Այն մասին, թե ինչպես կյանքումս երկրորդ անգամ ես լեւի գնացի

Ես արդեն գրել եմ, թե առաջին անգամ ինչպես եմ լեւի գնացել: Հիշեցման կարգով ասեմ, որ դա էն քաղցի, ցուրտ ու մութ տարիներն էին, երբ կոպեկ անգամ չունեինք հաց գնելու համար: Սոված փորով ման էինք գալիս ու ձեռներս էստեղ-էնտեղ գցում, որ մի կերպ ընտանիքներս յոլա տանեինք: Չէի ասի, որ իմ Վերնիսաժի վարպետներից Աբոն էլ մի լավ օրի էր, բայց, համենայնդեպս, 100 դոլար չէր խնայել՝ իր սեռական կարիքները հոգալու համար: Նրա հաց ու ջուրն էլ էդ էր: Էդ մասին անտեղյակ, ինձ համար միամիտ զբոսնում էի Աբովյան փողոցով: Մեկ էլ «Կինոմոսկվայի» մոտ Աբոն առաջս կտրեց: Ասաց՝ ինչ լավ է, որ քեզ տեսա, ասաց՝ դուրս էի եկել, որ սիգարետ առնեմ, էն էլ քեզ հանդիպեցի… Ասաց՝ էրկու նանար եմ բռնել՝ հենա «Դիպլիպիտո» ռեստորանում նստած են, պիտի գաս մեկին դու զբաղեցնես, մյուսին՝ ես… Ոնց որ գլխիս տաք ջուր լցնեին, միտքս շաղվեց, լեզուս էլ բերանիս մեջ լալկվեց… Ասաց՝ ատկազ չկա, պտի վիռուչատ անես… Սիրտս խփում էր, ոտքերս տակիս ծալվում էին… Ասաց՝ ուզո՞ւմ ես առաջիդ չոքեմ։ Պիտի գաս… Ես էլ խաթրասիրտ, փուխր հոգու տեր՝ տեղի տվի… Գնացի տեսա, ի՜նչ տեսնեմ՝ սեղանը գցած, մեջտեղը ձնծաղիկի պես բացված երկու աղջնակ… Աբոն բաժակները լցրեց, ու քեֆը սկսվեց: Քաղցած էի, էն էլ՝ ո՜նց… Մուղամով ուտում էի՝ սկզբում կամաց-կամաց, հետո տեսա, որ ինձ վրա էլ ուշադրություն դարձնող չկա՝ արագ-արագ, բերանս պատռվելու աստիճան լայն բացելով… Ես ուտում էի, Աբոն էդ աղջիկների հետ պարում էր: Արդեն քեֆները լավ-լավ էր: Աբոն էրկու-էրկու՝ էդ աղջիկներին առել էր թեւերի վրա ու զոնտիկի պես պտտում էր: Նրանք պարում էին՝ ես ուտում էի, ես ուտում էի՝ նրանք պարում… Որ նրանք շատ պարեցին, ու ես էլ շատ կերա, մեկ էլ էն հասկացա, որ իմ գործը պրծել եմ… Սուսուփուս վեր կացա ու Աբոյի «զոնտիկի» տակով, կուզեկուզ, գնացի դեպի շեմքը, իբր տուալետ եմ գնում… Էդ էր ու էդ՝ ինձ դուրս գցեցի…

Էս մի փորձանքից լավ պրծա: Երկրորդ անգամ իրավիճակն ավելի բարդ էր ու խճողված: Թե ոնց էր պատահել՝ ադրբեջանական մի հասարակական կազմակերպությունից Հարավային Կովկասում խաղաղություն ու հանդուրժողականություն քարոզելու համար հատուկ մրցանակ էի ստացել: Ճիշտն ասած՝ լավ էլ պատմվածք էի գրել՝ արժան Նոբելյան մրցանակի, բայց հանուն երկու թշնամիացած ազգերի հաշտության, հոժար էի անգամ բավարարվել ադրբեջանական մրցանակով: Հինգ ու վեց հոգով վեր կացանք գնացինք Թբիլիսի՝ էդ մրցանակը ստանալու: Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս չկար, մերս չկար, ես էի ու, ամենագլխավորը՝ իմ օլիգարխ ընկեր Օհանը: Օհանն էս կազմին դելեգացիա էր անվանում, բայց իրականում նրանք ուտող-խմող բրիգադ էին, որ ո՛չ իրանց ուտելուց էին բան հասկանում եւ, որ ամենասարսափելին էր՝ ո՛չ էլ խմելուց… Դրանում ընդամենը մի օր հետո էի համոզվելու, երբ աչքովս էի տեսնելու, թե ոնց են խորովածն ու խաշլամեն լագաններով տուն ածում, իսկ օղին ու գինին՝ տիկերով դատարկում… Ճամփին թե իմ տրամադրությունը հարյուր էր, Օհանինը հազար ու մի հարյուր էր… Ասում էր՝ աշխարհում դեռ էսպիսի բան չի եղել, որ թշնամի երկիրն իր հակառակորդին մրցանակ տա… Ասում էր՝ ուտել-խմելը՝ հեչ, էդ կապակցությամբ իմ ընկերոջը մի մրցանակ էլ ես եմ տալու… Ասում էր՝ ուզես-չուզես, ու չէր էլ նկատում իմ տառապագին դեմքի տրտում ելեւէջները, էդ կապակցությամբ, քեզ մի սիրուն թուրք աղջիկ եմ պատիվ տալու… Ներսս սրսփում էր, անորոշ, գողտու զգացումով համակվում, բայց, համենայնդեպս, բանի տեղ չէի դնում… Մտածում էի՝ մարդ ա, մտքովը մի բան ա անցել, թող էդ էլ շուլուխ լինի… Ճանապարհը կարճանում էր, տրամադրություններս՝ բարձրանում, ու մենք էլ չհասկացանք, թե ինչպես հասանք վագրենավորների երկիր Թբիլիսո քաղաք: Առաջին գործն ադրբեջանական մրցանակը ստանալն էր: Մրցանակին արժանանալու հանգամանքները հույժ գաղտնի էին: Բայց, ինչպես ես իմ կարճ խելքով էի հասկանում, դա ավելի շուտ արդյունք էր Վրաստանում բնակվող հայ-ադրբեջանական համայնքների բարիդրացիական համակեցության, քան բուն հայ-ադրբեջանական հարաբերությունների: Սահմանի վրա հայերն ու ադրբեջանցիներն ատամ էին կրճտացնում, իսկ օտարի հողի վրա, բաժակ բաժակի տված, եղբայրական կենացներ խմում: Իմ «Քիրվա» պատմվածքն էլ հենց էդ քիրվայության մասին էր, որ երկու ժողովուրդների միջից հանում էր ատելությունը, արյունը՝ մեջտեղ բերելով աղուհացով օրհնված պարզ մարդկային հարաբերությունները: Դրա ջատագովները Վրաստանում հայկական եկեղեցու սրբազանն էր ու Վրաստանում սդրբեջանական կրոնական համայնքի առաջնորդ ախունդը, որոնց լուռ համաձայնությամբ էլ կիսագաղտնի պայմաններում ինձ հանձնվեցին անգլերեն եւ ռուսերեն գրված պատվոգիրն ու հազար դոլարով ծրարված մրցանակային գումարը… Դե քեֆ արա… Սակայն էդ քեֆն էնքան էլ իմը չէր: Այն նախեւառաջ մեր դելեգացիայինն էր: Պատվիրակությունը հենց քեֆ անելու համար էր, թե չէ՝ մի պատվոգիրը կամ հազար դոլար գումարն ի՞նչ էին, որ մենակովի չվերցնեի, կարո՞ղ ա ձեռքիս ուժը չհերիքեր… Ասում էին՝ Թբիլիսիի հարակից սարերում խրախճանքի լավ վայրեր կան… Ընկերոջս՝ Փողով Օհանի բարձր հովանավորությամբ մեր մեքենաները Սոլոլակ թաղամասով ուղղություն վերցրին դեպի թավշյա բնություն՝ Մթածմինդայի կանաչագեղ սարերը: Անտառուտ մի վայրում ակվարիումատիպի ռեստորան կար՝ բերնեբերան լիքը մարդկանցով: Ասինք՝ էստեղ որ մարդիկ շատ են, ուրեմն հյուրասիրությունն էլ լավ կլինի: Օհանը մատուցողներին կանչեց: Ինչպես հեքիաթում՝ Օհանը կախարդական փայտիկը շարժեց: Եվ որքան էլ տարօրինակ էր՝ էդ փայտիկն աչքիս դրամապանակ թվաց… Ինչեւիցե, ակնթարթում սեղանը լցվեց… «Ախաշենի», «Կինձմարաուլի», «Սապերավի» գինիներով, խորովածից, խաշլամայից, կարմիր ու սեւ խավիարից բռնած՝ մինչեւ լորի ձու… Օձի կաթն էր մեզանից պակաս… բայց ո՛չ օձի լեզուն… Մեկ-երկու բաժակից հետո իմ Օհան ախպերը վեր թռավ, օձի պես սուլելով, օձի պես ֆշշացնելով, լեռնականի պես թեւերը տարածած, բռունցքները լեզգիավարի կեռ տված, պճեղների վրա ճկված բարձրանալով ու ձգած վիզն անընդհատ ձգելով՝ ասես հաղթահարել ուզելով վրացական սարերի կատարները… Մարմինը լեզգինկա էր բաղձում, լեզգինկա… Իսկ հոգին՝ տո՛ն, տո՛ն… Սակայն երաժշտությունը, ա՛խ, էդ ախմախ երաժշտությունը, որ խիստ տկար էր ու միանգամայն անկատար՝ բավարարելու քեֆ անողներիս անհագ ծարավը. դաշնամուր էր, որի ջանին ընկած սերթուկով ու բանտիկով մի երիտասարդ սեւ ագռավի պես ջանադիր կտուտում էր, ջութակ՝ ծիվ-ծիվ, ծիվ-ծիվ, մարդաբոյ թավջութակ՝ տընգ-տընգ, տընգ-տընգ… ու թմբուկ՝ տիկ-տակ, տիկ-տակ… Դե արի դրանց տակ քեֆ արա… Եվ ինչքան էլ Օհանը ծոցագրպանից փողերն էր շաղ տալիս, միեւնույն է՝ բան չէր ստացվում… Ճիշտ է, երաժիշտներն ավելի էին աշխուժանում, փայլատակում էին նրանց սեւ աչքերը, բայց օդը մնում էր պաղ ու դատարկ՝ ստեղները՝ կը՛տ, կը՛տ, կը՛տ, կը՛տ… լարերը՝ տը՛նգ, տը՛նգ, տը՛նգ, տը՛նգ… ջութակը՝ ճիզի-վիզի, ճիզի-վիզի… թմբուկը՝ թ՛ըխկ, թը՛խկ, թըխկ, հա թըխկ… Իսկ հոգին տոն էր պահանջում, տո՛ն… Պատվիրակությունը՝ դեռ մի կարգին չսնված, Օհանը, հուսահատ, ձեռքը թափ տվեց… Ասաց՝ սրանց ռեստորանը ոնց որ արիստոկրատական ա, երաժշտական գործիքներն էլ՝ տուտուց-տուտուց՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ՝ էծի մկկոց, ծտի ծվծվոց ու ագռավի կռկռոց… Ախպեր, ասաց, սա մեր տեղը չի… Էկեք իջնենք Թիֆլիս, մի ժողովրդական տեղ գտնենք… Իջանք Քռի ափ՝ մի վետերոկատիպի ռեստորան:

Կրկին մենք էինք՝ Հադին, Հյուդին, Չատին, Մատին, ես ու իմ հոգեառ ընկերը՝ Փողով Օհանը (նրա վարորդին էլ չհաշված, թեեւ նման դեպքերում ամենակարեւոր գործը վարորդին էին վստահում): Էս էն սուտլիկ տեղն էր, որից Քռի ափին երեքը կար: Էրկուսը մեռած էին, իսկ մյուսում բոլորովին մարդ չկար: Էս անմարդ տեղը դիրք գրավեցինք: Բայց հո երաժշտություն չկա՜ր… Կլարնետ էր, դուդուկ, ակորդեոն, զուռնա ու դհոլ… Գնա՝ գալիս եմ… Էդ անմարդ ռեստորանի դռները փակեցինք ու զուռնա-դհոլի ձենն ականջներիս կապեցինք… Դոլար էր, որ ձյունի պես փափուկ իջնում էր հատակին. եւ տեղ-տեղ դոլար տեղայր ի խնջույքի Լեւոնի… Եվ գետինը կանաչում էր, դալարում էին մեր սրտերը, մեր հոգիներում նոր գարուն էր բացվում… Կերակուր էր, որ բերում էին, գինի էր, որ հոսում էր… Լագաններով բերում էին՝ լագաններով ուտում էինք, գինին էլ՝ «Ախաշենի», «Կինձմարաուլի», «Մուկուզանի», «Սապերավի», «Նապարեուլի», «Թբիլիսուրի», «Կախեթի»… Քռի պես հոսում էր, գալիս՝ Կասպից ծովի պես գոլ տալիս մեր գլոբուս ստամոքսներում: Էդ ամենը տեղավորել էր պետք, հարել ու զանգել էր պետք, դրա համար էլ պարում էինք… Էն ժամանակ Նիկոլ չկար՝ մեզ դուխ տվողն Օհանն էր ու Օհանի շաբաշները: Որտեղից որտեղ երկու վրացի ներս ընկան․ բարդու պես ձգված, վրնջան նժույգների պես ատամները շողացնելով՝ ոտնաթաթերի վրա կատաղի պտույտներով աճարեուլի էին պարում: Մենք էլ նրանց շուրջը թեւներս քշտած, բռունցքներս լեզգիավարի կեռ տված՝ իծանուկի էինք տալիս. Օհանը՝ շատ, ես՝ քիչ… Խանգարող հանգամանք ունեի: Հատուկ միջազգային մրցանակ ստանալու համար հագած կոստյումիս շալվարի փողքերը երկար էին ու անհարմար, եւ ամեն ցատկիս հետ էդ երկար ճտքերը հայտնվում էին կրունկներիս տակ՝ ցած քաշելով շալվարս, դրա հետ միասին լուրջ սպառնալիք ստեղծելով՝ բացահայտելու Աստծո անհայտ պարգեւս, որն ամենեւին էլ բոլորի համար չէր: Էդ շնորհն իմն էր, էս է, շուրջ կես դարից ավելի է՝ սուրբ-սուրբ արած՝ պահում եմ անդրավարտիքիս տակ: Սուրբ եմ ասում, որովհետեւ այն առանց կնոջս գիտության դեռեւս օգտագործած չկամ: Օհանը, ճիշտ է՝ պարով, շախով-շուխով ինձ կրում էր, բայց էն էրկու վրացուն հաստատ կրվում էր: Եվ զուռնան փչեց կոխի եղանակ, ու Հադին, Հյուդին, Չատին ու Մատին իրարով անցան: Թունդ առավ Օհանի սիրտը: Մին էլ էն տեսանք՝ Օհանը սեղանի գլխին է․ վրացական խանչալը ձեռին՝ բզիկ-բզիկ էր անում նոփ-նոր կարված կոստյումը, վերնաշապիկը… Սեղանի գլխին հայավարի, վրացավարի, լեզգիավարի որ շատ պարեց ու ճղճղատեց շորերն ու մարմինը, էն էրկու վրացին չքվեցին, ասես չէին էլ եղել… Հրապարակում կարմիր շապիկով պրոֆեսոր Խաչիկյանն էր… Էդպես որ շատ կերանք ու խմեցինք, աճարեուլի ու իծանուկի տվեցինք, խանչալները հանած՝ գրավեցինք բարձր սեղանները… էդ ամենից հետո Օհանն իր փափուկ բարիտոնով ինձ դիմեց.

-Ջավախյան ջան,- ասաց,- սիրտդ էլ ի՞նչ է ուզում:

-Քռի ջուր,- ասի:

Քուռն էլ վարարած էր ու խիստ պղտորված: Թե նրա դեղին ջրերում ես ինչ երջանկություն էի փնտրում՝ Աստված գիտեր: Բայց մի բան էլ կար, որ Աստծուց զատ նաեւ Օհանին էր հայտնի: Առավել ստույգ՝ Օհանին ու իր վարորդին: Ամեն դեպքում, իմ սրտի ուզածն ու Օհանի ուզածը հեչ իրար չէին բռնում: Ուշ գիշերին, թե ոնց ենք հյուրանոց հասել՝ դժվարանում եմ պատմել: Ուժ չէր մնացել անգամ հագուստը հանելու համար: Էդպես էլ շորերով ինձ գցեցի անկողին: Ո՛չ տզում էի, ո՛չ էլ մզում, բայց էն եմ հիշում, որ դուռը թակում էին: Ինձ թվում էր՝ երազում եմ: Թակոցները գնալով ահագնանում էին, մերթընդմերթ այն միջարկվում էր տղամարդու ձայների, կանացի կոշիկների սուր կրունկների բախյունի, մատների ճանկռոցի: Այդ ձայները, տարրալուծվելով երազային մղձավանջի մեջ, աստիճանաբար մարում էին՝ արջի քուն բերելով ջախջախված մարմնիս: Արեգակի շողերի հետ ծույլ-ծույլ ճմլկոտվելով՝ բացվում էր առավոտը: Ինչպես ճակատամարտից հետո՝ ճղճղատված շորերից, ուռցորված դեմքերից, սեւ-սեւ աչքերից ու կապտած աչքատակերից կամաց-կամաց երեւան էին գալիս խնջույքի աղետալի հետքերը: Հոգնած էինք, թուլացած, ջախջախված, ասես մի անտառ փայտ էինք հատել: Թեթեւ գլխապտույտ ունեինք, ցնորված ուղեղ: Երեկվա այրվող դիրքերն այսօր կապույտ մուժով մխացող ռազմադաշտի էին նման: Բոլորս ներկա էինք, բացի Օհանի վարորդից: Էդ պահին ամենակարեւոր դեմքը նա էր: Թե չէ՝ մեզ ո՞վ էր ետ բերելու: Սպասեցինք կես ժամ, մեկ ժամ, երկու ժամ… Վարորդը չկար ու չկար… Բոլորս անհանգստանում էինք, երեւի թե՝ բացի Օհանից… Բեղի տակ գողտու ժպտում էր… Դա մեզ փոքր-ինչ գոտեպնդում էր: Ուրեմն տագնապելու կարիք չկա: Երեք ժամ անց սեւ, պլպլան լիմուզինը եկավ: Մեջից դուրս եկած վարորդն ակնհայտորեն հյուծված էր ու լլկված: Կարմիր բողկի նման առույգ էն տղուց բան չէր մնացել, հյութը միջից քամած ճլորած ցողունի էր նման: Մեր քութիկի օրն էր ընկել՝ ականջները կախ, դեղնակոթած, լեզուն բերանից անուժ կախ գցած… Օհանը գողտու ժպտում էր: Հետո իմացանք եղելությունը: Գիշերը թեժ էր եղել: Մթին հրաբխի պես ժայթքել էր: Թուլությունն ու դալկությունը գիշերվա ժայթքած հրաբխի արդյունք էին, որ գորշ մոխրի պես իջել էին դեմքին: Էն, որ դուռը կոտրատում էին, սուր-սուր կրունկներով կտկտացնում ու ճանկռոտում, պարզվում է, որ ինձ համար էին անում: Էն էլ էդպես՝ համառ ու երկար… Ի վերջո տեսնելով, որ ինձնից Պողոս-Պետրոս դուրս չի գալու, ջառմեն շոֆերն էր քաշել… Շեֆի պատվերը սրբորեն էր կատարել, բացի մի փոքրիկ հանգամանքից: Շատ էր փնտրել, բայց թրքուհի մարմնավաճառ չէր գտել. ճարը կտրած՝ ղազախ էր ձեռք գցել: Պուտանկեն պուտանկա է, կարեւորն էն էր, որ մուսուլմանկա էր… Էդպես էլ կյանքիս մեջ երկու անգամ լեւի գնացի ու էդպես էլ փուչ մնացի… Հիմա, որ տարիների հեռվից ետ եմ նայում, որքան անիրական է թվում թուրք աղջիկը, նույնքան անիրական է դառնում եւ ադրբեջանական մրցանակս, թեեւ ռուսերեն եւ անգլերեն գրված ու կնքված՝ դարակումս գցած է: Պատվոգրի հետ այնտեղ՝ նույն դարակում է նաեւ դոլարների ծրարը… Դատարկ-դատարկ… Եվ դատարկ է յուրաքանչյուր մրցանակ, քանզի ապրում ենք սին կյանքով՝ պատերազմի եւ ունայնության մեջ:

Ամեն դեպքում, ժամանակին կատուն ճոն էր… Նոր ժամանակներ են գալիս: Կյանքն ինձնից առաջ է անցնում: Ժամանակի միջից իմ անունը՝ ավազի հատիկի պես, աննկատ իջնում է ցած: Որքան էլ ես գրում էի կոռուպցիայի եւ անարդարությունների դեմ, եւ որքան էլ նոր իշխանություններն իմ հին բարեկամներն են, այնուամենայնիվ, այն ժամանակ ես ավելի հարգի էի: Կոռուպցիայի հետ իմ աստեղային պահն էլ անցավ… Մնում է պատերազմները, թշվառությունը, թշնամանքն ու ատելությունն անցնեն…

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

Մեկնաբանություն
X