Մենք խնդիր չունենք․ Ռալֆ Յիրիկյան

Երեկ «Բյուրական» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ առաջին տիկին Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի մեկնարկի արարողությունը։ Արարողությանը ներկա էր նաև «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Նրան հարցրինք, թե որևէ ծրագիր ունի՞ և ինչպե՞ս է պատկերացնում հիմնադրամի հետ հետագա գործունեությունը․

«Դեռ ոչ մի քայլ չի կատարվել իմ կողմից, սպասում ենք մեկնարկին, և կհասկանանք, կուսումնասիրենք, կգնահատենք, համապատասխան որոշումներ կկայացնենք։ Այսինքն՝ հիմա չեմ կարող ասել, որ ինչ-որ ծրագրեր կան, որի տակ մենք մտնում ենք կամ վերցնում ենք, որովհետև դեռ նոր է սկսվում, և ինչպես մնացած ներկաները, ուզում ենք հասկանանք և կողմնորոշվենք։ Պատրաստակամություն միշտ կա և միշտ սահմանափակում կա, երբեմն բյուջեն բավականին դեր է խաղում, բայց այնուամենայնիվ անձնական պատրաստակամությունը, այո, կա, որովհետև դա ընկերության հետ կապված չէ և ընկերության բյուջեի հետ կապված չէ, բայց մի քիչ սպասենք, հասկանանք՝ ինչ ծրագրեր են, կկողմնորոշվենք»,- ասաց Յիրիկյանը։

Վերջերս կառավարության կողմից բարեգործությունները սահմանափակող օրինագիծ մշակվեց, որը չափազանց մեծ աղմուկ բարձրացրեց։ Ռալֆ Յիրիկյանին հարցրինք, թե ի՞նչ դիրքորոշում ունի այդ օրինագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ նա բազմիցս հանդես է եկել բարեգործական ծրագրերով․

«Մենք խնդիր չունինք, մենք միշտ ասել ենք՝ օրենքի ներքո ենք գործում։ Ցանկացած պետական ծրագիր կամ օրենք, որը կյանքի է կոչվում, մենք դրա հետևորդներն ենք, այսինքն՝ մենք ընդհանրապես խնդիր չունենք, մեր գործունեությունը թափանցիկ է, բաց է, և ցանկացած ծրագիր, ցանկացած պահի կարող է ստուգվել, և համապատասխան փաստարկները լրիվ կան, այստեղ մենք խնդիր չունենք։ Միշտ ողջունելի է, երբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում, կամ ինչ-որ մի օրենք ավելի զարգացվում է, կամ ռեֆորմի է ենթարկվում, որ ինքը ավելի ճկուն լինի իր գործունեությամբ»։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X