Վասն անգրագիտության

«Արցախյան զարթոնք» կոչվող շարժումը, որի կազմակերպած հանրահավաքին ներկա էր երկու-երեք տասնյակ մարդ, հիմնականում՝ նախաձեռնող խմբի անդամների հարազատներ, բարեկամներ եւ ընկերներ, տարածել է հայտարարություն, որտեղ կարդում ենք, որ Արցախում «պաշտոնյաները 2,3,4 աստիճաններում պարզապես անգրագետ են, չգիտեն ո՛չ օրենքներ, ո՛չ լեզուներ, որը բերում է ծայրահեղ ոչ արհեստավարժ կառավարման»:

Պաշտոնյաներին անգրագիտություն մեղսագրող խումբը կամ գոնե նրա անունից խնդրո առարկա տեքստը հեղինակողը պետք է որ աշխատեր սեփական մտքերը գրագետ ձեւակերպել: Ի վերջո, մարդիկ հավակնում են իշխանափոխության, վաղն ավելի մեծ լսարանի առջեւ կարող են ելույթ ունենալ: Բայց ինչպես մեջբերվածն է վկայում, հայտարարության հեղինակները չգիտեն, որ հայերենը պահանջում է գրել «երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի պաշտոնյաները…», իսկ եթե թվարկումն արվել է արաբական թվանշաններով, ապա վերջում պետք է գրվի «-րդ» մասնիկը:

Բայց սա դեռ ամենը չէ: Հայտարարության հեղինակները որպես իշխանությունների մեղք նշել են, որ Արցախում բազմաթիվ պաշտոնյաներ «խեղաթյուրված են»: Թե ի՞նչ են նկատի ունեցել ,,զարթոնքականները,,՝ երեւի միայն իրենք գիտեն: Բայց գրագիտության այս «մակարդակով» հավակնել հանրապետության ղեկավարի պաշտոնին, ուղղակի սնապարծություն է: Արցախում, այո, փոփոխությունների կարիք կա: Եվ իշխանությունները, նախագահ Բակո Սահակյանը խոստանում են ականջալուր լինել հանրության ձայնին: Բայց այդ ձայնն էլ պիտի հնչի պարզ, գրագետ եւ կոռեկտ: Թե չէ ամեն տասը հոգիանոց խումբ իրեն ինչ-որ «շարժման առաջամարտիկ» է հռչակում եւ իսկականից խեղաթյուրում երկրի քաղաքական օրակարգը:

Մեկնաբանություն
X