Դանիելի նախամաշտոցյան գրի շուրջ

Կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, կարծես, համոզված է, որ կառավարությունն Ընտրական օրենսգրքի լավագույն տարբերակն է մշակել, եւ հենց այդ տարբերակը պետք է դառնա նոր Ընտրական օրենք: «Վարչապետի եւ կառավարության կողմից առաջարկված նախագիծն առեւտրի առարկա չի լինելու: Դա նշանակում է` «մեր այս մոտեցումն ընդունեք, մենք այս մոտեցումը հանդես բերենք» մակարդակի քննարկումներ չեն լինելու»,- հայտարարել է Իոաննիսյանը: Ըստ էության նա ակնարկում է, որ ԱԺ-ն պարտավոր է լուռ համաձայնությամբ ընդունել կառավարության ներկայացրած ԸՕ նախագիծը, այլապես… Ու, եթե նկատեցիք, Իոաննիսյանն իր խոսքում ԱԺ-ի վրա նույնիսկ տղա է բերում` ի դեմս վարչապետի:

Մենք, իհարկե, չենք կարող ասել, որ կառավարությունը, իսկ ավելի ստույգ` Իոաննիսյանի ներկայացրած հանձնաժողովը, ԸՕ ամենավատ նախագիծն է բերելու ԱԺ: Բայց մենք ավելի քան վստահ ենք, որ այդ նախագիծը չի կարող հավասարապես ընդունելի լինել ԱԺ-ում ներկայացված 4 ուժերի համար: Նկատենք, որ ընտրություններին, այդ 4 ուժերից բացի, պատրաստվում են մասնակցել նաեւ արտախորհրդարանական ուժեր, որոնց կարծիքը նույնպես կարեւոր է, եթե, իհարկե, մենք մեզ դեմոկրատական երկիր ենք համարում: Մյուս կողմից էլ՝ ոչ վաղ անցյալում քիչ չի խոսվել այն մասին, որ ՀՀ ԱԺ-ն վերածվել է ՀՀ կառավարության որոշումներն ու նախագծերը դակող գործիքի: Իոաննիսյանը հիմա, ըստ էության, նույն բանն է առաջարկում` մենք բերում ենք, դուք դակում եք, ու գնում ենք առաջ:

Իոաննիսյանի հետ համաձայն չեն առաջին հերթին կառավարությունում ներկայացված ուժերը` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, աներկբայորեն ասելիք կունենա նաեւ ՀՀԿ-ն, որը, իր կարծիքը հաշվի չառնելու դեպքում, կարող է նույնիսկ տապալել կառավարության ԸՕ հանձնաժողովի ողջ աշխատանքը: Քվեարկությունը նկատի ունենք, որը կարող է կա՛մ ընդհանրապես տեղի չունենալ (բոյկոտ), կա՛մ «դեմ»-երի առատությամբ չանցնի կառավարության տարբերակը: Ի վերջո ՀՀԿ-ն եւ ընտրությունների պատրաստվող մյուս քաղաքական ուժերը պարտավոր չեն ամեն անգամ «քոմակ» անել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը: Ավելին ասեմ՝ ես շատ կզարմանամ, եթե ԱԺ-ում ներկայացված ուժերը, հանկարծ, կառավարության հանձնաժողովի նախագծում այնպիսի խութեր ու որոգայթներ չնկատեն, որոնք, մեղմ ասած, ինչ-ինչ միտումներով են հայտնվել այդ նախագծում:

Իոաննիսյանին հարցնում են` իսկ եթե ԱԺ ուժերը «կողմ» չքվեարկե՞ն ձեր տարբերակին։ Պատասխանը շշմեցուցիչ է. «Վարչապետն ու կառավարական հանձնաժողովը լավագույն օրենսգրքի ջատագովն են․այն կունենա հանրային շատ լուրջ սատարում։ Խորհրդարանն այդ օրենսգրքին դեմ, թե կողմ կքվեարկի՝ մեր հանձնաժողովի խնդիրը չէ»: Ողբամ մտածողությանդ վրա, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից աշխատավարձ ստացող Դանիել Իոաննիսյան: Այս Դանիելը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության ոտքերն ամպոտ են, ու նրանց ուսերին սպիտակ թեւեր կան: Ժողովուրդն էլ, բնականաբար, տեսնում է դա, իսկ թե ԱԺ-ն ինչպես կքվեարկի, այդ մարդու տանձին չէ: Պարոն Փաշինյան, տիրություն արեք ձեր կադրին, այլապես նրա ամբոխավարությունը դառնում է անտանելի:

Ի՞նչ է նշանակում՝ «լավագույն ԸՕ»: Արդյոք, լավագույն ընտրական օրենսգրքե՞րն են գործում աշխարհի առաջադեմ երկրներում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա… Պարզվում է՝ դա այնքան էլ այդպես չէ, քանզի բազմիցս ենք լսել նաեւ այդ երկրներում ընտրախախտումների արտառոց դեպքերի մասին (հիշեք Թրամփի ընտրությունը): Պարզապես կա ԸՕ, որ գործում է այդ երկրներում, եւ քաղաքական ուժերը չեն խախտում (կամ հնարավորինս չեն խախտում) այն, որովհետեւ ընդունել են բոլորով` կոնսենսուսով, եւ ընտրողն էլ հավատում է իր ընտրությանը: Սա է ամբողջ գաղտնիքը: Մենք գալիս ենք հակառակ կողմից` այնպիսի բաներ ենք գրում ԸՕ-ում, որպեսզի քաղաքական ուժերը չկարողանան խախտել այն: Ըստ այդմ էլ որոշում` ԸՕ-ն լա՞վն է, թե՞ լավը չէ: Խախտողը միշտ էլ կխախտի, մինչդեռ ցանկացած օրենքի որակն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ չափով է այն ընդունելի բոլորի կողմից: Հիմա բերում են ԸՕ մի նախագիծ եւ առանց քննարկումների հայտարարում, որ այն լավագույնն է: Ինչո՞ւ, մի՞թե միայն այն պատճառով, որ այդ նախագիծը հավանում են վարչապետը եւ կառավարության հանձնաժողովը: Իսկ եթե այդ նախագծում կան այնպիսի կետեր, որոնք ձեռնտու են միայն գործող իշխանությա՞նը: Այդ դեպքում ինչպե՞ս պահանջես, որ քաղաքական ուժերն այդ օրենսգիրքը շրջանցող ճանապարհներ չորոնեն:

Մեզ պետք չէ այնպիսի խորհրդարան, որն ի զորու չէ որեւէ կերպ հակակշռել կառավարությանը: Ի՞նչ է նշանակում արդեն այսօր արվող այն հայտարարությունը, թե խորհրդարանի այս կամ այն կերպ քվեարկությունը խնդիր չէ: Իսկ ի՞նչն է խնդիր, եթե ոչ ժողովրդի ընտրյալների կարծիքը, որի ձեւավորման համար էլ կա ԱԺ:

Մեր կառավարությունում ոմանց թվում է, թե առաջիկա ԱԺ ընտրությունները նույնությամբ պետք է արտացոլեն ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած քվեարկության պատկերը, այսինքն` կարողանալու են ժողովրդին հանել փողոց եւ ընտրություն անել: Հանգստացեք, խնդրում եմ: Ընտրությունն արշավանք չէ, ոչ էլ, մանավանդ, Պուգաչովի ապստամբություն: Ընտրությունը քաղաքական գործընթաց է, քաղաքական ծրագրերի պայքար, քաղաքական ուժերի մրցակցություն եւ ոչ թե կառավարության շուտասելուկ: Մեր նախորդ ընտրությունները, այո, մի բան չեն եղել, բայց ո՞վ է տեսել ժողովրդավարական երկրում ընտրություններ կազմակերպեն համատարած բռնոցիների, մատնությունների ու մատնագրերի առատության պայմաններում: Հավանաբար, պետք է նախ կրքերը հանդարտեցնել: Այլապես ընտրողն ինչո՞վ պետք է կողմնորոշվի, մի՞թե տիրող թամաշայով, մի՞թե այն մտածողությամբ, որ այս կառավարությունը լավ է բռնում, ընտրենք, որ վաղն էլ շարունակի բռնել: Իսկ ո՞վ պետք է, վերջապես, բռնողի ձեռքը բռնի, եթե նա որոշել է հավերժանալ որպես իշխանություն` պարտադրելով ԸՕ իր եւ միայն իր տարբերակը:

Վերջում` մեկ առաջարկ էլ ես անեմ: Վարչապետին, կառավարությանը, ԱԺ-ին առաջարկում եմ ընտրվելու իրավունքից զրկել բոլոր այն աղանդների ներկայացուցիչներին, որոնք զենք չեն բռնում եւ չեն ծառայում Հայոց բանակում: Այս նույն համատեքստում ընտրական իրավունքից զրկել բոլոր արվամոլներին, քանի դեռ հատուկ օրենքով, ինչպես դա արվել է ԱՄՆ-ում, նրանց չի թույլատրվել բացահայտվել եւ ծառայել բանակում: Իմ կարծիքով, սա կարեւոր է, եթե մենք չենք ցանկանում խայտառակվել աշխարհով մեկ եւ ՀՀ ապագա կառավարությունը լցնել աղանդավորներով ու նույնասեռականներով:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X