Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել, իմանալով, որ ես սկզբունքային և ազնիվ մարդ եմ, հրավիրել է աշխատելու

Բարձրագույն որակաորման կոմիտեի ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց սոցիալական ցանցերում իր տարածած ոչ ստանդարտ լուսանկարներից հետո։ Պաշտոնավարումից մեկ ամիս անց նա պատասխանում է մեր հարցերին։

-Բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերածվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի։ Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել կոմիտեում։

-Դա սահմանադրության պահանջն էր, սահմանադրական փոփոխությունների հետեւանքը։ Նախկինում Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կազմակերպություն էր, հիմա եղել է կարգավիճակի փոփոխություն, կարգավիճակը բարձրացել է։

-Մինչեւ ԲՈԿ նախագահ դառնալն ի՞նչ ճանապարհ եք անցել, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ առաջարկեցին նշանակել ԲՈԿ նախագահ։

-Ճանապարհը իմ աշխատանքն է եղել՝ ծավալված տարբեր ոլորտներում։ Դուք տեսաք, թե դպրոցականները «Մաթեմատիկա» առարկայից ինչ փայլուն արդյունքներ գրանցեցին միջազգային օլիմպիադայում։

-Ի՞նչ առնչություն ունեիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հետ։

-Ես Նիկոլ Փաշինյանի թիմի հետ ոչ մի առնչություն չունեմ, նրան անձամբ չեմ ճանաչում։ Ուղղակի, իմանալով, որ ես սկզբունքային եւ ազնիվ մարդ եմ, նախկինում զբաղվել եմ դպրոցականների կրթությամբ, հնարավորություն ընձեռեցին, որ ես աշխատեմ այս ոլորտում։ Նախկինում եղել եմ «Լինքսել» կազմակերպության հիմնարկի տնօրեն, Հայաստանի դպրոցականների օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, վարել եմ Հայաստանում իրականացվող բոլոր օլիմպիադաները, ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում վարել եմ խմբակ, մեր դպրոցականներին ուղղորդել եմ միջազգային օլիմպիադաների, զբաղվել եմ գիտությամբ, նկարել եմ ֆիլմեր։

-Ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել կոմիտեում, որպեսզի այն ծառայի գիտությանը։

-Իրականում գիտության կոմիտեն պետք է ծառայի գիտությանը, իսկ ԲՈԿ-ը պետք է կատարի վերահսկիչ գործառույթ եւ մատնանշի թերությունները։ Քանի որ տարբեր օղակներ մինչեւ հիմա վատ են աշխատել, արդյունքում տուժել է գիտությունը, եւ դրա պատճառով քննադատել են ԲՈԿ-ին։ Փոխանակ քննադատեն մյուս օղակներին, թե ինչու են թերանում աղմկահարույց պաշտպանությունների հարցում, ԲՈԿ-ի վրա են թափում ամեն ինչ։ ԲՈԿ-ը կատարում է լակմուսի թղթի դեր։ Եթե ԲՈԿ-ն ակտիվ է, ուրեմն գիտությունը վատ վիճակում է, եթե ԲՈԿ-ը պասիվ է, ուրեմն գիտությունը լավ վիճակում է։

-Իշխանափոխությունից հետո տարբեր ոլորտներում եղել են չարաշահումների հետ կապված բացահայտումներ։ Դուք որեւէ բացահայտում արե՞լ եք ԲՈԿ-ում։

-Արդեն կան որոշ բացահայտումներ, բայց ոչ նյութական բացահայտումներ։ Բարելավման խնդիրներ կան՝ սկսած կանոնակարգից մինչեւ օրենսդրական լուծումներ։

-Տարիներ շարունակ մականունավոր մարզպետները, քաղաքապետերն ու ԱԺ պատգամավորները պաշտպանել են ատենախոսություններ, ստացել թեկնածուի կամ դոկտորի կոչումներ։ Որպես ԲՈԿ նախագահ՝ պատրաստվո՞ւմ եք վերանայել, անհրաժեշտության դեպքում՝ չեղյալ համարել նրանց ատենախոսությունները։

-Վերանայելու, չեղյալ համարելու օրենսդրական իրավասություն հիմա չկա։ Այդ ատենախոսությունները բաց են, կարող են մասնագետները վերցնել դրանք, կարդալ եւ հայտնել իրենց մասնագիտական կարծիքը։ Այլ հարց է, թե ինչու են գիտական խորհուրդները հաստատել այդ ատենախոսությունները։ Այդ հարցերը պետք է ուղղել գիտական խորհուրդների նախագահներին եւ ղեկավարներին։

-Մի քանի տարի առաջ, օրինակ, Գերմանիայի կրթության նախարարին զրկել էին գիտական կոչումից, երբ հայտնաբերել էին, որ դեռեւս 80-ականներին նրա պաշտպանած ատենախոսությունը գրագողություն էր։

-Այնտեղ կար հնարավորություն, զրկել են։ Եթե մեր երկրում էլ ստեղծվի հնարավորություն, ապա կզրկեն։ Ես ավելի կառուցողական մոտեցում եմ որդեգրելու, ապագայում պետք է պաշտպանվող թեզերի որակը բարձրացնենք, հետո մտածենք նախկին անորակ ատենախոսությունների մասին։ Եթե «մեռած հոգիների» հետեւից ընկնենք, ապա կառուցողական ոչինչ չի լինի։ Մեր աշխատակազմը շատ փոքր է, ընդամենը 14 աշխատակից, եթե ընկնենք հների հետեւից, ապա ոչինչ էլ չենք հասցնի անել։ Մենք պետք է ստանձնենք կանխարգելիչ դեր։

-Որո՞նք են լինելու կանխարգելիչ գործառույթները։

-Երբ լինեն, այդ մասին կտեղեկացնենք։

-Հեղափոխական լուծումնե՞ր կլինեն։

-Հեղափոխական լուծման կարիք չկա, բարոյական ընկալման խնդիր կա։ Պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ լինի ինքնամաքրում։ Բուհերի ապաքաղաքականացումն առաջին քայլերից պետք է լինի, կարծում եմ։

-Առաջադեմ երկրների փորձից ելնելով՝ ի՞նչ փոփոխություններ կանեիք ԲՈԿ-ում։

-Աշխարհում հետխորհրդային հինգ-վեց երկիր կա, որոնք ունեն ԲՈԿ։ Շատ երկրներում ընդհանրապես գոյություն չունի ԲՈԿ-ը, եւ բուհը կամ գիտխորհրդի նախագահն իրավունք ունեն հաստատել ատենախոսությունն ու տալ վկայագիրը։ Բայց այնտեղ ստորագրությունը գին ունի։ Եթե մեր համալսարանները կարողանան մագիստրոսական կրթությունը հասցնել այն որակի, որ մագիստրոսի դիպլոմը Հայաստանում ընդունվի, կասկածի տակ չդրվեն հեղինակի մասնագիտական գիտելիքները, այդ ժամանակ դրսի փորձը կարելի է ներդրել մեր բուհերում։ Բայց քանի դեռ մագիստրոսական թեզը պաշտպանում են առանց մագիստրոսական թեզ գրելու, մնացածի մասին խոսելն անիմաստ է։ Օրինակ՝ Վրաստանում ԲՈԿ-ը վերացրեցին, ստեղծեցին վարչություն, արդյունքում վրացիներն ասում են, որ վատացել է դրանից հետո ոլորտի վիճակը։ Ազատականացումն աշխատում է, երբ մարդիկ գնահատում են ազատությունը։ ԲՈԿ-ը պետք է այնպես անի, որ դառնա անգործունակ կառույց, ոչ կարեւոր օղակ։

-Իսկ գիտության ո՞ր ոլորտներից են հիմնականում պաշտպանում ատենախոսություն։

-Շատ են պաշտպանում տնտեսագիտությունից։ Ամենաքիչը պաշտպանում են մետալուրգիայից։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X