Լրջանալու պահը

Այս օրերին բոլորս ուշի ուշով հետեւում ենք նոր իշխանությունների վարքուբարքին։ Երիտասարդ իշխանավորները, որոնք «ս կառաբլյա նա բալ» տարբերակով հրապարակից ու փողոցներից հայտնվեցին բարձր իշխանական կաբինետներում եւ թանկարժեք մեքենաների մեջ, ծանր փորձությունների շրջան են անցնում։ Նրանք դեռ հոգեբանորեն չեն հարմարվել նոր իրողություններին՝ դեռ իրենց իշխանություն չեն զգում, դեռ չի մարել հեղափոխության մարտիկներին համակած միանգամայն հասկանալի էյֆորիան ու հաղթանակի բերկրանքը, բայց նաեւ ինչ-որ պարտականությունների բեռ է դրվել իրենց ուսերին։ Անսովոր ու ծանր բեռ։

Ի՞նչ անել, ինչպե՞ս պահել քեզ, ի՞նչ բառամթերքով հանդես գալ հանրության առաջ եւ ի՞նչ չափաքանակով։ Երեկվա փորձագետը կամ պարզապես ընդդիմադիր գործիչը ստիպված է հարցազրույցներ տալ եւ հայեցակարգային թեզեր շարադրել, պատասխանել իրեն վստահված ոլորտի խնդիրների լուծման մասին ոչ դյուրին հարցերին, բարդ թնջուկների լուծման իր տեսլականը շարադրել, երբ ընդամենը օրեր առաջ քայլում էր փողոցում, երգում էր կամ պառկում ավտոմեքենաների անիվների տակ։ Ընդդիմադիրի շապիկը պաշտոնյայի շապիկով փոխարինելը դեռ չի նշանակում համակերպվել, որ քեզ այլեւս պետք է քննադատեն, ընդ որում, քո կարծիքով՝ երբեմն անարդարացիորեն։ Դա է պատճառը, որ նոր իշխանություններն ավելի շատ զբաղված են իրենց մասին թյուր կարծիքները փարատելով եւ սխալ տեղեկատվությունը հերքելով․ չէ՞ որ իշխանություն լինելը նաեւ բացասական կողմեր ունի։

Նրանք մանուկների նման նեղանում են ու զայրանում, ժամանակին՝ գործընկեր, այժմ հակառակ դաշտում հայտնված լրագրողներից խռովում։ Եվ ոչ մի կերպ չեն կտրվում ֆեյսբուքներից, որտեղ սովոր էին գիշերներ լուսացնել։ Բայց եկել է լրջանալու եւ հասունանալու պահը։

Մեկնաբանություն
X