Վահագն Խաչատրյանն իր՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո հանրային հետաքրքրությունների կիզակետում է հայտնվել այն հարցը, թե ով է լինելու Երեւանի հաջորդ քաղաքապետը։ Արդեն որոշված է, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունը կայանալու է հուլիսի 16-ին։ Հայտնի է դարձել, որ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու։ Օրեր առաջ, երբ դեռ որոշված չէր Երեւանի քաղաքապետի ընտրության օրը, կայքերից մեկում լուր էր հրապարակվել, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակ ունի նաեւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, ցուցակն էլ գլխավորելու է Վահագն Խաչատրյանը։ Վահագն Խաչատրյանը 1992-96թթ․ եղել է Երեւանի քաղաքապետ։ «Կայքերն են գրում, բայց Դուք մեզ հարցրե՞լ եք։ Կայքերին հարցրեք, մենք որոշում չենք կայացրել, չենք էլ քննարկել»,- մեր հարցին, թե ինչո՞ւ անցյալ տարի չմասնակցեցին Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ հիմա որոշեցին մասնակցել, այսպես պատասխանեց Վահագն Խաչատրյանը։

Հարցին, թե չե՞ն ցանկանում այնուամենայնիվ, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, Վահագն Խաչատրյանն արձագանքեց․ «Թող ժամանակը գա, օրենքով նախատեսված վիճակ լինի, այն ժամանակ էլ այդ պատասխանը կստանաք։ Ավագանին դեռ պետք է քաղաքապետ ընտրի, ամեն ինչ ընթացքի մեջ է: Առայժմ գործընթաց կա, ինչո՞ւ են առաջ ընկել, ինչո՞ւ են մեր անունից հայտարարություններ տարածում, չեմ հասկանում»։ Նախկինում ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել՝ պատճառաբանելով, որ իշխող կուսակցության հետ չեն կարող մրցել իրենց ռեսուրսներով։ Հայաստանի մի քանի խոշոր քաղաքներում՝ Կապանում, Էջմիածնում, Հրազդանում նախկինում իշխող ռեժիմի ներկայացուցիչ քաղաքապետերը հրաժարական են տվել, սպասվում են նոր ընտրություններ։ Ինչպե՞ս է պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին ՀԱԿ-ը։

«Շատ ճիշտ եք, լրիվ ուրիշ իրավիճակ է։ Այն հիմնավորումներն ու բացատրությունները, որ տրվել են նախկինում, հիմա տեղին չեն։ Լինելու են ազատ ընտրություններ, ով կմասնակցի կամ չմասնակցի՝ կտա իր հիմնավորումները։ Բայց այսօրվա իրավիճակում ոչ մի տեղ ընտրություն նշանակված չէ։ Գործող օրենսդրության համաձայն, եթե չեմ սխալվում, պետք է այդ ընտրությունները լինեն հոկտեմբեր ամսին։ Երբ կոնկրետ օրը կնշանակվի, ժամանակացույցը կլինի, այն ժամանակ էլ քաղաքական ուժերին կուղղեք Ձեր հարցերը»,- ասաց Վահագն Խաչատրյանը։ Հարցին, թե չե՞ն պատրաստվում ընտրություններին ընդառաջ համատեղել ուժերը, քննարկել ապագա պլանները, Վահագն Խաչատրյանն արձագանքեց․ «Առայժմ՝ ոչ։ Ոչ մի քննարկում էլ չենք անցկացնում։ Ես հիմա զբաղվում եմ ֆուտբոլ խաղալով, կարդալով, գրելով, մեկ էլ՝ շոգից պատսպարվելու տեղ գտնելով»։

Մեկնաբանություն
X