Դատարանները՝ անկաշկանդ, «Ծռերը»՝ ազատության մեջ

Թավշյա հեղափոխությունը, կարելի է ասել, առաջինն ազդեցություն ունեցավ դատական համակարգի վրա։ Դրանից հետո դատավորները «փափկեցին», անողոք մեղադրողները՝ դարձի եկան։ Հատկապես, քաղաքական եւ հասարակական հնչեղություն ունեցող գործերում նախադեպային որոշումներ է կայացնում դատարանը։ Եթե, օրինակ, մի տարի առաջ «Ծռերը», նրանց հարազատներն եւ համակիրները մտքի ծայրով անգամ չէին կարող անցկացնել, որ առաջիկա մի քանի տարում կլինեն ազատության մեջ, ապա այսօր դա արդեն իրականություն է։

Այս դատավորից այն դատավորի ձեռն անցած, չարչրկված «Սասնա ծռերի» գործով նախագահող դատավորներն արդեն երկրորդ ամիսն է իրար հետեւից փոխում են ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը, մեկի դեպքում՝ ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, մյուսի դեպքում՝ գրավով, մեկ այլ ուրիշի պարագայում էլ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Իրենք՝ ազատ արձակված ամբաստնյալները, դատարանի նման որոշումը կապում են քաղաքական իշխանության փոփոխությամբ եւ հայտարարում, որ համագործակցելու են կառավարության հետ։

Բացի դատավորներից, դատախազների դիրքորոշումն էլ է փոխվել, խափանման միջոցը փոփոխելու միջնորդության նրանք ոչ միայն չեն առարկում, այլ նաեւ նշում են, որ ազատության մեջ ամբաստանյալները չեն խոչընդոտի գործի քննությանը։

ՊՊԾ գնդի գրավման գործն այսօր քննվում է երեք դատավորների՝ Արշակ Վարդանյանի, Արտուշ Գաբրիելյանի եւ Մեսրոպ Մակյանի վարույթներում։ Մինչ այդ, սկզբում այն նախագահում էր միայն Գաբրիելյանը, այնուհետեւ գործից 2 մաս անջատեց, որը բաժին ընկավ Մակյանին ու Արթուր Օհանյանին, վերջինս առողջական խնդիրների պատճառով ամիսներ առաջ հրաժեշտ տվեց պաշտոնին, նոր միայն նրան փոխարինեց Վարդանյանը։

32 ամբաստնյալներից այս պահին փոխվել է 20-ի խափանման միջոցը։ Սակայն, պաշտպանները ցանկություն ունեն ամեն նիստին գոնե մեկին տեսնել ազատության մեջ։

Ի սկզբանե «Ծռերի» գործը քննած, «ծռագետ» Արտուշ Գաբրիելյանը այս գործով «իր» բոլոր ամբաստանյալներին ազատություն է շնորհել՝ Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Արթուր Սողոմոնյանին, Հովհաննես Վարդանյանին, Գառնիկ Հովակիմյանին, Տիգրան Սարգսյանին, Արթուր Սողոմոնյանին, Խաչատուր Գիշչյանին, Կարո Եղնուկյանին, Արթուր Մելքոնյանին, Մանվել Աթոյանին։

Արշակ Վարդանյանն էլ փոխել է 5 հոգու խափանման միջոցը՝ Արամ Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Թորոս Թորոսյանի, Արամ Հակոբյանի, Հովհաննես եւ Հարությունյանի։

Թվային առումով երրորդ տեղում Մեսրոպ Մակյանն է, նրա որոշմամբ 4 ամբաստանյալ է հայտնվել ազատության մեջ՝ Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանը։

Հարկ է նշել, որ մինչ իշխանափոխությունը պաշտպանները տեւական ժամանակ նույն միջնորդությունն էին ներկայացնում, սակայն ոչ մեղադրողները, ոչ էլ դատավորները այսօրվա պես բարի չէին նրանց նկատմամբ։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X