լինելու պատճառով, այն դիրքերից հետ բերելու ճանապարհին խափանվել է և վերանորոգելու համար անհրաժեշտ 130 000 ՀՀ դրամ գումարը տրվել տիրոջը: Ավելի նոր և մետաղյա խցիկ ունեցող մեքենա գնելու համար Սյունիքի մարզի Վաղատին գյուղական համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը տրամադրել է իր` նույն մակնիշի ավտոմեքենան, հավաքագրված գումարների մնացորդ մասը տրվել է նրան»։

Գլխավոր դատախազին ուղղված իր դիմում-նամակում Խաչատրյանը գրում է, որ որոշել է ստուգել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ տեղ գտած վերոնշյալ պարզաբանումը որքանով է համապատասխանում իրականությանը, և գործի հետ կապված նոր հանգամանքներ է բացահայտել, որոնց հիման վրա և առաջարկում է վերանայել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի կողմից կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը․ «Պարզվում է հետևյալը, որ վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Սյունիքի մարզի Վաղատին գյուղական համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը իրեն պատկանող ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան վաճառել է Արեն Վարդանյանին: Արեն Վարդանյանին արդեն իսկ պատկանող ՈԻԱԶ մակնիշի պետհամարանիշն է 13AV303։ Ելնելով վերոգրյալից խնդրում եմ Ձեզ իմ կողմից նշված հանգամանքը դիտարկել որպես նոր երևան եկած հանգամանք կամ նոր հանգամանք և վերանայել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչի կողմից կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը»,- գլխավոր դատախազին ուղղված իր դիմումում գրել է Խաչատրյանը։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X