Աշակերտներն առաջ են ընկնում դպրոցից, դպրոցը չի հասնում նրանց հետեւից

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հանդիպել է «Մանմար», «Էդիթ պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արեւիկ», «Ոսկան Երեւանցի», «Լույս», «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ։ Նախարարն առաջարկել էր հրատարակչությունների ղեկավարներին ներկայացնել իրենց մոտեցումները՝ դասագրքերի բովանդակության եւ որակի բարելավման մասին, քանի որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն, որ դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դասագրքերի պատվերների ձեւավորման գործընթացում պետք է առավելագույնս ապահովվի մրցակցային դաշտը եւ բացառվի որեւէ սուբյեկտիվ մոտեցում։ «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, ի պատասխան մեր հարցի, թե որոնք են եղել դժգոհությունները, ի՞նչ խնդիրներ են արծարծել հանդիպման մասնակիցները նախարարի հետ, արձագանքեց․ «Մենք էլ էինք սպասում այդ հանդիպմանը, բազմաթիվ հարցեր ունեինք՝ կապված դասագրքերի եւ՛ բովանդակության, եւ՛ տեխնիկական հարցերի հետ։ Պարբերաբար ժողովրդի մեջ առաջանում է դժգոհություն դասագրքերից, եւ այդ դժգոհության մեծ մասն օբյեկտիվ է։ Դասագիրքը պետք է լինի ժամանակին համահունչ, եւ որպեսզի դասագիրքը լինի համահունչ, նրա հրատարակման պարբերականությունը պետք է կրճատվի։ Օրինակ՝ 2010թ․ հրատարակված գիրքը չի կարող 2018թ․ լավը լինել։

Խոսքը «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքի մասին է, որը մի քանի տարի հետո ծրագրային ամբողջականության հետ միասին դառնում է ժամանակավրեպ։ Եվ որպեսզի փոխվի դասագրքերի որակը, պետք է փոխվեն առարկայական ծրագրերն ու չափորոշիչները։ Մենք հիմնականում դնում էինք այն խնդիրը, թե երբ են փոխվելու առարկայական ծրագրերն ու չափորոշիչները, որպեսզի ստեղծվեն ժամանակին համահունչ դասագրքեր։ Քանի որ հինգ տարին մեկ է դասագիրքը վերահրատարակվում, մենք մասամբ ենք կարողանում փոփոխություններ անել եւ մանկավարժական գիտության ժամանակակից նվաճումները չենք կարողանում արտացոլել դասագրքում։ Ամբողջ աշխարհի մասշտաբով կա այդ խնդիրը՝ դպրոցը չի կարողանում քայլել աշակերտների առջեւից, աշակերտներն են առաջ ընկնում դպրոցից։ Որպեսզի մենք կարողանանք առաջ անցնել աշակերտներից, մանկավարժության նորագույն մեթոդները պետք է ընդգրկենք եւ՛ դպրոցում, եւ՛ դասագրքերում։ Մենք քննարկել ենք այն խնդիրը, թե ինչպես անենք, որ հրատարակման պարբերությունը կրճատվի, դասագիրքը ոչ թե տպագրենք հինգ տարին մեկ անգամ, այլ՝ գոնե երկու, երեք տարին մեկ անգամ։

Օրինակ՝ «Ինֆորմատիկան», որ ամեն տարի կարիք ունի վերափոխման, միգուցե ընդհանրապես չտպագրվի, լինի նրա էլեկտրոնային տարբերակը, որպեսզի հրատարակիչը հնարավորություն ունենա նրա վրա ամեն տարի աշխատելու»։ Տարիներ շարունակ դժգոհություններ են հնչում, որ դպրոցական եւ բուհական դասագրքերում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության առանցքային իրադարձությունները ներկայացվում են կեղծված, պատմաբաններն ու լրագրողները բազմիցս ահազանգել են այդ մասին։ Հատկապես իշխանափոխությունից հետո կան ակնկալիքներ, որ այդ դասագրքերը կվերանայվեն։ «Այդ իրադարձություններն արտացոլվում են 9-րդ եւ 12-րդ դասարանների դասագրքերում, դրանք վերահրատարակվել են անցած կամ նախանցած տարի։ Հիմա մենք ուզենք թե չուզենք՝ պետք է օգտագործենք հին դասագրքերը։ Նոր դասագիրք չի հրատարակվում, որ նրա մեջ մտցնենք փոփոխություններ։ Այդ դասագիրքը կհրատարակվի երկու կամ երեք տարի հետո։ Դա հեղինակների խնդիրն է, պետք է այդ հարցերը քննարկել հեղինակային խմբերի հետ։ Հնարավոր է, որ հեղինակային խմբերը սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերել։ Բայց, ելնելով ինչ-որ անհատների կարծիքից, չեմ կարծում, թե ճիշտ է դասագիրքը գնահատելը։ Ես կարող եմ հրավիրել հեղինակային խմբերին, թող լրագրողներն էլ գան, ինչ հարցեր ունեն, թող ուղղեն հեղինակային խմբերին։ Եթե հեղինակային խումբը պատրաստ է պատասխանել հարցերին, թող պատասխանի։ Մենք դրանից դժգոհ չենք լինի, ընդհակառակը՝ դասագրքերը կշահեն դրանից, հեղինակներն էլ լուրջ կաշխատեն»,- առաջարկեց Սոկրատ Մկրտչյանը։

Մեկնաբանություն
X