Կարեն Պետրոսյանը՝ իր նշանակման մասին

Երեկ հայտնի դարձավ, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ամենաակտիվ անդամներից մեկը՝ Կարեն Պետրոսյանը, նշանակվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այսինքն՝ Պետրոսյանը ժամանակավոր գլխավորելու է բավականին կարևոր ուսումնական հաստատություն, և լուրեր են պտտվում, որ հենց նա էլ վերջնականապես կնշանակվի բուհի տնօրենի պաշտոնում։ Սոցցանցերում կարծիքներ եղան, որ այս ամենի հետևում կանգնած են նոր իշխանությունները, այսինքն՝ բացահայտ աջակցում են կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնությանը, ինքը՝ Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել այդ կարծիքները՝ ասելով, որ դա իր մասնագիտությունն է, իրեն գնահատել են, ինչի համար շնորհակալ է։

- Դուք բուհի տնօրենի ԺՊ եք նշանակվել, պատասխանատու աշխատանք է, ի՞նչ եք պատրաստվում անել, զբաղվելո՞ւ եք ձեր պարտականություններով, թե՞ կաթողիկոսի հրաժարականն եք պահանջելու։

-Ես իմ աշխատանքային պարտականությունները կատարելու եմ օրենքով սահմանված ժամանակահատվածում, իսկ մնացած իմ ազատ ժամանակը ես ինքնուրույն եմ տիրապետելու, իսկ դրա մի մասն էլ կազմում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը։

- Այսինքն՝ համալսարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում շարունակելո՞ւ եք պահանջել կաթողիկոսի հրաժարականը։

-Անշուշտ։ Էդքան կաթողիկոսի հրաժարականը չէ մեր հարցը, ինչքան այն, որ եկեղեցին բարենորոգելն է, և ունենալ իմունիտետ, իմունիտետ՝ պաշտպանելու մեր ժողովրդին, մեր ազգը աղանդներից, ապօրինություններից, անարդարություններից, որը օրվա կաթողիկոսը ունակ չէ։

- Ասել է թե՝ այդ ամենը հնարավոր է միայն կաթողիկոսի հրաժարականի՞ համատեքստում։

-Անշուշտ։ Մենք իրեն ասել ենք կամ հրաժարական տա, կամ դուրս գա ու հրապարակային զղջա, ինքը ոչ զղջացել է տվյալ վիճակի համար և ոչ էլ հրաժարական է տվել։ Անզղջությունը համարվում է չներվող մեղք։

- Տնօրենի ԺՊ նշանակվելը անակնկա՞լ էր Ձեզ համար, թե՞ Դուք գիտեիք, որ պետք է նշանակվեք։

-Ես այս բուհում աշխատում եմ 20 տարի արդեն՝ սկզբում որպես ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ, հետո դասախոս, հետո էլ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա իմ մասնագիտությունն է, սա որևէ կապ չունի իմ քաղաքական, քաղաքացիական գործունեության հետ, սա իմ գործունեության մասնագիտական որակներն են, և ես շնորհակալ եմ ՀՊՏՀ տնօրինությանը, որ գնահատելով իմ մասնագիտական կարողությունները՝ վստահել են։ Եվ այս ամենի մեջ անիմաստ ուրիշ բաներ տեսնել․․․։ Ես էլի եմ կրկնում՝ քաղաքական, քաղաքացիական հայացքները մի բան են, մասնագիտական գործունեությունը՝ մեկ այլ բան։

- Ձեր նշանակումը սոցցանցերում բուռն քննարկվեց, նույնիսկ եղան կարծիքներ, որ սա նոր իշխանությունների կողմից բացահայտ աջակցություն է ձեր շարժմանը։

-Ես նման որևէ կարծիք մեկնաբանելու նպատակահարմարությունը չեմ տեսնում։ Փաստը այն է, որ ինձ վստահվել է բուհի տնօրինության կողմից, և ես շնորհակալ եմ դրա համար։ Ես կփորձեմ իմ լավագույն ջանքերը ներդնել բուհում որակյալ կրթություն կազմակերպելու հարցում։

- Տնօրենի ընտրություններում առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը։

-Դա ժամանակը ցույց կտա, դա իմ զբաղվածությունն ու կառավարման կարողությունները ցույց կտան, որովհետև հիմա մի իրավիճակ է, որ պետք է կառավարվի, և ես համաձայնվել եմ ստանձնել այս պատասխանատվությունը, որովհետև ինձ համար միշտ և մնայուն ցանկացած տեսակի պաշտոն նախ և առաջ պատասխանատվություն է։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X