Նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետ Անահիտ Նազարյանի հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված բաժնի պետը Կոտայքի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացնում՝ վիճարկելով Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի որոշումը։ Նա պահանջում էր իրեն պաշտոնում վերականգնել, պաշտոնից ազատելու Հրազդան համայնքի ղեկավարի կարգադրությունը առոչինչ և անվավեր ճանաչել, օրենքով սահմանված վճարումները բռնագանձել: Սույն գործը հասավ մինչեւ Վճռաբեկ դատարան, այնտեղ գործը քննվեց, եւ ուղարկվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Չնայած այն, որ քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչը բացակայում էր, այնուամենայնիվ, նիստը կայացավ:

Նախորդ նիստի ժամանակ Անահիտ Նազարյանի լիազոր ներկայացուցիչ Մարատ Կոստանյանը պահանջել էր պատասխանող կողմին ներկայացնել հետեւյալ ապացույցները. «Տրամադրել տեղեկատվություն Գեղամ Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետարանում ծառայողական առաջխաղացման եւ նրան համայնքային ծառայության դասային աստիճանների շնորման ժամանակագրությունը: Ինչպես նաեւ՝ Գեղամ Միքայելյանին բաժնի պետ նշանակելու եւ համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանի շնորհման մասին որոշումները սահմանված ժամկետում չհրապարակելու պատճառների մասին: Տրամադրել նաեւ տեղեկատվություն՝ Հրազդանի քաղաքապետարանում Ալվարդ Մարտիրոսյանի պաշտոնավարման եւ կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով բաժնին նրա առնչակցության մասին»:

Հրազդանի քաղաքապետարանի կողմից այս ապացույցները դատարանին չներկայացվեց, դատավոր Արիստակես Սիսակյանն էլ նիստը հետաձգեց, վճիռը կհրապարակվի երկուշաբթի: Անահիտ Նազարյանի լիազոր ներկայացուցիչ Մարատ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կասկածներ ունի, որ նշված փաստաթղթերը կեղծ են. «Գեղամ Միքայելյանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ նշանակելու եւ համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանի շնորհման մասին որոշումների դեպքում կատարվել են պաշտոնական կեղծիքներ, ուստի փորձաքննության միջոցով դրանց կայացման ճշգրիտ ժամկետները պարզելու եւ փորձաքննության արդյունքներով քրեական գործի հարուցման խնդիր լուծելու նպատակով ես խնդրել էի, որ ներկայացնեին այդ որոշումների բնօրինակները, որը եւ չներկայացվեց, քանի որ այն կեղծված է: Եթե կեղծ չլիներ, ապա այսօր քաղաքապետարանը առանց խնդրի այն կտրամադրեր»,- ասաց Մարատ Կոտանյանը:

Ըստ նրա՝ չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնեական դիրքը չարաշահելու, եւ կեղծ որոշումներ կայացնելու համար քրեական գործ կհարուցվի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X