Գործարար մարդիկ ներկայացվում են որպես «վնասատուներ»

Պետական եկամուտների կոմիտեի նոր ղեկավարությունը, կարծես, նպատակադրվել է կարճ ժամանակում ինչքան հնարավոր է շատ գումար հետ ստանալ գործարար մարդկանցից։ Չմուծված հարկ ու տուրք են փնտրում, հարկերի վճարումից խուսափելու սխեմաներ են «բացահայտում», թվեր են դնում տնտեսվարողների վրա, քրեական գործեր հարուցում, եւ այս թվաբանությունն ամեն օր հեռուստատեսությամբ հրամցվում է ապշահար քաղաքացուն, որի աչքին բոլոր տնտեսվարողներն արդեն հանցագործ են երեւում։ Այսպես, օրինակ, ՊԵԿ-ն օրերս սկսել է ստուգել Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, արտահանմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերություններին։ Ձեւավորվել է նոր քրեական գործ՝ հարկերը չվճարելու փաստով հարուցված (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդված), նոր «մեղավորների» անուններ է հրապարակել։

Հերթական «շտրաֆնիկները» «Սարգսյան իմպորտ» եւ «Արմ ընդ Ման» ընկերությունների տերերն են՝ Կարլեն Մկրտչյանը եւ Բագրատ Նավոյանը, որն ավելի հայտնի է որպես «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի եւ «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր։ Նա 7 մանկապատանեկան թիմ է պահում, ամեն թիմում՝ մոտ 20 երեխա։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի, այս երկու ընկերությունները չեն մուծել մոտ 2 մլրդ դրամի հարկեր։ Դրանք, «օգտվելով ապրանքներ ներմուծելու եւ դրանք ցածր մաքսային արժեքով մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից, տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ եւ արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ, այդ թվում՝ կիլոգրամներով»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ։

«Արմ ընդ Ման» ընկերության սեփականատեր Կարլեն Մկրտչյանը «կարգո» ընկերությունների գործունեությունը կազմակերպել է ոչ միայն «Արմ ընդ Ման» ՍՊԸ-ի, այլեւ «Ինը ընկեր», «Չորս ընկեր», «Հովարտ», «Էդ էքսպորտ», ինչպես նաեւ «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների միջոցով եւ պետությանը պատճառել 600 մլն ՀՀ դրամի վնաս։ Կարլեն Մկրտչյանը նաեւ «Երեւան տուր» ընկերության սեփականատերն է։ Մենք զրուցեցինք գործարարների հետ՝ հասկանալու, թե որն է իրականում նրանց հանցանքը, եւ ինչ ստուգումների մասին է խոսքը։ Նրանք շատ դժգոհ էին բարձրացված աղմուկի կապակցությամբ եւ չէին հասկանում, թե ինչու սովորական պլանային ստուգումները, որոնք պարբերաբար կատարվել են եւ միշտ էլ ինչ-ինչ ֆինանսական հետեւանքներ ունեցել, ուղեկցվում են աղմուկով, որի արդյունքում իրենք՝ այս երկրի գործարար մարդիկ, ներկայացվում են որպես պետական հանցագործներ։

«Սարգսյան իմպորտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը նյարդայնացած է։ «Ես չեմ հրաժարվում «Սարգսյան իմպորտից», իմ ընկերն է աշխատեցնում դա՝ Արսեն Խաչատրյանը։ Կոպիտ ասած՝ ընկերս մեքենան կանգնեցնում է, մեր տուրիստներն անցնում են, ապրանքը կապում են, բերում են Երեւան։ Բայց ինչ վերաբերում է «Բագրատ տուրին», սա բոլորովին այլ կազմակերպություն է եւ կապ չունի այս ստուգումների, ներկրումների հետ։ Ուրիշ բաներ թող չասեն։ Կայքերում 7-8 ընկերության անուններ են գրել ու դրել են իմ նկարը»,- ասաց նա։

Նավոյանն այս պահին ավելի շատ հետաքրքրված է իր նոր գաղափարով։ Նրան արդար չի թվում իրավիճակը, երբ թուրքական ինքնաթիռները շաբաթը երեք չվերթ են իրականացնում Հայաստան։ «Թուրքական ավտոբուսներն անխոչընդոտ գալիս-գնում են, իսկ մենք չենք կարող թռչել Թուրքիա։ Ուզում ենք հայկական կողմից օդանավ ուղարկենք Ստամբուլ։ Մենք խնդրել ենք թուրքական կառավարությանը, որ մենք էլ մեր «Ատլանտիս» կամպանիայով, «Տարոն ավիայի» օդանավով թռիչքներ իրականացնենք։ Եթե մեր կառավարությունը պետական մակարդակով մեզ աջակցեր այս հարցով, շատ ուրախ կլինեինք։ Թուրքերը 400-500 դոլարով են տանում-բերում, մենք մոտ 200 դոլարի կարգի գին ենք առաջարկում»,- ասում է գործարարը։ Քրեական գործի մանրամասներից չէր ցանկանում խոսել։ «Թող ստուգեն վերջացնեն, նոր կտեսնենք»,- ասաց նա։

«Սարգսյան իմպորտ» ընկերության տնօրեն Արսեն Խաչատրյանը պարզաբանեց․ «Մեզ մոտ բյուջեն են ուզել, ստուգում են, դեռ ոչ մի բան պարզ չէ։ Մեզ կանչել են հարցաքննության, մենք գնացել ենք, պատասխանել ենք հարցերի։ Իմ իմանալով՝ Չինաստան, Թուրքիա, Դուբայ ուղղություններով փոխադրումներ անող բոլոր ընկերություններն էլ ստուգվում են։ Մենք տեղափոխում ենք տուրիստների ապրանքները, մենք պատրաստ ենք վճարել, եթե մենք ինչ-որ գումար թաքցրել ենք, չենք վճարել։ Բայց մենք չունենք հարկերի թաքցնում, մեր հաշվապահությունում չկա նման բան։ Բայց էլի եմ ասում՝ եթե մենք ինչ-որ իքս գումար չենք մուծել, պատրաստ ենք վճարելու, կարող է, որ ինչ-որ խախտումներ լինեն, բայց չեմ կարծում, որ այդ գումարների մասին է խոսքը»։ Ստուգումները խաթարել են «Սարգսյան իմպորտի» աշխատանքը։ Ընկերությունը ժամանակավորապես չի գործում, իսկ բեռները տեղափոխվում են «Նորֆոլկ» ընկերության միջոցով։ Կարլեն Մկրտչյանը, որը եւս «վնասատուների» ցանկում է, լսելով, որ իր հետ լրագրող է խոսում, ասաց, որ զբաղված է, եւ արագ հրաժեշտ տվեց։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X