Ադրբեջանը զորքը դեռ հետ չի քաշել սահմանից

Ադրբեջանական զորքը հուլիսի 2-6-ը կայացած զորավարժություններից հետո շարունակում է տեղակայված մնալ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Խոսքը մոտ 40 հազարանոց զորքի մասին է։ Եվ անգամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ու Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան արտգործնախարարների հանդիպումը չնպաստեցին ադրբեջանական կողմի՝ զորքը հետ քաշելուն։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց․ «Դեռեւս մենք չենք տեսնում, որ այդ զորքերը հետ են քաշվում։ Այդ զորքերը, որոնք սկսել են տեղափոխվել սահման դեռեւս ապրիլ ամսից, կարծում եմ, որ դեռեւս վաղաժամ է խոսել նրանց տեղափոխման մասին, հատկապես Գյանջայում տեղի ունեցածից հետո»։

Խոսքը Գյանջայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասին է, որի արդյունքում երկու ոստիկան սպանվեց եւ մահափորձ կատարվեց Գյանջայի գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ։ Ըստ Բաբայանի, Ադրբեջանում կրկին հայկական հետք են փնտրում՝ ստի հորինվածքներով, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն։ «Բնական է, այս ամենը նաեւ վախեցրել է իրենց իշխանություններին, եւ կրկին փորձելու են սա շահարկել հայկական գործոնի, հայկական վտանգի ներքո»,- ասաց Բաբայանը։

-Այսինքն՝ վարչապետի բրյուսելյան այցն ու այնտեղ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը որեւէ ազդեցություն չթողեցի՞ն սահմանին առկա իրավիճակի վրա, ինչը դուք էիք ակնկալում։

-Ակնկալվում էր, բայց քանի որ այդ հանդիպման ժամանակ տեղի ունեցան նաեւ Գյանջայի վերոհիշյալ զարգացումները, փաստորեն, նախահեղափոխական տրամադրություններ կան։ Եթե գնդապետի են սպանում քաղաքում՝ բոլորի աչքի առջեւ, ուրեմն այնքան են հոգնել եւ զզվել ալիեւյան վարչակազմից, որ այդպիսի քայլերի են դիմում։

-Այսինքն՝ Ալիեւը կարող է ադրբեջանական լսարանում ներքին խնդիրներ լուծելու համար պատերազմի՞ գնալ։

-Ներքին խնդիրներ՝ այո, ոչ թե, ասենք, վաղը սկսում է պատերազմ, բայց չի բացառվում, որ սադրանքների դիմի եւ այլն, եւ այլն, մանավանդ, որ արդեն մեղադրել են այդ մարդկանց հայկական հատուկ գործակալությունների հետ կապի մեջ, որը, իհարկե, անհեթեթություն է։

-Այս օրերին խոսակցություններ են տարածվում առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եւ սպասում են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ավարտին, որ դրանից հետո հարձակվեն։

-Տեսեք, ընդհանրապես պատերազմ սկսելու համար՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ եւ այն, որ Ադրբեջանը միշտ փորձելու է բլից-կրիգի դիմել, երկարատեւ պատերազմի նա չի կարող դիմանալ։ Սա փաստ է, իսկ դրա համար նրանք չպետք է հայտարարեն, անակնկալի պիտի բերեն, չէ՞, ինչ-որ տեղ։ Եթե բոլորը խոսում են, որ ֆուտբոլից հետո, ինչո՞ւ սպասեն մինչեւ ֆուտբոլի ավարտը, թող հենց եզրափակիչ խաղի ժամանակ էլ հարձակվեն, որ անակնկալ լինի։

-Գուցե Ռուսաստանի գործոնը կա այստեղ։

-Ոչ մի գործոն էլ չկա, որովհետեւ, անկախ ֆուտբոլից… այո, Ռուսաստանի, ԱՄՆ-ի գործոնը կա, Ֆրանսիայի, որոնք, լինելով համանախագահներ, կտրուկ դեմ են, որ պատերազմ լինի, բայց այդ գործոնը կապված չէ ֆուտբոլի հետ կամ ինչ-որ այլ զարգացումների հետ։ Ինչ է, եթե ֆուտբոլը չլինի, սկսեն, էլի իրենց շահերի դեմ է, չէ՞, նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի…ինչի՞ պիտի սպասեն, անակնկալի պիտի դիմեն, չէ՞։ Բացի դրանից, մենք ամեն պահի էլ սպասում ենք այդպիսի զարգացումների, այսինքն՝ սա ֆուտբոլի հետ կապ չունի, սրանք ավելի շուտ շահարկումներ են։

-Ո՞ւմ կողմից են այդ շահարկումները։

-Տարբեր մարդկանց, նույն ադրբեջանցիների կողմից, որպեսզի վախ մտցնեն եւ անընդհատ լարվածության մեջ պահեն։ Մարդիկ, ովքեր որ այդ օրերին հավատում են, որ ֆուտբոլից հետո… չի բացառվում, է, ոչ մի բան, բայց ֆուտբոլն էսպես երկրորդական, երրորդական, տասներորդական նշանակություն ունի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X